«Արմեն Աշոտյանի բացահայտումներն այս խունտային դուր չեն գալիս, ստիպված պետք է նրան կալանավորեին». Աշոտ Մինասյան

Սիսական ջոկատի հրամանատար՝ պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյանի խոսքով՝ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման պատճառն այն է, որ նա բացահայտում է փաշինյանական ամբողջ համակարգի ոչ իրավացի ու այլադավ լինելը, որոնք տանում են պետականության, հայրենիքի կործանման։

«Արմեն Աշոտյանի բացահայտումներն այս խունտային դուր չեն գալիս, հետևաբար՝ ստիպված պետք է Աշոտյանին կալանավորեին։ Ես Աշոտյան Արմենի հետ մտերիմ եմ, շատ լավ ընկերներ ենք, իրեն շատ հարգում եմ։

Հիմա ուզում են Աշոտյանին բանտում պահեն կամ ճաղերի հետևում պահեն, միևնույն է՝ նա իր խոսքն ասելու է, որովհետև նա ճշմարտախոս, ազնիվ մարդ է և նա այս խունտայի դեմ պայքարելու է, մինչև ավարտին հասցնենք սրանց իշխանության մնալը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մինասյանը՝ խոսելով Արմեն Աշոտյանին կալանավորելու պատճառների մասին։

Ինչ վերաբերում է ՀՀ ներկայիս իրավական ու դատական համակարգին և հարցին՝ իրատեսակա՞ն է, որ Արմեն Աշոտյանին հնարավոր կլինի դատարանի միջոցով արդարացնել, Աշոտ Մինասյանը պատասխանեց, որ եթե Արմեն Աշոտյանի գործը հայտնվի «նորմալ դատավորի մոտ», ապա Աշոտյանը կարդարացվի։

Կարդացեք նաև

«Բայց քանի որ դատավորների մեծ մասը խամաճիկներ են, ես այդ հույսն ու հավատը չունեմ, որ կարող է Արմեն Աշոտյանին ազատ արձակեն։ Բայց կրկնում եմ՝ տա Աստված, մի այնպիսի դատավորի մոտ հայտնվի գործը, որ իր մեջ կամք կգտնի՝ դատը  ճշմարտացի ձևով առաջ տանելու համար։

Իմ դատավորը, որն ինձ ազատեց, նրան բանտարկեցին։ Այսինքն՝ իրենք ահ ու սարսափ են տարածում բոլոր այն դատավորների նկատմամբ, ովքեր իրավացիորեն կարող են դատը վարել, սա է ամբողջը։

Նույնը Գրիգորի Խաչատուրովինն է լինելու, նույնը Աշոտյանի ու այն մարդկանց համար, ովքեր այս պահին անազատության մեջ են»,- հավելեց Աշոտ Մինասյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ հայ ազգն ու ժողովուրդը մի ելք ունի՝ ազատվել ներկայիս խունտայից, որպեսզի կարողանա իրավիճակից նորմալ դուրս գալ, այլ ճանապարհ նա չի տեսնում։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԱԺ «հարց ու պատասխանի հետքերով արդեն ավանդական դարձած ուղիղ եթեր չի մտնի, քանզի դավաճանը նախապատրաստվում է ստի, սրիկայությունների և կեղծիքի նոր ծավալը արտաթորել ամսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքները սվաղող հանձնաժողովի նիստում: Ուստի ՖԲ ուղիղ եթեր կմտնի հենց այդ օրը»։

Սակայն հաջորդ օրը՝ հունիսի 15-ին, նրան ձերբակալեցին, ապա դատարանի որոշմամբ կալանավորեցին։

Տեսանյութեր

Լրահոս