Ցավոք սրտի, հատկապես Լեռնային Ղարաբաղում վերջին կոռուպցիոն բացահայտումների ֆոնին, մեր քաղաքացիների մոտ առաջացել են մտահոգություններ. Գևորգ Պապոյան
ՔՊ-ական Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական միջոցների նպատակայնության և արդյունավետության մասին։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր 2024թ. պետական բյուջեի ծրագրերը։ Առանձնահատուկ կարևորել եմ ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին տրվող գումարների նպատակային և արդյունավետ օգտագործման հարցը։
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիները (հարկատուները) պետք է վստահ լինեն, որ տրամադրվող գումարները ամբողջապես ծառայում են նպատակին, այն է Լեռնային Ղարաբաղի և ողջ նրա բնակիչների կարիքների լուծման համար։
Ցավոք սրտի, հատկապես Լեռնային Ղարաբաղում վերջին կոռուպցիոն բացահայտումների ֆոնին, մեր քաղաքացիների մոտ առաջացել են մտահոգություններ՝ կապված տրամադրվող գումարների արդյունավետ և նպատակային օգտագործման հետ։
Այս առումով խնդրել եմ ՀՀ ֆինանսների նախարարին մշակել համապատասխան կառուցակարգեր՝ դրանք վերահսկելու համար: Այդ կառուցակարգերում պետք է հստակ նշվեն, թե ինչի համար եւ որտեղ են ծախսվում այդ գումարները: Կարծում եմ ՀՀ Ազգային ժողովը ևս պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնի այդ ծախսերի արդյունավետությանը և նպատակայնությանը: Առաջիկայում թերևս անհրաժեշտ կլինի պահանջել որոշակի փաստաթղթեր դրա հետ կապված: Նշեմ, որ 2022 թվականի համար պլանավորված է եղել հատկացնել 144 մլրդ դրամ, սակայն իրականում տրամադրվել է 176 մլրդ դրամ: Ավելացման մի մասը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Լեռնային Ղարաբաղի գործընկերները խնդրել էին 2023 թվականի համար նախատեսված 144 մլրդ-ից 12 մլրդ-ը տրամադրել 2022 թվականի դեկտեմբերին եւ նրանց խնդրանքը կատարվել է: Այդ պատճառով 2023 թվականի համար նախատեսված միջպետական վարկը դարձել է 132 մլրդ: Սակայն Լեռնային Ղարաբաղի Կառավարության խնդրանքով և ՀՀ Կառավարության որոշումով արդեն իսկ այս տարվա առաջին կիսամյակում տրամադրվել է հավելյալ 20.4 մլրդ դրամ»։