«Այս իրավիճակում իշխանություններին ձեռնտու չէ, որպեսզի Արմեն Աշոտյանն արտահայտվի». Տիգրան Ներսիսյան
ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը համոզված է՝ բոլորին էլ հայտնի է այն, ինչ այսօր կատարվում է հայրենիքի՝ Հայաստանի և, բնականաբար, Արցախի շուրջ։ Այս սրված ու ծանր վիճակի վերաբերյալ մշտապես իր մտքերն էր արտահայտում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Արմեն Աշոտյանն այն հատուկենտ դեմքերից է, որ շատ խորությամբ գիտի Արցախի հարցը, նաև բանակցային ամբողջ գործընթացը, բնականաբար, այս բարդ իրավիճակում արտահայտում էր իր մտքերը՝ խոսելով բոլոր խնդիրների մասին։ Նա խոսում էր նաև այն հարցերի շուրջ, որոնք իշխանության կողմից սուտ ու կեղծ էին ներկայացվում, այդ ամենը նա մեկ առ մեկ ցույց էր տալիս հանրությանը։ Կարճ ասած՝ այս իրավիճակում ու այս պայմաններում իշխանություններին ձեռնտու չէ, որպեսզի Արմեն Աշոտյանն արտահայտվի, խոսի, կարծիք հայտնի և հասարակությանն իրազեկի։ Դրա համար կար մեկ կարճ ու կոնկրետ ճանապարհ՝ ազատվել նրանից՝ բանտարկելով ու ազատությունից զրկելով»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տիգրան Ներսիսյանը՝ խոսելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին։
Նա հիշեցրեց Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերները, որտեղ նա անդրադառնում էր իշխանությունների կողմից իրականացվող կեղծիքներին։
«Նա ամեն ինչ բացահայտում էր, նույնիսկ՝ ապացույցներով, և այդ ամենը կանխելու համար պետք էր նրանից ազատվել պարզապես այս տարբերակով»,- հավելեց մեր զրուցակիցը։
Տիգրան Ներսիսյանն իրատեսական չի համարում, որ դատարանի միջոցով հնարավոր կլինի նրան ազատ արձակել, քանի որ բոլորին էլ հայտնի է Հայաստանի դատական համակարգի վիճակը։
«Դատական համակարգը կախյալ վիճակում է՝ հրահանգներ ստացող դատավորներ, նրանք ազատ չեն իրենց կամքը կատարելու, նրանք կատարում են հրամաններ, պատվերներ։ Սա այսօրվա մեր դատական համակարգն է՝ ում ուզում՝ բռնում են, ում ուզում՝ նստեցնում, ում ուզում՝ տանում են, 20 օր պահում են, հետո կարող է 5 օրով բաց թողնեն։ Հազարավոր դեպքեր կան, որ մարդն ազատության մեջ է, բայց դատական գործընթացն ընթանում է, բայց Արմեն Աշոտյանի դեպքում այդպես չարեցին»,- եզրափակեց Տիգրան Ներսիսյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԱԺ «հարց ու պատասխանի հետքերով արդեն ավանդական դարձած ուղիղ եթեր չի մտնի, քանզի դավաճանը նախապատրաստվում է ստի, սրիկայությունների և կեղծիքի նոր ծավալը արտաթորել ամսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքները սվաղող հանձնաժողովի նիստում: Ուստի ՖԲ ուղիղ եթեր կմտնի հենց այդ օրը»։
Սակայն հաջորդ օրը՝ հունիսի 15-ին, նրան ձերբակալեցին, ապա դատարանի որոշմամբ կալանավորեցին։