Բերձորի միջանցքի բացման բանալին Հայաստանում է. միայն իշխանափոխությունը կարող է շտկել իրավիճակը. Ավետիք Իշխանյան

2023թ. հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2023 թվականի փետրվարի 22-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման լրացման մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ, որը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է իր որոշումն առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի։

Հիշեցնենք՝ 2023 թվականի փետրվարի 22-ին Հաագայի դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Հուլիսի 6-ի որոշման մեջ, սակայն, Դատարանը գտել է, որ այս պահին չկա իր 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը լրացնելու անհրաժեշտությունը:

Կարդացեք նաև

Թեմայի վերաբերյալ 168.am-ը զրուցեց իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ:

– Ինչի՞ մասին է Հաագայի դատարանի այս որոշումը, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը թքած ունի Դատարանի որոշման վրա ու իր նպատակներին հասնում է ագրեսիվ, այդ թվում՝ ռազմական գործողությունների միջոցով։

– Այն օրվանից, երբ ադրբեջանցիների կողմից փակվեց Բերձորի միջանցքը, տարբեր երկրների ղեկավարներ, պատգամավորներ, նաև՝ միջազգային, այդ թվում՝ իրավապաշտպան կազմակերպություններ, կա՛մ  անկեղծ, կա՛մ հերթապահ մտահոգություններ էին հայտնում և կոչ անում բացել միջանցքը։ Հայաստանի տարբեր պետական պաշտոնյաներ՝ արտգործնախարար, հատուկ հանձնարարություններով դեսպան և այլ գործիչներ, իրենց հանդիպումների, միջազգային համաժողովների ժամանակ, իրենց հերթին՝ ներկայացնում էին իրավիճակը և․․․ իրենց պարտքը լիովին կատարած համարում։ Այս բոլոր կոչերից, մտահոգություններից, իհարկե, ամենակարևորը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումն էր։ Այդ բոլոր կոչերը, մտահոգությունները, հատկապես, այս որոշումը մեծ հույսեր առաջացրեց հայ հասարակության շրջանում, քանի որ մեր ընդհանրական քաղաքական մտածողությունը մնացել է 19-րդ դարի մակարդակում, այն է՝ հույսեր, սպասելիքներ, այսպես կոչված քաղաքակիրթ, միջազգային հանրությունից։

Եվ, ինչպես շուրջ 150 տարի առաջ, մեր քաղաքական միտքը կարծում է, որ այդ նույն միջազգային հանրությունը թույլ չի տա նոր ցեղասպանություն։

Այսպես կոչված, այդ միջազգային իրավունքը երբևէ չի գործել անաչառության սկզբունքով, իսկ այսօր, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, երբ ձևավորվում է նոր աշխարհակարգ, առավել ևս՝ չեն գործում միջազգային մեխանիզմները։ Եվ Ադրբեջանի ղեկավարը շատ լավ գիտակցում է ստեղծված իրավիճակը և շտապում օգտվել դրանից։

Դրա վառ ապացույցն էր երեկ Ադրբեջանի արտգործնախարարի ցինիկ, կոշտ պատասխանը Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովային։ Ի տարբերություն մեզ, Ադրբեջանն ունի իր առջև դրված հստակ նպատակ, որի առաջին փուլն Արցախի հայաթափումն է։

– Հաագայի դատարանը գտել է նաև, որ այս պահին չկա իր որոշումը լրացնելու անհրաժեշտություն։ Ի՞նչ լրացումների մասին է խոսքը, և եթե դրանք կարող են նպաստել խնդրի կարգավորմանը, ինչո՞ւ է Դատարանը հապաղում, երբ 120 000 մարդ Արցախում տառացիորեն պաշարման մեջ է։

– Եթե Հաագայի դատարանի՝ արդեն կայացրած որոշումը լիներ իսկապես պարտադիր կատարման համար, և Ադրբեջանն այն չկատարեր, ապա տրամաբանորեն, բոլոր ՄԱԿ-ի անդամ երկրները և, այսպես կոչված, միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ կիրառեին  Ադրբեջանի նկատմամբ։ Բայց մենք տեսանք, որ ոչ միայն ոչինչ չձեռնարկվեց, այլև Բաքվում կայացավ Չմիավորված երկրների արտգործնախարարների համաժողով, որտեղ ագրեսիվ ելույթով հանդես եկավ Ադրբեջանի նախագահը՝ սպառնալով Ֆրանսիային։

Իհարկե, տեսականորեն, Հաագայի դատարանը, օրինակ, կարող էր  որոշում կայացնել,  Ադրբեջանի նախագահին համարել պատերազմական հանցագործ և կալանքի որոշում կայացներ։ Բայց, Հաագայի դատարանը, ինչպես միջազգային այլ կառույցներ, չի շարժվում զուտ միջազգային իրավունքի և հումանիստական նորմերով, այլ իրենց թելադրվող քաղաքական պատվերներով։

– Ինչո՞ւ է Լաչինի միջանցքը մինչև այժմ փակ։ Ի՞նչ պետք է աներ և պետք է անի Հայաստանի իշխանությունը միջանցքը բացելու համար, թեպետ գործող իշխանություններն ուղիղ տեքստով ակնարկում են, որ այդ հարցն իրենց օրակարգում չկա ու իրենց չի հուզում։

-Բերձորի միջանցքի փակման հիմնական, եթե ոչ՝ միակ պատճառը Հայաստանի վարչապետ կոչեցյալի կողմից  2022թ. հոկտեմբերի  2-ին Պրահայում, հրապարակայնորեն Արցախի ուրացումն էր՝ Արցախը համարելով Ադրբեջանի տարածք։ Եթե Հայաստանը համարում է Արցախն Ադրբեջանի տարածք, ապա Ադրբեջանն իրավասու է դառնում իր տարածքում կատարել այն, ինչ ցանկանում է։ Այնպես որ, Բերձորի միջանցքի փակումը վստահաբար կարելի է համարել հայ-ադրբեջանական հերթական գործարք։ Ի դեպ, դրան նախորդեց Աղավնոյի, Բերձորի, Սուսի հայաթափումը, որն էլ իրականացրեց Արցախի իշխանությունը, Հայաստանի վարչապետ կոչեցյալի հանձնարարությամբ։ Նախարար կոչվող Հայկ Խանումյանն անձամբ էր համոզում բնակիչներին թողնել իրենց տները և հեռանալ։

Եվ իսկապես, Հայաստանի իշխանություններին բացարձակապես չի հուզում մեր արցախցի հայրենակիցների ճակատագիրը։ Նրանց այդ հայտարարությունները, տարբեր դեսպաններին իրավիճակի ներկայացումները բացարձակապես կեղծ են և արվում են ձևի համար։

Եվ, ներեցեք, ոչ միայն իշխանությունները, այլև հանրության, մտավորականության զգալի հատվածին այդ հարցը չի հետաքրքրում։ Այդ մասին են վկայում, որ Արցախի համար այս ճակատագրական օրերին, կարծես ոչինչ չի եղել, վարչապետ կոչեցյալը Վրաստանում, ժպիտը դեմքին՝ ֆուտբոլի խաղ է վայելում, վարչապետուհին Սևանի ափին հանգիստն է վայելում, Երևանում անցկացվում է գինու փառատոն, իսկ երեկ  բացվեց «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը… Կարծում եմ նաև, որ այս զուգահեռ իրականությունն է պատճառներից մեկը, որ տարբեր միջազգային կառույցներ լուրջ չեն վերաբերվում Հայաստանի հայցերին։

Պատկերացրե՛ք, որ ընտանիքում մեկը ծանր հիվանդ պառկած է մի սենյակում, իսկ մյուս սենյակներում ընտանիքի մյուս անդամների համար քեֆ-ուրախություն է։ Հարց՝  ի՞նչ կմտածեք այդ ընտանիքի բարոյականության մասին։

Բերձորի միջանցքի բացման բանալին Հայաստանում է։ Միայն իշխանափոխությունը կարող է շտկել իրավիճակը։ Իսկ մինչ այդ հույսներս պետք է դնենք արցախցի մեր հայրենակիցների համառության վրա։ Իհարկե, հեշտ է Երևանից հորդորել համառության դրսևորում, բայց այլ ելք գոյություն չունի։

Դիմացե՛ք, սիրելի՛ արցախցիներ, ձեր համառությամբ է միայն հնարավոր և Արցախի, և Հայաստանի փրկությունը։

Տեսանյութեր

Լրահոս