Հավանաբար հենց Սնուփ Դոգն էլ համերգին կհայտարարի, որ Հայաստանում մարիխուանան օրինականացվում է․ Էդգար Բաղդասարյան
Այն ամենը, ինչ այսօր կատարվում է, ազգային նկարագրի խնդիր է, մենք պետք է ախտորոշում դնենք, որ ձերբազատվենք այս ախտից, բայց շարունակում ենք այստեղից-այնտեղից քաղաքական շահաբաժիններ կորզել։ Այս ամենի վերջը շատ վատ է լինելու, դժվար է ասել՝ ինչպե՞ս ենք առողջանալու, մենք հիմա սարսափելի հիվանդ ենք, և դա շոկային բացահայտում է։ Սա մշակութային խնդիր է, մենք երեսուն տարի շարունակ կրթությունն ենք տանուլ տվել, և այսօր անընդունակ ենք որևէ բան անելու։ Մի հաղթանակ ունեինք, դա էլ մսխեցինք։ Զբաղված ենք միայն իմիտացիայով։ Մենք չենք կարող կարեկցանք ունենալ, եթե դպրոցը, բուհը, անգամ ընտանիքն ու մյուս ինստիտուտները տապալված են։ Ի վերջո, կարեկցանքն ու ապրումակցումը կուլտուրա են։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:
«Տեսեք, թե ինչ են ցուցադրում մեր կինոթատրոններում։ Թվում է, թե դա ի՞նչ կապ ունի, բայց շատ ուղղակի կապ ունի՝ մշակույթը, արվեստը սերմանում են էմպատիայի հատիկները։ Իսկ մեր սպառողական հասարակության մեջ խանութպանի հայրենիքն իր խանութն է։ Չեմ ուզում հավատալ, որ Սնուփ Դոգի համերգի համար 23 մլն դոլար են ծախսելու, դա հանցագործություն է, որի համար շատ մարդիկ պիտի ճաղերի հետևում անցկացնեն։ Ի դեպ, մարիխուանայի օրինականացման կատարյալ պահ է, հենց Սնուփ Դոգն էլ թող հայտարարի, որ բարի լուրով է եկել՝ վերջապես թեթև թմրանյութերը Հայաստանում օրինականացվում են։ Որպես հայ կինեմատոգրաֆիստ, որը չգիտե՝ ինչ անել, որ ավարտի իր ֆիլմը, չեմ ուզում հավատալ այդ 23 միլիոն դոլարի հատկացմանը։ Սա հանցագործություն էլ չէ, սրիկայություն է»,- ասաց արվեստագետը:
«Որպես իմիտացիոն ֆոն՝ կենացների, պաթետիկ, ամպագոռգոռ տեքստերի շարան, սիրում ենք պետությունը, պատրաստ ենք կյանքը տալ, բայց այդ խոսքերը որևէ ուժ չունեն, գործնականում ի՞նչ կա։ Հայ մարդկանց մեծամասնությունն ունի իր պլան Բ-ն՝ պանդխտությունը՝ արտագաղթել դեպի ԱՄՆ, ՌԴ կամ այլ տեղեր։ Այսկերպ մենք չենք կարող պետություն պահել, քանի որ այն պիտի լինի արդար, որ սիրես։ Որևէ մեկին չես կարող ստիպել սիրել պետությունը։ Ես երկիրս շատ եմ սիրում, բայց այսօր պետությունս սիրելու բան չէ։ Սա պետք է անկեղծորեն խոստովանել։ Երկիրն իմ երկիրն է, իսկ կապիտալիստական, բանկային օլիգարխիայի, վարկերի, բուքմեյքերների կողմից ճնշված ժողովո՞ւրդը։ Պետությունը մարդուն վերաբերվում է՝ որպես թշնամի, որպես մի միջոցի, որի արյունն ու մյուս հյութերը պիտի քաշի նրանից։ Առաքելությունն էլ մեկն է՝ ոչ թե ներքին աշխարհը, անհատականությունը, այլ սպառողական հնարավորություններն ու գնողունակությունը»,- նշեց Բաղդասարյանը:
Կինոգործչի պնդմամբ՝ ուզենք-չուզենք՝ պետք է գնանք սոցիալական պետության, մարդուն պետք է պաշտպանել պետությունից, ոչ թե պետությունը պաշտպանել մեզնից. «Այսքան եվրոպական քաղաքակրթությունից են խոսում, բայց չէ՞ որ դա եվրոպական մտածողության բազիսն է։ Մարդուն է պետք պաշտպանել, և բարձր արվեստն էլ է դրանով զբաղված։ Փոքր մարդուն պետք է պաշտպանել այս մեքենայից, իսկ պետությունը բռնության մենաշնորհի տիրապետող մեքենա է։ Մենք չունենք այդ գիտակցությունը մեր մեջ։ Իշխանությունն ընդամենը բարելավում է իր կենցաղը, իսկ մենք կոտորվում ու բյուջե ենք լցնում։ Սրանք ոչ մի շնորհք չունեն, բայց լավ խոսում են, եկել են իշխանության և փոշիացնում են մեր հարկերը։ 23 մլն դոլար տանք Սնուփ Դոգին, երբ այստեղ հայկական մշակույթ կա, ավելին՝ մարդիկ են մահանում։ Այսինքն՝ մենք մեզ ենք ատում»:
«Նիկոլ Փաշինյանը մեր ալտեր-էգոն է։ Ցանկացած իշխանություն՝ աշխարհիկ թե հոգևոր, արտահայտում է այն, ինչ մենք մեզնից ներկայացնում ենք այս պահին։ Եթե մենք փոխվենք, մի հրաշքով, ավտոմատ ու անհասկանալի կերպով կփոխվեն նաև սրանք։ Հանրության մի քանի տոկոսն է ընդամենը ահազանգ հնչեցնում, վայնասուն դնում, փորձում հասկանալ, մյուսներն ինչո՞ւ չեն ընկալում, որտեղի՞ց եկան այդ մարդիկ։ Պատասխանն այդտեղ է, թե այդ ի՞նչ գենային ինժեներիա օգտագործվեց, որ նման անհայրենիք զանգված ստեղծվեց՝ զուրկ էմպատիայից։ Նրանց համար կարևորն այն է, որ իրենց խանութի դիմաց մաքուր լինի, վե՛րջ»,- ամփոփեց Էդգար Բաղդասարյանը: