Բաժիններ՝

Հարուստ խոհանոց՝ ինքնատիպ ուտեստներով. Սյունիքում կանցկացվի «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում օգոստոսի 10-ին կանցկացվի «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ փառատոնը ներկայանալու է բավական հագեցած ծրագրով։

«Մեզ հաջողվում է այն դարձնել ավանդական և շատերի համար սպասված փառատոն։ Այն տարածաշրջանային ինքնատիպ զբոսաշրջային արդյունք է։ Այն կարևոր գործոն է հետկորոնավիրուսային շրջանում վերաձևավորվող զբոսաշրջային համաշխարհային շուկայում հոսքը դեպի մեզ ուղղորդելու առումով։ Այս միջոցառումը շատ կարևոր է մշակութային ժառանգությունը, խոհանոցը հանրահռչակելու, հայ-իրանական բարեկամության արդյունքներից մեկը ներկայացնելու առումով»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու առումով Հայաստանի համար Իրանը կարևոր գործընկեր է։ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ Իրանը թիրախային շուկաներից է, որտեղից զբոսաշրջիկներ ներգրավելու տեսանկյունից նպատակային աշխատանք է կատարվում։

«Իրանը մեզ համար կարևոր շուկա է, այս փառատոններն օգնում են, որ ավելի հետաքրքիր մթնոլորտ ստեղծենք Հայաստանում ու ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավենք Իրանից։ Փառատոնի համար նախորդ տարին շատ հաջող է եղել, բավական մեծ թվով այցելուներ է ունեցել։ Նույնը և մի բան էլ ավելի ակտիվություն սպասում ենք այս տարի։ Ես ինքս ծնվել եմ Իրանում ու շատ լավ ճանաչում եմ իրանական խոհանոցը, բավական համեղ ուտեստներ ունեն։ Այնպես, որ առաջարկում եմ այցելել Սիսիան քաղաք ու անձամբ համոզվել»,-ասաց Սիսիան Պօղոսեանը։

Իրանական խոհանոցի համեղ ուտեստների պակաս փառատոնին չի լինելու։ Դա հավաստիացրեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականի պաշտոնակատար Մոհամմադ Ալի Քիանին՝ հավելելով, որ թե խոհանոցային, թե մշակութային միջոցառումների բազմազանությունն ապահովված է լինելու։ Նա խորհուրդ տվեց անպայման համտեսել ղորմեսաբզի (կանաչի, լոբի, միս), ինչպես նաև ֆեսենջուն (պոպոք, միս, նռան մածուկ)։

«Փառատոնին մեզ հատկացվել է 20 տաղավար։ Մենք ամեն ինչ արել ենք որակյալ մասնակցություն ապահովելու համար։ Ներգրավել ենք ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում բնակվող իրանցի խոհարարներին։ Նպատակ ունենք տեղացիներին ներկայացնել, որ այստեղ նույնպես կա իրանական խոհանոցային շուկա»,-ասաց Մոհամմադ Ալի Քիանին։ Նա տեղեկացրեց, որ նպատակ կա նման փառատոն կազմակերպել նաև Իրանում, այժմ քննարկվում են միջոցառման անցկացման վայրի ու ժամկետների հարցը։

Կարևորելով իրանցի գործընկերների հետ աշխատանքը՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ երկուստեք կա տրամադրվածություն ընդհանուր զբոսաշրջային արդյունք ստեղծելու ու աշխարհին ներկայանալու համար։

«Մենք ներկայացնելու ենք Նավասարդ տոնի տոնածիսական կերակրատեսակները։ Գլխավոր զարդը լինելու է Նավասարդի հարիսան, այլ տարբերակով կոչվում է քաշիկա կամ կորկոտ։ Մենք նաև խոհարարական մրցույթ ենք կազմակերպելու, ժյուրիի կազմում լինելու են հայաստանցի ու իրանցի մասնագետները։ Մրցանակների են արժանանալու «Լավագույն համ», «Լավագույն մտահաղացում», «Լավագույն տեսք» անվանակարգում հաղթողները, ինչպես նաև լինելու է գլխավոր մրցանակ»,-ասաց Սեդրակ Մամուլյանը։

Մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվեն երգ, պար, երաժշտություն, արվեստի գործեր, արհեստագործական արտադրանք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս