Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի գործերը լավացել են. նոր մեքենա ու տուն ունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի գործերը լավ են։ Նա 2021 թվականին անհատական բնակելի տուն է գնել Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում եւ հանդիսանում է այդ տան միանձնյա սեփականատերը։ Նա տունը գնել է 2021 թվականի սեպտեմբերին։
Բացի այս, ՔՊ-ական պատգամավորը հանդիսանում է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բնակարանի համասեփականատեր։ «Ժողովուրդ» օրաթերթը 2022 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկացավ, որ պատգամավորը 2021 թվականին նաեւ մեքենա է գնել՝ 2018 թվականի արտադրության Hyundai:
Բայց այս ծախսերը, ըստ հայտարարագրի, Սիսակ Գաբրիելյանը կանխիկ դրամ չի ունեցել, սակայն բանկային հաշվին առկա նրա դրամական միջոցները կազմել են 237 հազար եւ 19 հազար դրամ։ Մեկ տարվա ընթացքում Գաբրիելյանի եկամուտը կազմել է 16 մլն 776 հազար դրամ, որից 9 մլն 543 հազար դրամը նրա աշխատավարձն է եղել, իսկ 1 մլն 982 հազարը նա ստացել է Ֆինանսների նախարարությունից որպես եկամտահարկի վերադարձ։ Բացի այդ, նա 1 մլն 250 հազար եւ 4 մլն դրամ է վերցրել բանկերից։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի վերջին նրա վարկերի մնացորդը կազմել է 22 մլն 853 հազար դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում էլ նա 6 մլն 500 հազար դրամ է ծախսել՝ վարկը մարելու համար։ Հավելենք, որ պատգամավորի կինն աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում։ Անի Բաղդասարյանը 2021 թվականին այգետնակ է գնել Ջրվեժում եւ հանդիսանում է միանձնյա սեփականատերը։
Նա երեք մլն դրամի վարկ ունի եւ մեկ տարվա ընթացքում 15 մլն դրամ եկամուտ է ունեցել՝ աշխատավարձերից ու վարկերից։ Մի խոսքով, 2021թ.-ին ամուսինները առանձին-առանձին տներ են գնել»: