
ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակումն ու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան տեղեկացնում է, որ ԱԳ նախարար Վոպկե Հուքստրան խորհրդարանին հղված նամակում մանրամասներ է հայտնել հունիսի 26-ին կայացած ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից, որտեղ նաև քննարկվել է Լաչինի միջանցքի շրջափակումը և Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը։
Ինչպես տեղեկանում ենք Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը տեղեկացրել է ԵՄ երկրների արտգործնախարարներին, որ Ադրբեջանն ամբողջովին արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչը սպառնում է խորացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը։
Ըստ ԱԳ նախարարի՝ ինքը Նիդերլանդների անունից խորը մտահոգություն է հայտնել շրջափակման կապակցությամբ և կոչ արել ԵՄ-ին շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ՝ իրականացնելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և ապահովելու մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը միջանցքով։
Ժոզեֆ Բորելը ընդգծել է, որ ինքը կոչ է արել Ադրբեջանին վերացնելու շրջափակումը: ԵՄ խորհրդի նախագահը հուլիսին նախատեսում է բանակցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
ԵՄ անդամ բոլոր երկրները միահամուռ աջակցություն են հայտնել ԵՄ խորհրդի նախագահին՝ խաղաղության համաձայնագրի հասնելու իր ջանքերում։