ԿԽՄԿ-ն արձագանքել է չթույլատրված ապրանքներ տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.
«ԿԽՄԿ-ն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին և անընդունելի է համարում նման գործողությունները։ Հայտնում ենք, որ ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել։ Փոխադրվող ողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից։
Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։
Լաչինի միջանցքի երկայնքով մեր աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի։ Կենսական նշանակության այդ աշխատանքի շրջանակներում ավելի քան 600 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով, ինչպես նաև բժշկական պարագաներ, սնունդ, մանկական կեր և առաջնային նշանակության այլ իրեր են փոխանցվել տեղական բուժհիմնարկներ և ընտանիքների։
Շատ կարևոր է, որ այդ աշխատանքները շարունակվեն։ Մեր գործունեությունը մշտապես փոխհամաձայնեցվում է կողմերի հետ և հազարավոր մարդկանց կյանքի վրա կենսական ազդեցություն ունի»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է առանց այդ էլ սահմանափակ երթևեկությունը Լաչինի միջանցքով: