Նիկոլ Փաշինյանը տնտեսում է Ադրբեջանի բյուջեի ծախսերը
ԱԺ իշխող խմբակցության պատգամավորների քվեարկությամբ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը հեռացվեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Իշխանությունը հերթական անգամ ցույց տվեց, որ ժողովրդավարության, սահմանադրականության, օրինականության նկատմամբ առաջնորդվում է Ալեն Սիմոնյանի սկզբունքով, այսինքն՝ թքած ունի։
Հերթական անգամ կոպտագույն կերպով ոտնահարելով բոլոր և չթվարկված շատ սկզբունքներ, իշխանությունները հասարակությանն ու աշխարհին ուղերձ են հղում, որ բոլոր հնարավոր միջոցներով շարժվում են դեպի ավտորիտարիզմ։ Իրականում, ընդդիմադիր պատգամավորի կողմից խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելն ուներ ավելի շատ խորհրդանշական իմաստ, և այդ նպատակով էլ այն օրենքով հատկացված է ընդդիմությանը։
Ոչ իշխանական հանձնաժողովի նախագահն այդ պաշտոնում կատարում է իշխանությանը վերահսկողի, հակակշռողի գործառույթ, որը հատկապես վերջին շրջանում սկսել է նյարդայնացնել Նիկոլ Փաշինյանին։ Նա, նախ, լուծեց տեղական ինքնակառավարման մարմինների ոչ իշխանական ղեկավարների հարցը։ Հիմա ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում դատական համակարգում, որն ինքնուրույնության ու իշխանությանը հակադրվելու նշաններ էր ցույց տալիս։ Հաջողության հասնելու դեպքում Կարեն Անդրեասյանն առաջիկայում ղեկավարին կզեկուցի, որ դատական համակարգի տոտալ հնազանդեցման հանձնարարությունը կատարված է 100 տոկոսով։ Ահա այս նույն դրդապատճառներն են ընկած նաև Թագուհի Թովմասյանին պաշտոնից հեռացնելու հարցում։ Նա՝ իրականում որոշ դեպքերում լինելով ոչ այնքան արմատական ընդդիմադիր, այդուհանդերձ երբեմն համարձակվում է ունենալ ելույթներ, կատարել հայտարարություններ, որոնք դուր չեն գալիս Նիկոլ Փաշինյանին, և նա որոշել է պատժել
։ Դա է ավտորիտար համակարգերի առանձնահատկություններից մեկը՝ գործում է ոչ թե օրենքը, այլ միանձնյա իշխանությունը կրողի կամքը և նրան հակադրվողներին պատժելու ինստիտուտը։
Տեղի ունեցածը, սակայն, ունի ոչ միայն ներքին, այլ նաև որոշակի արտաքին դրդապատճառներ։ Թագուհի Թովմասյանը վերջին շրջանում բավական ակտիվ էր միջազգային կառույցների հետ աշխատանքի առումով, նրանց անընդհատ նամակներ էր հղում՝ հատկապես Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի, արցախահայերի իրավունքների, Ադրբեջանի՝ էթնիկ զտման քաղաքականության մասին։ Նրան հեռացնելով հանձնաժողովի նախագահի պաշտոնից, Նիկոլ Փաշինյանը հընթացս լուծում է նաև այդ խնդիրը՝ իրականում զգալի մարդկային ու նյութական ռեսուրսների խնայողություն ապահովելով Ադրբեջանի համար։
Վերջինս նաև Թովմասյանի հղած նամակներին հակադարձելու, դրանցում ներկայացված մեղադրանքները չեզոքացնելու համար պետք է զգալի մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ ծախսեր, այդ թվում՝ արտերկրում աշխատող դիվանագետների, իրավաբանների, լոբբիստների վրա։ ՔՊ խմբակցության մեկ քվեարկություն, և այդ հարցը դուրս է գալիս օրակարգից։ Բացառված չէ, իհարկե, որ այս հարցում Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ աշխատում է «ատկատով»՝ Հայաստանում չեզոքացնելով ադրբեջանական բյուջեի ծախսերն ավելացնող գործոնները՝ փոխարենը հետ ստանալով խնայված մանաթների, ասենք, 20 տոկոսը։
Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա վստահաբար ընդդիմադիր պատգամավորին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելն ավելացնելու է նրանց տեսողությունը, և արևմտյան դեսպաններն ի դեմս Հայաստանի՝ Հարավային Կովկասում նկատելու են ոչ թե «ժողովրդավարության պայծառ կետ», այլ «ժողովրդավարության այրվող հրաբուխ»։ Նրանց տեսությունն այդպիսի առանձնահատկություն ունի, երբ խոսքը վերաբերում է սեփական «շան որդիների» կայացմանը։
Հարություն Ավետիսյան