Օգտվելով Ռուսաստանի «գլուխս խառն է, համբերեք» մոտեցումից, Նիկոլը և Ալիևը միասին կփորձեն «финишный рывок» անել արևմտյան թրեկ․ Աշոտյանի հարցազրույցը ՔԿՀ-ից. Tert.am
Կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել է Tert.am-ի հարցերին:
-Բարև Ձեզ, նախ ձեզնից սկսենք։ Ինչպե՞ս է անցնում կալանավորված Արմեն Աշոտյանի օրը, ինչպե՞ս եք ձեզ զգում, հնարավորություն ունե՞ք հետևելու ներքին ու արտաքին քաղաքական անցուդարձին։
-Երբ ամբողջ ուշքս, միտքս, ցավից Հայաստանի և Արցախի ներկայիս աղետաբեր իրավիճակն է, քո սեփական խնդիրները և անազատությունից բխող դժվարությունները, երկրորդ պլան են մղվում: Կարծես, կապել են ծառից և աչքիդ դեմը այրում են քո հարազատ օջախը: Տեղեկատվական հոսքերը խիստ սահմանափակ են, հասանելի հեռուստաալիքների ճնշող մեծամասնությունը կամ моя хата с краю սկզբունքով է աշխատում, կամ էլ վերածվել է հանցավոր իշխանությունների շարքային քարոզիչների: Սակայն անկախ առկա խոչնդոտներից, ձեռքս պահում եմ զարկերակի վրա, շատ կարդում եմ, ակտիվ գրում եմ և հրապարակում, փորձելով անգամ բանտախցից շարունակել պայքարը գաղափարական, տեղեկատվական, բարոյական հարթություններում:
-Ընդդիմադիր ուժերն ու հասարակության ընդդիմադիր հատվածը Ձեզ միանշանակ քաղբանտարկյալ է համարում, նաև նշում են, թե ինչու եք հենց դուք կալանքի տակ։ Ձեր կարծիքով ինչու՞ հենց դուք և ինչու՞ հենց այս փուլում։
-Օգտվելով Ձեր հարցից` նախ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք իրենց սատարումն ու համերաշխությունն են հայտնել ինձ ու իմ ընտանիքին: Այն մարդկանց, որոնք չեն կերել «Աշոտյան հանցագործ» իշխանական անբարո կուտը: Այն մարդկանց, որոնք պայքարում են իմ և իմ առիթով` մյուս քաղբանտարկյալների ազատության համար: Այն մարդկանց, որոնք շարունակում են պայքարել նիկոլական կուրտիզանուհիների ռեժիմի դեմ: Տեղեկացա, որ ըստ սոցիալական հարցումների հայ հասարակության զգալի հատվածը ( մոտ 42% ) հավատում է, որ իմ դեմ դեռևս 2018-ից սանձազերծված և գնալով ավելի սրիկայաբարո և օրենքի հետ աղերս չունեցող հետապնդումը բացառապես քաղաքական է: Որքանով հասկանում եմ, ինձ կալանավորելու օգտին Նիկոլի համար վերջին փաստարկը եղել է ամիսներ առաջ իմ կողմից հրապարակված փաստաթղթի նախագիծը, ըստ որի, Արցախը պետք է բռնակցվի Ադրբեջանին և որի շուրջ հայ ժողովրդից գաղտնի բանակցում էր Փաշինյանը: Այն ժամանակ իշխանությունները փրփուրը երախներին փորձում էին լղոզել այդ փաստը, սակայն վերջերս լկտիաբար հենց այդ մոտեցումն են որդեգրել Արցախի հարցում:
-Ձեր փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել էր, որ ձեր վերաքննիչ բողոքը քննող դատավորը քավոր-սանիկական կապերի մեջ է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Ի՞նչ ակնկալիք ունեք բողոքի քննությունից։
-Իմ հետ շաղկապված այսպես կոչված քր. գործը ոտքից-գլուխ ֆեյք է` ներառյալ իմ ազատազրկման որոշումը և հիմնավորումները: Ոմանց համար գուցե շոկային է այդ իրողությունը ափաշքյարա ի ցույց դնելու իշխանական քայլերը, որոնցից է նաև Ձեր կողմից մատնանշված փաստը: Սակայն, բնական է, որ ոչ մի դրական ակնկալիք այդ վախկանալիայից լինել չի կարող: Գլխավոր դատախազություն, ՔԿ, հակակոռուպցիոն դատարանը և այլն`այս ամբողջ համակարգը ընդամենը պետական ռեպրեսիվ ապարատ է, մեխանիզմ, որի шестерка-ները իրար բերան թքած կյանքի են կոչում Նիկոլի բերանից արտաթորվող ցանկացած հրահանգ: Վերադառնալով Ձեր բուն հարցին` պետք է սպառել ներպետական ընթանակարգերը և հարցը տեղափոխել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
– Արցախի պետնախարարը հայտարարեց համաժողովրդական անժամկետ շարժում սկսելու մասին ու դիմեց հայաստանցիներին։ Միաժամանակ ուղերձում նշվում էր, որ Արցախն, ըստ էության, մենակ է մնացել։ Աջակցություն չկա Հայաստանից, ՌԴ-ից ու միջազգային հանրությունից։ Ի՞նչ է սա նշանակում, արցախցիները յուրատեսակ վա-բա՞նկ են գնում, ու՞ր կտանի այս պրոցեսը։
-Բազմիցս ներողություն խնդրել եմ իմ արցախցի հայրենակիցներից, որ 2020-ի նոյեմբերից հետո դեռևս չենք կարողանում կասեցնել մեր մայրամուտը (լուսահոգի ընկեր Վահանի ականջը կանչի): Այսօր ևս ինձ շատ վատ եմ զգում, որ 120.000 հայ սողացող ցեղասպանության է ենթարկվում, իսկ ես, մենք իրենց գործնական աջակցություն ցուցաբերել չենք կարողանում: Փրկության բանաձևը ամիսներ առաջ ձևակերպել եմ այսպես «Ստեփանակերտը պիտի դիմանա, մինչև Երևանը փոխի», ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ արցախցիների շարունակական պայքարը և Հայաստանում իշխանափոխությունն է այս վերահաս կործանումից փրկվելու միակ տարբերակը: Ոստի ոչ միայն ողջունում են արցախցիների վճռականությունը, այլև իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնում:
-Հայաստանցիներին դիմելով, իշխանությունի՞ց, թե հասարակությունից ակնկալիք ունեն արցախցիները։ Իշխանությունն արդեն ասել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, հասարակությունը կարծես թե չի շտապում խոչընդոտել, ընդվզում չկա։
-Մասամբ Ձեր հարցի պատասխանն արդեն տվեցի: Կրկնվեմ, եթե Արցախը շարունակի պայքարը, բայց Հայաստանում շարունակվի դավադրությունների սև վարպետ Նիկոլի ռեժիմը, շանսերը շատ ցածր են: Եթե Երևանում իշխանափոխություն լինի, բայց արցախցիները հուսահատվեն, շանսեր չեն լինելու: Ձեռքը ձեռք է լվում, երկու ձեռքը` երես: Նիկոլը փորձում է երկրի փլատակների վրա մահվան պար պարել, բայց այդ պարը պարում է հրաբուխի վրա, որ ամեն պահ կարող է ժայթքել:
-Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում կայացավ։ Փաշինյանը կառավարության նիստին ասաց, որ հույս ունի այդ հանդիպմանը առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ Օրեր առաջ Ալիևը խոսում էր Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում բանավոր ճանաչելը փաստաթղթով ամրագրելու մասին։ Արդեն մի քանի օր ինտենսիվ կրակում են սահմանին։
-Բրյուսելյան հանդիպման փաստը հարկ է դիտարկել և ռեգիոնալ և գլոբալ վերջին զարգացումների համատեքստում: Քանի մեզ շարունակում է ներկայացնել Նիկոլը, ոչ մի դրական ակնկալիք և ոչ մի հանդիպումից չի կարող լինել` Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն թե Փարիզ: Պարզապես ընթացող պրոցեսները լրացուցիչ արագացում են ստացել և բոլոր կողմերը շտապում են, մի իրավիճակ, որը արմատապես հակասում է հայկական շահերին: Մեզ պետք է շունչ քաշել, բայց մեզ ստիպում են փչել վերջին շունչը: Աշխարհը թքած ունի, թե Ադրբեջանը ինչ է անում, կարծելով, թե «Նիկոլ-վարչապետ» ունեցող ազգի հետ կարելի է անել ամեն ինչ: Հիշեցնեմ օրինակ, որ Վաշինգտոնյան վերջին հանդիպման ժամանակ էլ Ադրբեջանը կրկին սպանեց մի քանի հայի: Եվ, ինչ պակաս էր Արարատ Միրզոյանը քսմսվում Բլինքենին և Բայրամովին: Ունեմ նաև հիմնավոր տպավորություն, որ օգտվելով Ռուսաստանի «գլուխս խառն է, համբերեք» մոտեցումից, ներառյալ ներքաղաքական վերջին իրադարձություններից և Էրդողանի գեոպոլիտիկ ակրոբատիկայից, Նիկոլը և Ալիևը միասին կփորձեն «финишный рывок» անել հենց արևմտյան թրեկ: Ի դեպ, վաղուց եմ ասել, որ Փաշինյանի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան իր ստորագրած թղթերը: Ալիևն ընդամենը կրկին հաստատեց այդ օրինաչափությունը:
-Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը շարունակում է առաջարկներով հանդես գալ, թեև իշխանության կոշտ, արհամարհական արձագանքին ու թիրախավորմանը։ Վերջին տեսաուղերձում Օսկանյանը Փաշինյանին հորդորեց հայ ժողովրդի օրակարգով գնալ Բրյուսել, փոխել բանակցային նարատիվը և ասել, որ թեև ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն բանակցային օրակարգում անպայման պետք է հաշվի առնել, որ Արցախը Խորհրդային շրջանում ինքնավար մարզի կարգավիճակ է ունեցել։ Արդյոք այս մոտեցումը բան կփոխի բանակցային սեղանին և արդյոք Փաշինյանը կհետևի հորդորին։
-Ինչով էր կարևոր Օսկանյանի նախաձեռնությունը: Շատ պարզ բացատրեմ: Իշխանությունները երկար ժամանակ է, ինչ իրենց քարոզչությամբ շեփորահարվող մանիպուլյացիաների շարքում օգտագործում են երկու սուտ
1.Իրավիճակն այնպիսին է, որ ով էլ լինի, նույն բանն է անելու Արցախի հարցով
2.Ընդդիմությունը միայն խոսում է, ոչինչ չի առաջարկում
Եվ ահա Օսկանյանի առաջարկը շատ արագ պայթեցնում է Նիկոլական այս երկու փուչիկները`դրսևորելով բովանդակության և պատասխանատվության մշակելու և վերցնելու պատրաստակամություն: Նախկին արտգործնախարարը յուրովի ապացուցում է, որ «թագավորը մերկ է»: Սա է պատճառը, որ իշխանական ոհմակը ընկել է գալարվածության մեջ և թույն է արտազատում այս կապակցությամբ:
-«Հայաքվե» նախաձեռնության հեղինակներին, բանակցային օրակարգ փոխելու և նմանատիպ կոչ անողներին իշխանությունը հակադարձում է, որ դրանով պատերազմ եք բերում։ ՔՊ-ական պատգամավորներից մեկն էլ հայտարարեց, որ այդ դեպքում լայնածավալ պատերազմի հավանականությունն ավելի մեծ է, քան հիմա, երբ Բաքուն «սողացող պատերազմի» տակտիկա է կիրառում։ Արդյոք արժանապատիվ բանակցելու բոլոր հնարավորությունները սպառված են։
-Միջին վիճակագրական IQ ունեցողների համար այլևս պարզ է, որ պատերազմ բերել և բերում է հենց նիկոլը: Նա բերեց 44-օրյա պատերազը, ինչի մասին մանրակրկիտ ապացույցներով և փաստերով կրկին բարձրաձայնել եմ բանտախցից ի պատասախան իր վերջին ֆիասկոյին ԱԺ-ում: Եվ նա շարունակում է պատերազմ բերել մեր գլխին անգամ 2020 –ի նոյեմբերի 9-ից հետո: Կորսված տարածքները մի քանի հազար զոհերը այս փաստի արյունալի վկաներն են և ապացույցները: Հին հռոմեացիները ասում էին «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի», իսկ Փաշինյանն իր հանցավոր գործունեությամբ գրեթե ամեն օր ապացուցում է հին ճշմարտության հայելային տարբերակը և պատրաստելով մեզ իբր թե խաղաղության, իրականում պատերազմ են ուզում բերում: Հայ ժողովրդի գոյաբանական մարտահրավերը ոչ թե 44-օրյայում կրած պարտությունն է, այլ այդ պարտությունից դասեր չքաղելը և պարտության պատճառ` Նիկոլին, չհեռացնելը: