Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Անն Լույոյին և ի դեմս նրա՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հաջողություն ու ամենայն բարիք.

«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և անձամբ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնին այն աջակցության համար, որ Ֆրանսիան ցուցաբերում է մեր երկրին՝ մեզ համար մարտահրավերներով լի այս դժվար ժամանակաշրջանում:

Վստահ եմ՝ համատեղ աշխատանքի արդյունքում, ի վերջո, իրականություն կդառնա տարածաշրջանում վերջնական և հարատև խաղաղություն հաստատելու մեր ձգտումը»:

Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար:

«Շնորհակալ ենք, պարոն նախագահ, այն մեծ պատվի համար, որ մեզ արժանացրեցիք՝ գալով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Ինչպես նշեցիք, Ֆրանսիան իսկապես մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև խաղաղության հաստատմանը, որին Հայաստանը և հայ ժողովուրդն արժանի են: Նախագահ Մակրոնն անձամբ հանձնառու է աջակցել այդ գործընթացին»:

Տեսանյութեր

Լրահոս