Երևանում ընտրողների թիվը նվազել է. ԿԸՀ նախագահ
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջադրումները սկսվել են օգոստոսի 3-ից, այս պահի դրությամբ դեռ որևէ ուժ հայտ չի ներկայացրել:
Այս մասին օգոստոսի 3-ին կայացած ասուլիսում նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող ընտրողների քանակը հուլիսի 14-ի դրությամբ կազմել է 823 559: Նախորդ ընտրություններում այդ թիվը եղել է 848 հազար:
«Այսինքն` անցած 5 տարիներին ընտրողների թիվը նվազել է»,- հայտարարեց Վահագն Հովակիմյանը՝ որպես պատճառ ներկայացնելով 2021 թվականին Ընտրական օրենսգրքում փոփոխություններից հետո ընտրական ցուցակները մաքրվել են։
Վահագն Հովակիմյանը նաև նշեց, որ սեպտեմբերի 17-ին սպասվող ընտրություններում կուսակցությունների առաջադրման առցանց գործիքակազմը ԿԸՀ-ն համալրել է նոր գործիքներով:
«2022-ից ԿԸՀ-ն գործարկել էր օգտահաշիվներով ընտրական ցուցակները կազմավորելու հնարավորություն: Այլևս համացանցի միջոցով են կազմակերպվելու նաև գովազդային վահանակների հայտերը: Ինչպես գիտեք, 5 քմ-ն գերազանցող գովազդային վահանակները բաշխվում են քաղաքական ուժերի միջև վիճակահանությամբ: 2021-ի փոփոխություններով վիճակահանությամբ բաշխվող պլազային վահանակների շարքին էին ավելացել նաև վերելակներում, տրանսպորտի կանգառներում և մետրոպոլիտենի տարածքում տեղադրված վահանակները»,- նշեց նա:
Նախկինում կուսակցությունները թղթային տարբերակով ներկայացնում էին ցուցակներում ընդգրկված անձանց հայտարարագրերը և կրիչով էլ ներկայացնում էին էլեկտրոնային տարբերակները: Վահագն Հովակիմյանը ընդգծեց, որ այժմ կուսակցություններն իրենց օգտահաշիվների միջոցով հնարավորություն են ունենալու թեկնածուների տվյալներին կցել նաև տվյալ թեկնածուի հայտարարագիրը:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին: