Պուտինը պատրաստվում է բանակցել Էրդողանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաջորդ չորեքշաբթի հավանական է հեռախոսազրույց ունենա իր թուրք գործընկեր Էրդողանի հետ։
Պատասխանելով այս տարվա օգոստոսին Թուրքիա իր այցի հնարավորության մասին՝ Պուտինն ասել է. «Չգիտեմ, պայմանավորվել էինք, որ կհանդիպենք. կամ նա մեզ մոտ կգա, կամ ես կայցելեմ նրան։ Նա ինձ հրավիրել էր Թուրքիայում ընտրություններից առաջ, բայց որոշեցինք, որ ավելի լավ է դա չանել, որպեսզի ոչ ոք այս թեմայով շահարկումներ չանի»։
«Ընտրություններից մեկ կամ մի քանի շաբաթ առաջ այցը կարող էր դիտվել որպես ներքաղաքական գործընթացների վրա ազդելու փորձ. ո՛չ նրան, ո՛չ ինձ դա պետք չէ։ Եվ մենք որոշեցինք հետաձգել մեր հանդիպումը, տեղեկացնում է INTERFAX-ը։ Բայց մենք այդպես էլ չպայմանավորվեցինք՝ կամ մեզ մոտ, կամ նրանց մոտ, տեսնենք»,- պարզաբանել է ՌԴ ղեկավարը։
Պուտինը նշել է նաեւ, որ Թուրքիայում գազային հանգույցի հարցը մնում է օրակարգում։
«Ես ուզում եմ հստակեցնել՝ սա նավթ կամ նավթի պահեստ չէ, սա գազ է։ Սա գիտենք և՛ մենք, և՛ մեր թուրք ընկերները։ Խոսքը էլեկտրոնային առևտրային հարթակի ստեղծման մասին է։ Մենք չենք պատրաստվում այնտեղ հսկայական քանակությամբ գազ մթերել։ Պարզապես դա հարմար վայր է էլեկտրոնային առևտրի հարթակ կազմակերպելու համար, քանի որ Թուրքիան դարձել է տարանցիկ երկիր Եվրոպայի համար, և, սկզբունքորեն, նրա դերը, որպես տարանցիկ երկիր, մեծանալու միտում ունի»,- ասել է պետության ղեկավարը։