«Փաշինյանը երեկ կանաչ լույս է վառել Ադրբեջանի համար՝ Արցախի նկատմամբ հերթական ագրեսիան իրականացնելու». Մամիջանյան
Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բանակցային սեղանին չի լսել այնպիսի ուղերձ, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին: Մյուս կողմից, ըստ նրա, Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից չի երևում նման պատրաստակամություն:
Այնուհետև Փաշինյանն անհասկանալի է համարել այն դիրքորոշումները, որոնք հնչում են Ղարաբաղում, որ բացառում են այդ թեմայով քննարկումներն ու բանակցություններն Ադրբեջանի հետ: Փոխարենը՝ հիշատակման արժանի է համարել Արցախից հնչող այն ձայները, որոնք խոսում են երկխոսության անհրաժեշտության մասին:
Նշենք, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին մշտապես խոսում է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է Փաշինյանի՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին հայտարարությանը և նշել՝ ՀՀ ներկայացուցիչները հայտարարել են, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, ուստի Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների վերաբերյալ ցանկացած կոչ նշանակում է հետևյալը՝ Արցախից ասում են՝ բլոկադայի մեջ են, հաց չունեն, երեխաներ են մահանում, իսկ պաշտոնական Երևանն ասում է՝ գնացեք Բաքվին դա ասեք:
Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հերթական անգամ պնդել էր նաև, որ աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չի ճանաչել Ադրբեջանի մաս, այդ թվում՝ 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018 թվականներին:
«Այլ բան, որ մենք այս իրողության հետ առերեսվե՞լ ենք, թե՞ ոչ, և ո՞րն է եղել մեր դիրքորոշումը: Մենք ասել ենք՝ կապ չունի, որ ամբողջ աշխարհն այլ կերպ է ընկալում, մենք պետք է այլ կերպ վարվենք: Ինչ-որ փուլում ես էլ եմ գուցե այդպես արել, այդ տրամաբանության մեջ, բայց, ի վերջո, իրականությունը և իրողությունները մեզ դնում են կոնկրետ իրավիճակի և կոնկրետ ընտրության առջև: Եվ մեր խնդիրն այն է՝ ամեն ինչ անել, որ մեր հարգարժան զինվորի ծնողի կողմից այդպիսի հարցերի չարժանանանք»,- շարունակել էր նա:
Հայկ Մամիջանյանը սա համարել է բացարձակ սուտ:
«Նորից ասեմ, որը հաստատել են մեր միջազգային գործընկերները, մասնավորապես, Բորելն է խոսել սրա մասին, որ Փաշինյանն առաջին ՀՀ ղեկավարն է, որն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Իսկ նախորդիվ բոլոր դեպքերում, երբ խոսվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, որպես միավոր՝ ընկալվել են այն սահմանները, որով Ադրբեջանն անկախացել է ԽՍՀՄ-ից: Այսինքն, առանց Արցախի: Ուստի զուգահեռներ տանել այդ հայտարարությունների միջև, մեղմ ասած, դավաճանություն է: Ինձ մոտ կայուն տպավորություն է սկսում ձևավորվել, որ Փաշինյանն օրուգիշեր նստած գուգլ է անում, որպեսզի Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղքը բարդի ուրիշ մեկի վրա: Գտնում է ինչ-որ անհասկանալի փաստաթղթեր Պետդեպի, ինչ-որ զեկույցներ, ելույթներ, համանախագահ երկրների ներկայացուցիչների կողմից հրապարակային ելույթներ, և ասում է՝ դե ես ինչ անեմ, դա վաղուց իրականացված է: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ՝ եղել է 5 հայտարարություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների կողմից: Հիմա համադրեք՝ նախագահների 5 հայտարարություն և Պետդեպի ինչ-որ զեկույց, ակնհայտ է տարբերությունը, իսկ բոլոր հայտարարություններում Արցախի ինքնորոշման իրավունքը հստակ արձանագրվել է: Ավելին, պատերազմից հետո նույնպես եղել է ՌԴ նախագահի, Բորելի, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանի հայտարարությունները, որտեղ ընդգծվում էր ինքնորոշման իրավունքը: Մի քանի ամիս առաջ Գերմանիայի կանցլերն է խոսել ինքնորոշման մասին»,- շեշտել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:
Մամիջանյանն այս համատեքստում նշել է, որ ոչ ոք պատերազմ չի ուզում, և փորձել մեր արժանապատիվ գոյության պահանջները ներկայացնել որպես պատերազմի քարոզ, սովորական սրիկայություն է, և հիշեցրել Փաշինյանի երեկվա խոսքը, որ Արցախում հնարավոր պատերազմի դեպքում ՀՀ ԶՈՒ-ն չի օգնի և պաշտպանի արցախահայությանը, քանի որ այնտեղ կա ՊԲ:
«Փաշինյանը երեկ կանաչ լույս է վառել Ադրբեջանի համար՝ Արցախի նկատմամբ հերթական ագրեսիան իրականացնելու»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը:
Մամիջանյանը չի անտեսել նաև քաղբանտարկյալների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Փաշինյանի արձագանքը։
«Ես խոստանում եմ Աշոտյան Արմենի, գեներալ Խաչատուրովի, Մամիկոն Ասլանյանի և Փաշինյանի հալածանքներից տուժած բոլոր մեր քաղաքացիների ընտանիքներին, որ էն ցինիկ ժպիտը, ցինիկ ծիծաղը, որը երեկ տեսանք Փաշինյանի դեմքին, մենք իր դեմքից կմաքրենք: Եվ կմաքրենք մեկընդմիշտ, ես դա խոստանում եմ»,- վստահեցրել է Մամիջանյանը:
Նշենք, որ երեկ լրագրողը Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ հիշեցրել էր 2018 թվականից հետո կալանավորված գործիչների մասին՝ Մամիկոն Ասլանյան, Դավիթ Տոնոյան, Գրիգորի Խաչատուրով, Միքայել Արզումանյան, ապա արձանագրել, որ տարբեր շրջանակներ ունեն եզրահանգում, որ կալանքը քաղաքական ընդդիմախոսների պարագայում կիրառվում է՝ որպես պատժի միջոց:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նախ մի անեկդոտ էր հիշել Սպարտակի մասին, ապա հետաքրքրվել. «Ես ի՞նչ կապ ունեմ այդ ամեն ինչի հետ»:
Աշոտյանի հետ կապված՝ Փաշինյանը նաև ասել էր, որ «մարդը ԵՊԲՀ գումարները ծախսելով՝ իր համար գույք է ձեռք բերել, ուզո՞ւմ եք սա քննվի, թե՞ ոչ»:
Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է՝ սա պարզապես սուտ է:
«Իր քննչականի տարածածով տեսանելի է անգամ, որ այն գույքը, որը գնվել է, մինչ օրս նստած է ԵՊԲՀ բալանսին»,- նշել է նա՝ հավելելով, որ փաստորեն Փաշինյանը հերքել է ՔԿ-ին: