Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հեռանալ

«Ընտրություններով»,- ի պատասխան «Ֆրանսպրեսի» լրագրողի հարցի՝ ինչպես է արդարացնում իր՝ իշխանությունը պահպանելը բոլոր աղետներից հետո, ասում է Նիկոլ Փաշինյանը:

Սա հայկական իրականության ամենամեծ մոլորությունը և, միևնույն ժամանակ, ամենասարսափելի ողբերգությունն է ու անարգանքը հայ հասարակությանը:

Փաշինյանի այս թեզը, «էլեկտորալ» արդարացումը մոլորություն ու խաբեություն է առաջին հերթին այն պատճառով, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես են եկել միանգամայն այլ, տրամագծորեն հակառակ թեզերով, քան այն, ինչ անում են ընտրություններից անմիջապես հետո ու հատկապես՝ վերջին շրջանում: 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը «պողպատյա մանդատ» է ստացել Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի, անջատում հանուն փրկության սկզբունքով Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման խոստումներով:

Կարճ ժամանակ հետո, սակայն, նա սկսեց իրականացնել այնպիսի արտաքին քաղաքականություն, որի տխրահռչակ արդյունքը դարձավ Արցախի ընդգրկմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն ու Արցախից գործնականում հրաժարումը:

Կարդացեք նաև

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ամենալկտի կերպով խաբել է հասարակությանը՝ մոլորեցնելով՝ խլել է նրանից իշխանությունը, և այդ իշխանությունն օգտագործելով՝ այսօր անում է այն ամենայնի հակառակը, ինչի համար ընտրություններում վստահության քվե է ստացել (ընտրությունների օրինականությունը, վարչական ռեսուրսի չարաշահմամբ կատարած կեղծիքները քննարկման այլ նյութ են):

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի էլեկտորալ մանդատը, որով նա արդարացնում է իր՝ իշխանությունը պահպանելը, միանգամայն բովանդակազուրկ է և կեղծ: Իրականում նա ոչ թե ժողովրդի իշխանության կրողն է, ինչպես ներկայացնում է, այլ ժողովրդից իշխանություն խլողը:

Այս թեզը՝ կեղծ ու մանիպուլյատիվ լինելով, մյուս կողմից՝ մեծագույն վիրավորանք ու նվաստացում է՝ ուղղված հայ հասարակությանը, որին Նիկոլ Փաշինյանն այս մեկ արտահայտությամբ իր հետ մեղսակից ու հանցակից է դարձնում Արցախին ու Հայաստանին իր իշխանության պատճառով պատուհասած բոլոր աղետների հարցում:

Նիկոլ Փաշինյանն իրականում ասում է, որ եթե այդքանից հետո հասարակությունը հանդուրժում է իրեն, նշանակում է «ժողովրդին հասնում ա»:

Միևնույն ժամանակ սա ուղերձ է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հեռանալ, եթե միայն նույն հասարակությունը գտնի իրեն իշխանությունից հեռացնելու ձևը: Սահմանադրակա՞ն, թե՞ ոչ, կարևոր է, բայց ոչ առաջնային ու որոշիչ: «Իմ քայլ»-ով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանին հեռացնելու քայլը հասարակությանն է, որը դեռևս գտնվում է իռացիոնալ բողոքից՝ անդարդ փառատոն/փարթիների հոգեվիճակում:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս