ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում ստեղծված «կանխամտածված և հաշվարկված» ճգնաժամը լուծելու ուղղությամբ
ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները հայտարարություն են տարածել՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անվանելով էթնիկ զտում և միջազգային հանրությանը կոչ անելով «անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ Ալիևի վարչակարգի կողմից Լաչինի միջանցքի երկարամսյա արգելափակմանն արձագանքելու ուղղությամբ»։
Հայտարարությունում կոնգրեսականները ներկայացնում են Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված մարդասիրական լուրջ ճգնաժամը՝ միջազգային հանրությանը քննադատելով անգործության համար։
«Միջազգային հանրությունը չափազանց երկար է մի կողմ քաշված հետևել, թե ինչպես է այս ճգնաժամը սրվել մինչև կրիտիկական կետ, երբ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր ներկայում վտանգի տակ են: Մինչդեռ նախագահ Ալիևը ոչ մի հետևանքի չի բախվել Արցախում ապրող հայերին իրենց պատմական հողերից ստիպողաբար հեռացնելու իր դաժան արշավի համար», – նշված է հայտարարությունում:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները նաև միջազգային հանրությանը և ԱՄՆ նախագահի վարչակազմին այս «կանխամտածված և հաշվարկված» ճգնաժամը լուծելու կոչ են անում։
«Սա էթնիկ զտման սահմանումն է։ Միջազգային հանրությունը պետք է օգտագործի բոլոր առկա դիվանագիտական գործիքները՝ դադարեցնելու շրջափակումը, բացելու այս կենսական կյանքի ճանապարհը և կանխելու աղետալի հումանիտար ճգնաժամը: Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին անհապաղ գործել և օգնել՝ խաղաղ ավարտին հասցնելու այս կանխամտածված և հաշվարկված ճգնաժամը», – ասված է հայտարարությունում։
Կոնգրեսականները նաև անդրադառնում են 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժմանը, որն արդեն իսկ հումանիտար ճգնաժամ էր առաջացրել՝ հանգեցնելով հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանման։
«Ադրբեջանական ուժերը շարունակում են հալածել, ձերբակալել և սպանել մարդկանց Հայաստանում և Արցախում, միևնույն ժամանակ կեղծորեն հայկական տարածքը հայտարարելով որպես իրենց սեփականը», – եզրափակել են կոնգրեսականները։