Մարդասիրական իրավունքի խախտումների համար Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի․ դեսպան Բրաունբեք
Ամերիկյան քաղաքական գործիչ Սեմ Բրաունբեքը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավունքի խախտումների համար Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի։
Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ նախկին դեսպան և նախկին սենատոր Բրաունբեքը մտավախություն է հայտնել, որ իրավիճակը կարող է է՛լ ավելի վատթարանալ։
«Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների համար իրավիճակը գնալով ավելի է վատթարանում։ Լաչինի միջանցքը փակ է՝ չնայած այն բաց պահելու պայմանավորվածությանը։ Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի մարդասիրական իրավունքի խախտումների համար, քանի դեռ ամեն ինչ է՛լ ավելի չի վատթարացել», – գրել է Բրաունբեքը։
Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը։ 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը․ սկզբնական շրջանում դա արվել էր բնապահպանական կեղծ ակցիայի միջոցով, իսկ միջանցքի երթուղին փոխելուց հետո Ադրբեջանն ապօրինի անցակետ տեղադրեց այնտեղ՝ արգելափակելով մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը։ Մինչև 2023 թվականի հունիսի 15-ը միջանցքով սահմանափակ քանակով մատակարարումներ, այնուամենայնիվ, իրականացվում էին ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, սակայն հունիսի 15-ից հետո Ադրբեջանն ամբողջովին արգելափակել է միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղը զրկվել է հումանիտար մատակարարումներից, այնտեղ կա սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի պակաս։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զրկել է նաև գազից և էլեկտրաէներգիայից։ Հայաստանի և Արցախի ղեկավարությունը իրենց հայտարարություններում բազմիցս ահազանգել են, որ Ադրբեջանը էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։