Ավստրիայի և Սլովակիայի հայերի ցույցը Վիեննայում ԵԱՀԿ գրասենյակի դիմաց
Օգոստոսի 3-ին ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակի դիմաց խաղաղ պահանջատիրական ցույց է կազմակերպվել Արցախի Հանրապետության` Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը բացելու, հումանիտար ճգնաժամին վերջ տալու պահանջով։
Թիրախավորվել են` հումանիտար ահագնացող իրավիճակը Արցախում, Ադրբեջանի կողմից անօրինականորեն բլոկադային իրավիճակի ստեղծումը, 120 հազար մարդու պատանդ պահելու փաստը, բազմաթիվ մարդու իրավունքների ոտնահարումը, Ադրբեջանի ոչ իրավական, անօրեն գործողությունները։
ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ: Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ, այդ պատճառով բողոքի ակցիայի վայր էր ընտրվել Heldenplatz-ը՝ ԵԱՀԿ հիմնական գրասենյակի հրապարակը։
Հավաքի ժամանակ հասցեագրվել են բոլոր միջազգային կազմակերպությունները, կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել ընդդեմ դիկտատոր ռեժիմ, ստիպել Ադրբեջանին վերջ տալ անօրինական բլոկադային` այդպիսով կանխելով ահագնացող արհավիրքը։ ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակին պաշտոնապես նամակ է հանձնվել համապատասխան պահանջներով և տեղեկություններով։
Անտեղյակ անցորդներին բաժանվել են Արցախի պատմության և Կյանքի ճանապարհի վերաբերյալ 400 ինֆորմացիոն թերթիկներ։
Թեկուզ չնչին դրական արդյունքի համար բոլորս պետք է պատրաստ լինենք գործադրելու տիեզերական ջանքեր։
Հավաքի կազմակերպիչներ`
Հայ Դատի Վիեննայի հանձնախումբ
Հասմիկ Հովակիմյան
Ավստրիայի և Սլովակիայի հայեր։