«Աշոտյանի մեկուսացումը վնաս է ՀՀ պետականությանը, օգտակար՝ այս պահի քաղաքական ուժին». Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն արտաքին քաղաքական գործընթացներից ամենալավը հասկացող քաղաքական գործիչներից մեկն է։
«Աշոտյանն ամենաշատ փորձ ունեցող և միջազգային տարբեր ասպարեզներում ճանաչում ունեցող, խաղի կանոններին ծանոթ գործիչներից է։ Նա, բնականաբար, տիրապետում է նաև ներքաղաքական գործընթացների տրամաբանությանը և որպես ՀՀ քաղաքացի ու քաղաքական գործիչ՝ իր կոշտ քննադատությունն է ուղղում արտաքին ու ներքին տարատեսակ խնդիրներին՝ ահազանգելով պետականության կործանման խնդիրը։ Ձևակերպումները, այո՛, կարող էին լինել կոշտ, տերմիները՝ տարբերվող, երբեմն՝ ոչ քաղաքական, երբեմն անգամ՝ բժշկական։ Բայց ցանկացած նորմալ պետության համար Արմեն Աշոտյանի նման քաղաքական գործչի գոյությունը քաղաքական դաշտում, անգամ ընդդիմադիր դաշտում, ոչ թե վատ է կամ սպառնալիք, այլ ընդհակառակը՝ օգտակար է։ Անգամ ընդդիմադիր գործիչը, որը տեղյակ է և ունի պետականության գաղափարը կրելու հավատամք, դա միայն ու միայն կարող է օգտակարություն բերել պետականությանը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։
Ըստ նրա, եթե այս դիտանկյունից նայենք, ապա հարց է առաջանում՝ մեկուսացնելով մի քաղաքական գործչի, որը կարող էր արևմտյան տարբեր հարթակներում, իրենց համար հասկանալի քաղաքական լեզվով Հայաստանի շահն առաջ տանել, կամ ներքաղաքական դաշտում իր քննադատություններով փորձեր իշխանություններին սթափեցնել, ո՞ւմ դեմ է, պատասխանը մեկն է՝ միայն ու միայն պետության։
«Այստեղ տեսնում ենք, որ Արմեն Աշոտյանի մեկուսացումը, բնականաբար, առաջին հերթին՝ ունի քաղաքական դրդապատճառներ, թե դրա տակ իրավական ի՞նչ է դրված, արդեն այլ հարթության խնդիր է։ Սա առաջին հերթին քաղաքական դրդապատճառներ ունի և կոնկրետ վնաս է իշխանությանը, կոնկրետ անձին, ոչ թե պետությանը։ Հետևաբար, Արմեն Աշոտյանի մեկուսացումը միայն ու միայն վնաս է տալիս Հայաստանի պետականությանը և օգտակար է միայն ու միայն ՀՀ այս պահի քաղաքական ուժին։ Արմեն Աշոտյանի ազատազրկումը բխում է իր քաղաքական գործունեությունից, իր վերլուծություններից, որոնք հիմա էլ հնարավոր չէ լռեցնել, անգամ բանտի խցից նա շարունակում է իր վերլուծություններն անել։ Այնպես որ՝ սա ընդհանուր այս բռնատիրական մթնոլորտի տրամաբանությունն է և օրինաչափ զարգացումը»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում