Շուրջ 36 միլիոն դրամ՝ Եկատերինբուրգի էքսպոյին խղճուկ մասնակցության համար
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում հուլիսի 10-13-ն անցկացվել է էքսպո՝ «Իննոպրոմ-2023»-ը, որտեղ Հայաստանը ևս ունեցել է տաղավար։ Մասնակցել են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Թուրքիան, Ադրբեջանը ներկա է եղել բիզնես-պատվիրակությամբ։
Թե ինչ է ցուցադրվել հայկական տաղավարում, Էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարության մեջ նշված չէ: Բուն տաղավարն արժեցել է մոտ 36 մլն դրամ՝ 75 հազար դոլար։ Գումարը վճարվել է ռուսական «Սեվեն էքսպո» ՍՊԸ-ին։ Եվս 8 մլն 802 հազար դրամ նախարարությունը փոխանցել է «Բիզնես ինվեստ» ՍՊԸ-ին՝ գովազդային ծառայություններ մատուցելու համար։
Եկատերինբուրգում բնակվող մեր հայրենակիցները 168.am-ին էին ուղարկել լուսանկարներ, որոնք մատնանշում էին հայկական տաղավարի ողջ թշվառությունը:
«Շատ խղճուկ է հայկական տաղավարի տեսքը: Ինչ-որ բուկլետներ են դրված մի քանի հատ: Էկրանն ընդհանրապես միացված չէր, ոչ մի ցուցադրություն չկար: Պասիվ վիճակ էր՝ ի տարբերություն կողքի տաղավարների: Տաղավարում առանձնապես մարդ էլ չկար, մինչդեռ այլ երկրների տաղավարներում աշխուժություն էր տիրում»,- ասաց ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը:
Որքան էլ շուրջ 36 միլիոն դրամը մեծ գումար չէ առհասարակ էքսպոյին պատշաճ կերպով մասնակցելու համար, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ 9 միլիոն դրամի կարգի գումարը փաստորեն պետբյուջեից ծախսվել է այս որակի տաղավարի ու ներկայացվածության համար: