Սևան ազգային պարկի սոճիները վտանգված են. հիվանդությունը հայտնաբերվել է նաև ՀՀ-ի այլ անտառներում
«Սևան» ազգային պարկում հիվանդությամբ վարակված սոճու 10 000 ծառ վտանգված է, դրանք չորացման են գնում։ Սոճուտների անտառտնկարկներում խնդիրը սուր է, հիվանդությունը շատ արագ տարածվում է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խոսքը վտանգավոր հիվանդության մասին է, առանցքային վնասատուն նեմատոդն է, որը բզեզների միջոցով է տարածվում։ Վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը քննարկումներ է անցկացնում մասնագետների հետ՝ փորձելով լուծումներ գտնել։ Քննարկումներին մասնակցել է նաև բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում մասնագետը նշեց, որ խնդիրը լուրջ է և պետք է շատ արագ արձագանքել ու համալիր գործողությունների ծրագիր իրականացնել։
«Իրավիճակը խնդրահարույց է և առնչվում է էկոլոգիական, տնտեսական սոցիալական հարցերին։ Ասեմ, որ արդեն Սիսիանում էլ այդպիսի խնդիր կա և նման նշաններ են նկատվում։ Առաջինը հարված են ստանում այն ծառերը, որոնք թուլացած են»,-ասաց Այսեր Ղազարյանը։
Անտառագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Խուրշուդյանի խոսքով՝ խնդիրը դեռ շատ տարիներ առաջ է ի հայտ եկել։ Հատկապես նկատվել է Մեղրաձորի հատվածում։ Այն ժամանակ հետազոտություններ արվել են, հատվել են ծառերը։
«Ուզում եմ ասել, որ փայտային զանգվածը վարակի աղբուր է՝ սկսած թեփից, արմատաբնակ կոճղից։ Հետևաբար՝ հատումը պետք է չափազանց զգույշ արվեր։ Այնուհետև փոքր օջախային դեպքեր հանդիպեցին, սակայն արդեն 2017 թվականին խնդիրը սրվեց։ Կրկին հետազոտություններ կատարվեցին, որոնց ես մասնակցել եմ, հայտնաբերվեցին նեմատոդներ։ Բայց պետք էր հավելյալ ուսումնասիրություն կատարվեր, ինչը չարվեց։ Հիմա բռնկման հետ գործ ունենք, ինչը կխորանա»,-ասաց Հասմիկ Խուրշուդյանը։
Մասնագետը կարծում է, որ հրատապ միջոցների անհրաժեշտություն կա, հակառակ դեպքում կորուստները մեծ կլինեն։
«Այդ տնկարկները լոկ գեղեցկության ու անտառային տարածքները մեծացնելու համար չեն։ Դրանք ունեն բավական լուրջ ջրակարգավորիչ, հողապաշտպան գործառույթներ։ Եթե մենք կորցնում ենք սոճուտները, ապա անտառպատվածության տոկոսը բավական նվազում է։ Դա Հայաստանի համար աղետ կլինի»,-հավելեց մասնագետը։
Բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը նշեց, որ ժամանակին պետք է արվեին խնամքի հատումներ անտառի աճման պայմանները բարելավելու համար, ավելացվեին լայնատերև ծառերի այն տեսակները, որոնք սոճու հետ լավ աճում են։ Արդյունքում՝ խառը տնկարկների ստացման միջոցով կուժեղացվեր էկոհամակարգը։ Դրան զուգահեռ էլ պետք էր համապատասխան կարանտինային միջոցառումներ իրականացվեր։ Նեմատոդային խնդրին բախվել են բազմաթիվ երկրներ՝ Ճապոնիա, Կորեա, Պորտուգալիա, եվրոպական այլ երկրներ։ Այնտեղ կարանտինային լուրջ միջոցառումներ են իրականացվել՝ իրավիճակը վերահսկելի դարձնելու և հետագա տարածումը կանխելու համար։
«Հետևաբար՝ հեծանիվ հայտնաբերել պետք չէ։ Անհրաժեշտ է ներգրավել այդ ճանապարհով անցած երկրների մասնագետներին և շատ արագ համալիր ծրագիր իրականացնել՝ կարանտինային միջոցառումներ, դաշտային ուսումնասիրություններ։ Անհրաժեշտ է խստությամբ վերահսկել ծառերի հատումների գործընթացը, դա պետք է կատարել գերզգույշ, որովհետև նույն այդ վարակված ծառի թեփը վարակիչ է»,-ասաց նա։
Մասնագետները նաև կարևոր են համարում տեղի համայնքի բնակիչների հետ իրազեկման աշխատանքը, որ մարդիկ վարակված փայտանյութ դուրս չբերեն։ Հակառակ դեպքում հիվանդությունը կրկին կտարածվի։ Նաև առաջարկվում է անտառմշակույթում քչացնել սոճու մասնաբաժինը։