Հայրենիքի անվտանգությունը գերարժեք հատկություն ունի, դեռևս ձեռնպահ ենք մնում նման հայտարարություններ անելուց. Վիտալի Բալասանյանի փաստաբան
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանի խոսքով՝ իր պաշտպանյալի գործողությունները տեղավորվում են իրավաչափ գործողությունների շրջանակներում։
168.am–ի հետ զրույցում փաստաբանը խոսել է Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու, ստացած վնասվածքների, նրա առողջական վիճակի մասին։
– Պարոն Մարտիրոսյան, որքանո՞վ են իրավաչափ եղել Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու գործողությունները և տան խուզարկությունը։ Ինչպե՞ս է ամեն ինչ տեղի ունեցել։
– Վիտալի Բալասանյանը՝ որպես տվյալ գույքի սեփականատեր, տեղեկություն ստանալով, որ իր բնակարանում տեղի է ունենում խուզարկություն, իր որդու միջոցով խնդրել է, որպեսզի կապվի խուզարկությունը կատարող խմբի ղեկավարի հետ և տեղեկացնի՝ տվյալ գույքի սեփականատերն ինքն է և ներկայանում է բնակարան։
Այնուհետև Վիտալի Բալասանյանը ներկայանալով բնակարան, խնդրել է, որպեսզի ներկայացնեն այն փաստաթուղթը, որը հիմք է տալիս խուզարկություն կատարելու համար, սակայն որևէ փաստաթուղթ չի ներկայացվել։ Հետագայում նրա ձերբակալման իրավաչափությունը քննարկելու ժամանակ պարզվել է, որ դատարանի կողմից կա թույլտվություն՝ խուզարկություն կատարելու վերաբերյալ։
Եթե առկա է դատարանի թույլտվությունը խուզարկություն կատարելու վերաբերյալ, ապա Քրեական դատավարության օրենսգիրքը որոշակի պայմաններ ու կարգ է սահմանել, թե խուզարկությունը կոնկրետ ինչ կարգով պետք է տեղի ունենա։ Դա տվյալ դեպքում սեփականատիրոջ իրազեկումն է, որոշման ծանոթացումը, որոնվող գույքի մասին տեղեկություններ ներկայացնելը և այլ պահանջներ, որը վարույթի իրականացնող մարմինը պետք է կատարեր։
Քանի դեռ նման փաստաթուղթ չէր ներկայացվել, Վիտալի Բալասանյանը հասկանում էր, որ տվյալ գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ի կողմից, իսկ օրենքը թույլատրում է առանց դատարանի թույլտվության՝ խուզարկություն կատարել որոշակի հավելյալ պայմանների առակայությամբ, օրինակ, եթե այդ խուզարկության չկատարումը կարող է անդրադառնալ պետության անվտանգությանը և այլն։
Այդ պատճառով Վիտալի Բալասանյանը պահանջել է նաև այդ հիմքն ապահովող հանգամանքների մասին տեղեկություններ, սակայն կրկին նման տեղեկություններ չեն ներկայացվել, և նրա գործողությունները՝ ելնելով այս տրամաբանությունից, որ խուզարկությունն իրականանում է ոչ իրավաչափ, պահանջել է, որպեսզի տվյալ գործողությունները համապատասխանեցնեն Քրեական դատավարության օրենքի պահանջներին։
Այս ամենը հանգեցրել է նրան, որ ԱԱԾ աշխատակիցները որևէ տեղեկություն չեն ներկայացրել Բալասանյանին, սակայն շարունակել են խուզարկության կատարումը, ինչն էլ բերել է կոնֆլիկտային իրավիճակի։
Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ խուզարկության հետ կապված որևէ առարկություն չունի, եթե, իհարկե, նրանց գործողությունները համապատասխանեցնեն օրենքին։
Վիտալի Բալասանյանը բերման ենթարկելու ժամանակ ստացել է մարմնական վնասվածքներ։ Թե բերման ենթարկելու ժամանակ գործողությունները համարժե՞ք էին Վիտալի Բալասանյանի իրավունքի իրացման գործի հետ, դրան դեռևս չենք կարող պատշաճ գնահատական տալ։
– Զրուցե՞լ եք Վիտալի Բալասանյանի հետ, այս ամենի վերաբերյալ ի՞նչ կարծիք է հայտնել։
– Վիտալի Բալասանյնը ձերբակալվելուց անմիջապես հետո ցուցմունք է տվել։ Ցուցմունք տալու կամ հրաժարվելու դատավարական իրավունք գոյություն ունի, նա չի հրաժարվել ցուցմունք տալուց, ցուցմունքներ է տվել այդ կասկածանքի շուրջ և հայտարարել է այն հանգամանքների մասին, որոնց վերաբերյալ ես արդեն խոսեցի։
– Հաշվի առնելով վերը նշված խախտումները, Վիտալի Բալասանյանին ձերբակալելու գործընթացում քաղաքական որևէ ենթատեքստ տեսնո՞ւմ եք։
– Քաղաքական ենթատեքստ տեսնելու հետ կապված, պարզ է, որ հարցը քննարկման առարկա պետք է դառնա պարոն Բալասանյանի հետ։ Մենք առայժմ չունենք լիովին այն համոզմունքը, որ իրականում այս գործընթացը կատարվել է քաղաքական նպատակներով։
– Վիտալի Բալասանյանի հետ տեսակցություններ թույլատրվո՞ւմ են։
– Տեսակցություններ չկան, չի թույլատրվում, նա այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։ Եթե անգամ տեսակցություններ թույլատրելի լինեն, բոլոր դեպքերում պաշտպանական կողմն անթույլատրելի է համարում տեսակցությունները նրա հետ, որովհետև դա կարող է որոշակի հոգեվիճակի ազդող գործոն հանդիսանալ։
– Նա բժիշկների հսկողության տակ է գտնվում բերման ենթարկելու ժամանակ ստացած վնասվածքների պատճառո՞վ, թե՞ այլ խնդիրներ կան։
– Այս հարցը վերաբերում է բժշկական մասնագիտությանը։ Այն, որ Վիտալի Բալասանյանը սիրտ-անոթային խնդիրներ է ունեցել, երեք անգամ բժշկական միջամտություն է տեղի ունեցել, սա փաստ է։ Սակայն, թե բերման ենթարկելու ժամանակ ստացած վնասվածքները որքանո՞վ են պրովոկացիայի ենթարկել սրտի աշխատանքին, արդեն մասնագիտական պատասխան է պահանջում։ Մենք սպասում ենք բժիշկների հետազոտությունների պատասխաններին, որից հետո արդեն կարող ենք եզրակացություն անել։
Հարկ եմ համարում նշել, որ վիճարկել ենք Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափությունը։ Ձերբակալման նպատակն էական նշանակություն ունի։ Իսկ որպես այդպիսին՝ դատարան ներկայացնելու հիմքն է, հանցագործության կատարումը և հանցագործության կատարումից հետո փախուստի կանխումը։
Այս պայմանները պետք է առկա լինեին, որպեսզի իրավաչափ համարվեր ձերբակալումը։ Քանի դեռ արձանագրության մեջ արտացոլված չէր Վիտալի Բալասանյանի ձերբակալման նպատակը, ինքնին այդ փաստաթուղթը՝ որպես պաշտոնական փաստաթուղթ, չէր համապատասխանում իրավական պահանջին, որպիսին արտահայտվում է որոշակիության լեգիտիմ ակնկալիքի և կանխատեսելիության սկզբունքի հետ։
Մենք այստեղ բախվել ենք իրավունքի իրացման խնդրի հետ, քանի դեռ այդ ընթացակարգն իրականացվել է օրենքի խախտման եղանակով, դատարանը պետք է բավարարեր մեր միջնորդությունը Բալասանյանի ձերբակալման իրավաչափության գործում։ Մինչդեռ դատարանը տվել է հետևյալ ձևակերպումը, որ՝ ընդհանուր առմամբ արձանագրության բովանդակությունից դիտվում է, որ նպատակը՝ հանցագործության կատարումը և հանցագործության կատարումից հետո փախուստը կանխելու նպատակ է հետապնդում։ Մինչդեռ ընդհանուր վերլուծություն անելու, այդպիսի գնահատական տալու դատարանը լիազորություններ չուներ։
Այսինքն՝ դատարանի կողմից արված դատողությունները չեն բխում քրեադատավարական օրենսգրքի պահանջներից։ Այդ կապակցությամբ մենք վերաքննիչ բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ դատարան, ենթադրվում է՝ բողոքը քննության կառնվի հաջորդ շաբաթ։
Հանրության մեջ շրջանառվում են որոշակի լուրեր, որոնք ըստ էության բնութագրում են Վիտալի Բալասանյանի նկարագիրը, ընդ որում՝ բացասական առումով, մենք կարող էինք հայտարարություններ անել այդ երևույթների նկատմամբ, սակայն դրանց հիմքում հայրենիքի անվտանգության մտավախություններ կան։ Հետևաբար, հաշվի առնելով, որ հայրենիքի անվտանգությունը գերարժեք հատկություն ունի, դեռևս ձեռնպահ ենք մնում նման հայտարարություններ անելուց։
Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 13-ին, նրա հետ՝ նաև որդին և քեռորդին: Գեներալին ձերբակալել էին Ասկերանի իր տնից, ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով:
40 րոպե խուզարկություն էին իրականացրել Բալասանյանի տանը։
Ըստ Արցախի դատախազության տարածած հաղորդագրության, Վիտալի Բալասանյանին տրամադրվել է 4.500.000 /յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն այն նպատակային չի օգտագործվել։