Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար օգնությունն արդեն վեցերորդ օրն է որևէ կերպ չի մոտենում իր վերջնանպատակին

Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը և թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որտեղ հումանիտար լուրջ ճգնաժամ է՝ Ադրբեջանի կողմից միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հուլիսի 31-ին լրագրողների հետ զրույցում Հայաստանի փոխվարչապետի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում ձևավորված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշեց, որ հուլիսի 26-ից մինչ օրս հումանիտար ուղեբեռն տեղից չի շարժվել և որևէ կերպ չի մոտեցել իր վերջնանպատակին:

«Ցավով պետք է արձանագրեմ, որ հումանիտար ուղեբեռն արդեն վեցերորդ օրն է որևէ կերպ չի մոտեցել իր վերջնանպատակին: Դրա նպատակը բարդ հումանիտար իրավիճակում գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավիճակը որևէ կերպ մեղմելն է: Լեռնային Ղարաբաղում այս օրերին մենք ականատես ենք լինում, թե ժողովուրդն ինչ զրկանքների միջով է անցնում՝ պայմանավորված գրեթե 8 ամիս տևող ճգնաժամով: Ականատես ենք լինում նաև հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, տարեցների, հղի կանանց, տարբեր քրոնիկ հիվանդություններով տառապող և հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված տարբեր միջադեպերի, որոնք ուղիղ հետևանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինբաբար փակման: Մինչդեռ այս բեռնատարներում գտնվող սնունդը, առաջին անհարաժեշտության իրերը, դեղորայքը կարող են կյանքեր փրկել կամ առնվազն մեղմել այն իրավիճակը, որն այժմ տիրում է Լեռնային Ղարաբաղում»,- նշեց նա:

Սարգսյանը հույս հայտնեց, որ մարդասիրական նախաձեռնությունը կհասնի իր վերջնանպատակին և հումանիտար ուղեբեռներն օր առաջ կտեղափոխվեն Լեռնային Ղարաբաղ:

Տեսանյութեր

Լրահոս