Փաշինյանը շնորհավորում է Աշոտյանի ծննդյան տարեդարձը և հարցնում՝ ի՞նչ կապ ունի ինքը կալանավորման հետ
«Շնորհավորում եմ բոլոր էն մարդկանց, ում ծննդյան օրն էսօր ա, շնորհավորում եմ»,- կալանավորված Արմեն Աշոտյանի ծննդյան օրվա մասին լրագրողի հիշեցմանն այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Իսկ լրագրողը Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ հիշեցրել էր 2018 թվականից հետո կալանավորված գործիչների մասին՝ Մամիկոն Ասլանյան, Դավիթ Տոնոյան, Գրիգորի Խաչատուրով, Միքայել Արզումանյան, ապա արձանագրել, որ տարբեր շրջանակներ ունեն եզրահանգում, որ կալանքը քաղաքական ընդդիմախոսների պարագայում կիրառվում է՝ որպես պատժի միջոց:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նախ մի անեկդոտ հիշեց Սպարտակի մասին, ապա հետաքրքրվեց. «Ես ի՞նչ կապ ունեմ այդ ամեն ինչի հետ:
Ասում են՝ Մամիկոն Ասլանյանը ընտրություններից հետո կալանավորվեց. ընտրություններից առաջ կալանավորվեր, պետք է ասեին՝ ընտրություններից առաջ կալանավորվեց: Հիմա, հարցն այն է՝ մարդը կատարե՞լ է արարք, որը ՔՕ պետք է հասցեագրվի, կալանքն էլ խափանման միջո՞ց է, թե՞ դատավճիռ»:
Նա հավելեց՝ նշյալ գործերի հետ կապված մեկնաբանություն չունի, բայց այլ մեկնաբանություն ունի՝ «ուզո՞ւմ ենք այդ դրվագը քննվի, թե՞ ոչ» հարցի շրջանակում.
«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո շատ քաղաքական շրջանակներ անձամբ ինձ մեղադրում էին Շուշին հանձնելու հարցով:
Եվ ես էլ այն ժամանակ ասում էի՝ Շուշիի հետ կապված դրվագը պետք է լիարժեք քննվի: Հետո երկար ժամանակ մարդիկ ասում էին՝ ինչ եղավ այդ քննությունը, Քննչական մարմիններն էլ ասում էին՝ դե, քննություն է, գնում է:
Հետո եղավ քննությունը, եկավ եզրահանգման, եղավ կալանավորված անձ: Հետո սկսեցին այդ անձին պաշտպանող հայտարարություններ, որին իմ ռեակցիան հետևյալն էր՝ ես չեմ հասկանում՝ Շուշիի անկման դրվագն ուզո՞ւմ ենք՝ քննվի, թե՞ չենք ուզում քննվի, թե՞ ուզում ենք՝ քննվի միայն այն դեպքում, եթե պարզվի, որ պոտենցիալ մեղադրյալը ես եմ»:
Մանրամասները՝ տեսանյութում