Թիրախավորված տնտեսական աճի վրա հիմնված 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ռիսկային միջավայր է ձևավորում
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։
Թեև ծրագիրը մշակվել է բավական բարենպաստ տնտեսական միջավայրում, և կառավարությունն այդ տեսանկյունից լայն հնարավորություններ ունի հավակնոտ ծրագրեր ներկայացնելու համար, սակայն միևնույն ժամանակ կառավարությունն իր առջև իրավացիորեն թիրախ է սահմանել պահպանելու վերջին տարվա տնտեսական զարգացումների արդյունքում ձեռք բերված պարտք/ՀՆԱ հարաբերակցության համեմատաբար ցածր մակարդակը՝ թիրախավորելով այնպիսի պակասուրդի ապահովումը, որի պայմաններում պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 50%-ից ցածր կմնա:
Այնուամենայնիվ, ներկայացված միջնաժամկետ ծախսերի ծրագիրն առաջացնում է որոշ մտահոգություններ, որոնցից առավել ակնառուները հետևյալներն են.
- Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմնված է թիրախավորված, այլ ոչ թե կանխատեսված տնտեսական աճի վրա, ինչի արդյունքում ձևավորվում է ռիսկային միջավայր: Տնտեսական աճի ցուցանիշն էական նշանակություն ունի ՄԺԾԾ փաստաթղթի համար, քանի որ դրանից է կախված անվանական ՀՆԱ-ի, հետևաբար նաև հարկային եկամուտների ձևավորումը: Հարկային եկամուտների մեծությունն իր հերթին պայմանավորում է կառավարության ծախսերի մակարդակը, և արդյունքում ձևավորվում է բյուջեի պակասուրդի մեծությունը: Եթե տնտեսական աճի ցուցանիշն անիրատեսական է, ապա վտանգվում է կառավարության հարկային եկամուտների կանխատեսումների իրականացումը, որն էլ իր հերթին կարող է խախտել հարկաբյուջետային քաղաքականության պլանավորված ուղղությունը՝ հանգեցնելով կա՛մ ծախսերի իրականացման անկարողությանը, կա՛մ պարտքի ավելի բարձր ցուցանիշի ձևավորմանը:
- Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճի տեմպը նույնպես վստահություն չի ներշնչում: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի մասով, ինչպես տնտեսական աճի դեպքում, պարզապես թիրախավորվել է կառավարության ծրագրով նախատեսված թիրախի՝ 25%-ի ապահովումը՝ առանց հաշվի առնելու դրա իրատեսականությունը: Այսպես, 2024-2026թթ. նախատեսվում է ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության տարեկան շուրջ 0.75-ից 0.8 տոկոսային կետով բարելավում, այնինչ վերջին 10 տարիներին հարկեր/ՀՆԱ-ի բարելավումը միջին հաշվով կազմել է 0.2 տոկոսային կետ, իսկ վերջին 3 տարիներին՝ 0.1 տոկոսային կետ: Հետևաբար, թիրախավորված բարելավման տեմպը մտահոգիչ է, որի իրականացման ձախողումը նույնպես կհանգեցնի նախորդ կետում նշված հետևանքներին: Ավելին, ՄԺԾԾ-ում չի հստակեցվում, թե միջնաժամկետում ինչ միջոցառումների արդյունքում է նախատեսվում ապահովել բարելավումը (միայն նշվում է, որ ապահովվելու է ինչպես հարկային օրենսդրության, այնպես էլ վարչարարության բարելավման հաշվին՝ առանց հստակեցնելու միջնաժամկետում նախատեսվող միջոցառումները), ինչն առավել անորոշ է դարձնում այդ նպատակի իրագործումը:
- Կապիտալ ծախսերի թերակատարման հիմնախնդիրը պահպանվում է, ինչը կարող է վտանգել նաև ՄԺԾԾ-ով նախատեսված կապիտալ ծախսերի իրականացումը: 2024-2026թթ. ՄԺԾԾ-ի հիմքում դրված է թիրախային 7% տնտեսական աճը, որի ապահովման կարևոր գործոններից մեկը, ըստ կառավարության հիմնավորումների, հանդիսանալու է պետական կապիտալ ծախսերի աճը: Սակայն, հաշվի չի առնվում, որ այդ կապիտալ ծախսերը հիմնականում թերակատարվում են և չեն աճում այն չափով, ինչ նախատեսվում է: Այդ իրավիճակը շարունակվում է նաև 2023թ. առաջին կիսամյակում: Մասնավորապես, հունվար-մայիս ամիսներին իրականացված կապիտալ ծախսերի (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի) ծավալը կազմել է 92.7 մլրդ դրամ, այն դեպքում, երբ հունվար-հունիս ամիսների պլանը կազմում է 214.9 մլրդ դրամ։ Ավելին, փաստացի իրականացված ծախսերը փոքր են նույնիսկ առաջին եռամսյակի համար նախատեսված 98.1 մլրդ դրամից։ Հետևաբար, այս առումով մտահոգություններն ապագա կապիտալ ծախսերի ամբողջական կատարման մասով պահպանվում են:
- ՄԺԾԾ-ով նախատեսված ծրագրերի գծով չկան հստակ չափելի արդյունքային ցուցանիշներ: 2024-2026թթ. ՄԺԾԾ-ում ներկայացվում է, որ առաջիկա 3 տարիների ընթացքում իրականացվելու է կառավարության ծրագրով նպատակադրված 300 դպրոցների և 500 մանկապարտեզների շինարարության, վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքները: Սակայն, այս առումով որևէ քանակական չափելի թիրախ ըստ տարիների չի ներկայացվում: Ավելին, հստակ չէ նաև, թե այս նպատակների իրագործման ուղղությամբ որքան ֆինանսավորում է նախատեսվել: Սա օրինակներից մեկն է, սակայն պետք է նշել, որ մյուս ծրագրերի գծով պատկերը նույնն է` նույնպես չափելի արդյունքային ցուցանիշներ չեն ներկայացվում: