Բաժիններ՝

Բելառուսը պատրաստ է ԱՊՀ 2-րդ խաղերի մեկնարկին

Մինսկը և բելառուսական մյուս 10 քաղաքները պատրաստ են ԱՊՀ երկրորդ խաղերի մեկնարկին:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ԱՊՀ 2-րդ խաղերի Կամզկոմիտեի ներկայացուցիչները՝ Բելառուսի սպորտի և տուրիզմի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Դորոխովիչը և նախարարի տեղակալ Ալեքսանդր Բարաուլյան նշում են, որ խաղերի զարդը կլինի օգոստոսի 5-ին կայանալիք բացման պաշտոնական արարողությունը:

«Հսկայական աշխատանք է կատարվել խաղերի անցկացման համար, և նախորդող օրերին մարզահամալիրներում փորձնական մրցաշարեր են անցկացվել` հասկանալու համար, թե որքանով են ենթակառուցվածքները պատրաստ ընդունելու սպորտային իրադարձությունը: Մեծ հպարտությամբ և ուրախությամբ ենք ընդունում տարբեր երկրների պատվիրակներին»,-ասել է Բելառուսի սպորտի և տուրիզմի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Դորոխովիչը:

Ալեքսանդ Բարաուլյան էլ ընդգծել է, որ բացման արարողությունը տպավորելու է ներկաներին և խաղերի մասնակից մարզիկներին:

«Հանդիսականին շքեղ և տպավորիչ շոու է սպասվում: Մեր նպատակն էր ներկայացնել բելառուսական մշակույթի խորությունն ու ներկայացնել ժամանակակից և սպորտային Բելառուսը»,-ասել է նա:

Բելառուսի Հանրապետությունում օգոստոսի 4-14-ը կանցկացվեն ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում: ԱՊՀ երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Մինսկի մարզամշակութային համալիրում` «Մինսկ-Արենայում»:

ԱՊՀ 2-րդ խաղերը կանցկացվեն Բելառուսի տարբեր շրջանների 11 քաղաքներում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում: Մասնավորապես, մրցումները կանցկացվեն Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը կչափեն ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս