Փաշինյանն Ալիևին հրավիրում է Արցախ..․ ցեղասպանության

Եթե մինչև 2018 թվականը Հայաստանի որևէ ղեկավար, անգամ որևէ վեցերորդական քաղաքական գործիչ հայտարարեր, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ պատերազմ սանձազերծելու դեպքում Հայաստանի զինված ուժերը չեն պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, նրան լավագույն դեպքում կգամեին ամոթանքի ու անարգանքի սյունին, իսկ ավելի հավանական է՝ կարճ ժամանակ անց դուրս կշպրտեին աշխատասենյակից։

Հիմա ժամանակները փոխվել են, փոխվել են ոչ միայն Հայաստանի ղեկավարները (որոնցից որևէ մեկի մտքով չէր անցնի նման հակաազգային, հակապետական հայտարարություն անել), այլ նաև դուրս շպրտողները, ովքեր հաշտ են Նիկոլ Փաշինյանի արցախահանձնման քաղաքականության հետ։ 

Նախիկում Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն էր, և արցախահայերի պաշտպանությունը հնարավոր պատերազմի դեպքում ՀՀ առաջնային պարտականությունն էր։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, հրաժարվել է ոչ միայն Արցախից, այլ նաև վերջինիս պաշտպանելու պարտավորությունից։ Ամեն ինչ միայն փողով չափող Նիկոլ Փաշինյանը Հայաստանի այդ պարտավորությունը պայմանականորեն գնահատել է տարեկան 150 միլիարդ դրամ։ Դա այն գումարն է, որ Հայաստանը հատկացնում է Արցախին և որի համար իր վերջին ասուլիսում ամենավերջին սիկայի պես «երեսով էր տալիս» Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Վերջինս ուղիղ չի ասում, բայց ուղղակիորեն հասկացնում է՝ «փողը տալիս ենք, ուզում եք՝ սմբուկ աճեցրեք, ուզում եք՝ անվտանգություն ապահովեք, մեզանից հեռու մնացեք»։

Որքան էլ գռեհիկ, սակայն հենց այդ տրամաբանությունն է ընկած Արցախի նկատմամբ Հայաստանի իշխանության, Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքի հիմքում։ Բայց այս դիրքորոշումը, հնարավոր պատերազմի դեպքում Արցախին չպաշտպանելու պաշտոնական հայտարարությունը ոչ միայն հակաբարոյական, հակամարդկային մանիֆեստ է, այլ նաև շատ կոնկրետ քաղաքական, ռազմաքաղաքական նշանակություն ունեցող, Ադրբեջանին ուղղված երաշխիք առ այն, որ վերջինս Արցախի ու արցախահայերի հետ կարող է անել այն, ինչ ուզում է։

Իսկ Ադրբեջանի ցանկությունների մասին շաբաթը մեկ հայտարարում է հենց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության յուրաքանչյուր նիստում ահազանգելով, որ Ադրբեջանը պատրաստվում է Արցախում էթնիկ զտում ու ցեղասպանություն իրականացնել։ Եվ ահա, երբ կողք կողքի ենք դնում նույն անձի կատարած այս երկու հայտարարություննները, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը՝ գիտակցելով Արցախում Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունները, միևնույն ժամանակ պաշտոնապես հրաժարվում է պաշտպանել արցախահայերին հնարավոր ցեղասպանությունից։

Դա, ըստ էության, գուշակելի էր 44–օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի իրականացրած քաղաքականությունից։ Բայց ըստ ամենայնի, Ալիևը նրանից պահանջել է Հայաստանի՝ Արցախին չպաշտպանելու մասին երաշխիքը հնչեցնել նաև հրապարակավ, ինչպես պահանջել ու ստացել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին Նիկոլ Փաշինյանի՝ ոչ միայն խորհրդապահական, այլ նաև՝ վերբալ հավաստիացումը։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն Ալիևին ըստ էության հրավիրում է Արցախ՝ էթնիկ զտում ու ցեղասպանություն իրականացնելու։

Հաշվի առնելով Փաշինյանների ընտանիքի՝ Ալիևներին Արցախ հրավիրելու դառը փորձը (Աննա Հակոբյանի՝ Մեհրիբան Ալիևային Շուշի՝ մուղամ լսելու հրավերից 1.5 տարին անց, Շուշիում ու Արցախի մեծ մասում մուղամ են լսում ոչ միայն Ալիևները)՝ Նիկոլ Փաշինյանի այս հրավերը սարսափելի հետևանքներ կարող է ունենալ։

Աստված պահապան Արցախին ու արցախահայությանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս