«Այն, ինչ անում է Փաշինյանը, նպաստում է ադրբեջանական քաղաքականության հաղթարշավին՝ Արցախում և Հայաստանում». Ռուբեն Մելքոնյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը վստահ է՝ Արցախի հարցում անօգուտ զբաղմունք է միջազգային հանրությունից որևէ լուրջ քայլ ակնկալելը, քանզի այդ նույն միջազգային հանրությունը գործում է մեծ քաղաքականության օրենքներով, որտեղ հումանիզմն ու մարդու իրավունքը լոկ լոզունգներ են՝ առանց իրական ազդեցության։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով այսօրվանից Արցախում մեկնարկած համազգային շարժմանը և դրանից իր ակնկալիքներին, նման տեսակետ հայտնեց Մելքոնյանը՝ ընդգծելով. «Միջազգային հանրությունից պահանջելուց առաջ այս շարժման մասնակիցները պետք է գիտակցեն, որ իրենց պահանջները պետք է ունենան հստակ հասցեատերեր, պետք է լինել թիրախային, հավաքական Հայաստանից պահանջելուց առաջ պետք է պահանջել կոնկրետ Հայաստանի ղեկը ստանձնած մարդուց։

Սրանից բացի, հետաքրքիր է, այսօր այդ շարժմանը մասնակցած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում հետևում էր ընտրություններին, որևէ բան չունի՞ ՔՊ-ականներին ասելու, այն պատգամավորներին և պատգամավորուհիներին, որոնք հայտարարում են, թե Արցախը Ադրբեջան է»։

Ըստ պրոֆեսորի՝ Արցախում մարդիկ հայտնվել են իրենց վերջին խրամատում, իսկ վերջին խրամատում հայտնված իշխանության համար քաղաքական հարմարվողականությունն ու տարատեսակ հաշվարկները տրամաբանական չեն։

Կարդացեք նաև

«Այդ հարմարվողականությանը զուգահեռ՝ Հայաստանում այն մարդիկ, որոնք ասում են, որ Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել, դառնում են Փաշինյանի և նրա խմբի հարձակման թիրախներ»,- ասաց Մելքոնյանը՝ շեշտելով՝ Փաշինյանն ու իր թիմը կործանում են Արցախը և փորձում ձևավորել բոլորովին այլ Հայաստան՝ այն դեպքում, երբ Ալիևի նպատակները նաև Հայաստանին են վերաբերում։

«Ադրբեջանի համար գոյություն չունի Արցախ, գոյություն չունի նաև Հայաստան։ Երևանն Ադրբեջանի հաջորդ պլանն է, ուստի այն, ինչ անում է Փաշինյանը, ադրբեջանական քաղաքականության հաղթարշավն է՝ Արցախում և Հայաստանում»,- ասաց թուրքագետը՝ շարունակելով.

«ՔՊ-ն պետականակործան ուժ է. ուժ է, որը 5 տարի շարունակ կործանում է պետությունը. Պատկերացրեք՝ որքան կայուն է եղել պետությունը, որը 5 տարի քանդում են և դեռ կա»։

Ռ. Մելքոնյանի համոզմամբ՝ պետական համակարգում աշխատող մարդիկ ևս այս գիտակցման կրողն են, պետական ապարատում աշխատող մարդկանց մի շերտ կա, որոնք այս իշխանության լուռ ընդդիմադիրներն են, մյուս մասը տեսնում են, որ պետությունը գնում է վատ հունով, բայց գործում են «տուն ենք պահում, ի՞նչ անենք» սկզբունքով, սակայն, ինչպես ամեն լավ բան, վատ բանը ևս ավարտ է ունենում, ուստի այս իշխանության ավարտից հետո այս մարդիկ արժանանալու են հանրային պարսավանքի, և դա լինելու է նվազագույնը։

«Հիմա Փաշինյանի կողքին կանգնածները վախից չեն խոսում. չեն ասում, որ նա սխալ է գործում, որովհետև իշխանությունը գործում է՝ հիմնված թայֆայական մտածողության վրա»,- ասաց նա՝ ընդգծելով՝ այդ մտածողությամբ էլ իրականությունից փորձում են հասարակության ուշադրությունը շեղել իրենց ամբոխային աղմուկով, սակայն, անկախ նրանից՝ որքան են աղմկում, դրանից իրենց բերած իրականությունը չի փոխվում։

«Փորձում են լռեցնել Օսկանյանին, Աշոտյանին, ամբոխով բղավում են, նրանց մի մասն էլ վայրահաչում է, բայց մեկ է, դրանից իրենց բերած իրականությունը չի փոխվում»,- ասաց Ռ. Մելքոնյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս