ԼՂ հայերի իրավունքների շուրջ Ադրբեջանի հետ բանակցելուն դեմ՝ ԼՂ-ից հնչող դիրքորոշումները հասկանալի չեն. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսին «Radar Armenia» լրատվական կայքի լրագրողը դիմելով նրան՝ նշել է, որ ուրբաթ օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ գրեթե համաժամանակյա խոսել են կողմերի կարմիր գծերի մասին, և եթե հանրագումարում դիտարկենք սա, կստացվի՝ կողմերի կարմիր գծերը միմյանց բացառում են փաստացի: Սա վերաբերում է մասնավորապես նրան, որ Հայաստանը պատրաստ չէ հրաժարվել ԼՂ հայության իրավունքների հարցից, իսկ Ադրբեջանը պատրաստ չէ անդրադառնալ դրանց, ինչը հիշեցնում է այն, որ ժամանակին հայկական կողմն առանց ԼՂ կարգավիճակի՝ խնդրի լուծում չէր պատկերացնում, Ադրբեջանն էլ դեմ էր դրան: Ըստ այդմ՝ մտավախություն կա՞, որ կարող ենք ունենալ պատերազմի սցենար, ի՞նչ պիտի անել նման զարգացումը բացառելու համար:
Այս հարցադրումներին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նախ շեշտել է՝ իրավիճակը ճիշտ է նկարագրված, և, որ պետք է կարողանանք դիրքավորվել և հարաբերվել այդ իրավիճակում:
«Բանակցային սեղանին ես չեմ լսել այդպիսի ուղերձ, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին: Մյուս կողմից՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից չի երևում նման պատրաստակամություն: Պետք է ընդգծել նաև, որ ինձ համար հասկանալի չեն դիրքորոշումները, որոնք հնչում են Ղարաբաղում, որ բացառում են այդ թեմայով քննարկումներն ու բանակցություններն Ադրբեջանի հետ»,- շեշտել է Փաշինյանը՝ միաժամանակ, հիշատակման արժանի համարելով Արցախից հնչող այն ձայները, որոնք խոսում են երկխոսության անհրաժեշտության մասին:
Նշենք, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին մշտապես խոսում է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Մանրամասները՝ տեսանյութում