ՌԴ-ն զգալի առաջընթաց է նկատում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ զգալի առաջընթաց են նկատում Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում։
ТАСС-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի միջոցով հանգամանորեն քննարկվում են Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։
Գոնչարն անդրադարձել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ հունիսի 2-ին կայացած հանդիպմանը Մոսկվայում։
«Արդյունքների համաձայն՝ կողմերը զգալի առաջընթաց են արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում, մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ», – ասել է վարչության տնօրենը՝ հավելելով, որ երեք երկրների ԱԳ նախարարների հուլիսի 25-ի հանդիպմանն այս թեման շոշափվել է, իսկ ՌԴ-ն տվյալ աշխատանքը նախագծային փուլ տեղափոխելու ցանկություն է հայտնել։
Գոնչարի խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է ապահովել, որ այս թեմայով «բոլոր պայմանավորվածությունները լինեն հավասար հիմունքներով»:
«Կողմերից ոչ մեկը չպետք է ունենա այն զգացումը, որ ինչ-որ մեկն ավելին է ստացել: Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, առաջին հերթին՝ երկաթուղային, կօգնի բացել Հարավային Կովկասի հսկայական տնտեսական ներուժը և հզոր խթան կհաղորդի եռակողմ աշխատանքի մյուս բոլոր ուղղություններին», – ասել է դիվանագետը։