ԿԽՄԿ-ն հայտարարում է՝ հնարվորինս շուտ կայցելեն Վագիֆ Խաչատրյանին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հաղորդագրություն է տարածել Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման կապակցությամբ։ Առանց մանրամասներ հայտնելու միջազգային կառույցը միայն տեղեկացնում է, որ Լաչինի միջանցքով 15 հիվանդի տեղափոխելիս նրանցից մեկը «ձերբակալվել է»։ Թե ովքեր, ինչ հիմնավորմամբ, ինչպես են «ձերբակալել» բուժառուին, ԿԽՄԿ-ն չի պարզաբանում։
Փաստելով, որ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր միջազգայնորեն ճանաչված մարդասիրական մանդատի շրջանակներում Լաչինի միջանցքով մոտ 680 հիվանդներ են տեղափոխել, կազմակերպությունը հայտարարում է․
«Մենք աշխատում ենք թափանցիկ, մեր գործողությունները համակարգում ենք կողմերի հետ և գործում ենք բացառապես նրանց համաձայնությամբ։ Այսօր ևս այդպես էր»,- հայտարարել է ԿԽՄԿ-ն՝ հավաստիացնելով, որ «հնարավորինս շուտ կայցելեն կալանավորված հիվանդին և կապի մեջ են ընտանիքի հետ»։