Բնակչության հաշվին լուծում են իրենց բնակարանները գազով ապահովելու խնդիրը. Ինչո՞ւ չիջեցրին գազի սակագինը

Թվում է, թե դրամի ամրապնդումն օբեկտիվորեն պիտի հանգեցներ գազի սակագնի նվազեցման։ Նախկինում, երբ դրամն արժեզրկվում էր, այն էլ՝ ոչ այնքան, ինչքան այժմվա արժևորումը, շտապում էին բարձրացնել սակագները։

Մեկ տարուց ավելի է՝ դրամն առնվազն 20 տոկոսով արժևորվել է, բայց չեն ուզում իջեցնել սակագները։

Սակագներն իջեցնելու փոխարեն՝ բնակչության հաշվին լուծում են իրենց բնակարանները գազով ապահովելու հարցը։ Խնդիրն այն է, որ փոխարժեքից կախվածությունը մեծ է հատկապես բնակչությանը մատակարարվող գազի սակագնի պարագայում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակչության սակագները հաստատված են դրամով։ Ու երբ դոլարի նկատմամբ դրամն ամրապնդվում է, այն էլ այսպիսի տեմպով, դա պիտի հանգեցներ բնակչության սակագնի նվազեցման։ Այնպես, ինչպես ժամանակին բարձրացնում էին սակագները, երբ դրամը թուլանում էր։

Գործող սակագները հաշվարկված են դոլարի նկատմամբ 480 դրամ փոխարժեքով։ Այնինչ՝ դոլարի գինը հիմա դրանից գրեթե 100 դրամով ցածր է։

Սա միանշանակ պիտի հանգեցներ բնակչությանը վաճառվող գազի գնի նվազեցման։

Այլն է խոշոր սպառողների պարագան, որոնց սակագինը հաշվարկված է դոլարով։ Երբ դոլարն էժանանում է, խոշոր սպառողների համար սակագինն ավտոմատ իջնում է։ Այսինքն՝ ավելի քիչ են սկսում վճարել։

Հիմա այնպես է ստացվել, որ խոշոր սպառողների համար գազի սակագինը նվազել է, այն էլ՝ առնվազն 20 տոկոսով, իսկ բնակչության համար մնացել է նույնքան բարձր, որքան նախկինում։ Դրա հետևանքով բնակչությանը և խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագների միջև բավական մեծ խզում է առաջացել։ Բնակչության համար գազը հիմա անհամեմատ ավելի թանկ է, քան խոշոր սպառողների պարագայում։

Խախտված հավասարակշռությունը վերականգնելու համար, թվում էր, թե պիտի բնակչության սակագինն իջեցնեին, իսկ խոշորներինը՝ նույնիսկ բարձրացնեին։

Այնինչ՝ որոշել են երկուսինն էլ թողնել նույնը՝ չնայած նրան, որ բնակչությունը մեծապես տուժում է դրանից, իսկ խոշոր սպառողները՝ մեծապես շահում։

Կարող էին անգամ խոշորների համար սակագինը չբարձրացնելով՝ նվազեցնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը։ Բայց կառավարությունը որոշել է բնակչության սակագները նվազեցնելու հաշվին ընդլայնել գազաբաշխման համակարգը և գազով ապահովել նորակառույցներում ձեռք բերած իրենց բնակարանները։

«Փոխարժեքի դրական արդյունքը հնարավորություն է տվել մեզ ներդրումային ծրագիր իրականացնել համակարգում։ Դա կլինի Երևան քաղաքի գազամատակարարման համակարգի վերականգնումը, որը ենթադրում է Երևան մտնող 4 ուղղություններով բոլոր գազաբաշխիչ կայանների՝ ամբողջությամբ նորերով փոխարինում, ինչպես նաև` նոր խողովակաշարի կառուցում։ Դրա արդյունքում Երևանում սպառվող գազի ծավալը կրկնապատկվելու է»,- հայտարարում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։

Վերջին տարիներին Երևանում բազմաթիվ նոր բնակելի շենքեր են կառուցել, ինչի հետևանքով ավելացել ու շարունակում է ավելանալ նաև սպառողների քանակը։ Առկա գազաբաշխման համակարգը չի բավարարում առաջացած լրացուցիչ պահանջարկին։ Անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել ցանցի հզորությունները, ինչը միանգամայն նորմալ է։

Բայց դա կարող էին անել ոչ թե բնակչության սակագները չնվազեցնելու, այլ գազամատակարար ընկերության ներդրումային ծրագրերի կամ, եթե այդքան շատ էին ուզում, պետական բյուջեի միջոցների հաշվին։

Սովորաբար ընկերությունը ներդրումներ անում է, հետո սակագների միջոցով հետ է ստանում գումարները։ Քանի որ գազամատակարար ընկերության ներդրումային ծրագրերում առաջիկա տարիներին նման առաջնահերթություններ չկան, որոշել են իրենք անել, բայց բնակչության սակագները չնվազեցնելու հաշվին։ Մի բան էլ արդարացում են գտել, թե նպատակահարմար չէ բնակչության սակագները նվազեցնելը, որովհետև դա հետագայում ռիսկեր կառաջացնի։

«Փոխարժեքով պայմանավորված գնիջեցումը կարող է շատ ռիսկային լինել, այն էլ՝ ամառային ամիսներին։ Ամռանը գրեթե գազի սպառում չկա` գազասպառումը եռակի, քառակի անգամ նվազում է։

Փոխարժեքով պայմանավորված ինչ-որ նվազեցում անել, իսկ հետո աշնանը կամ ձմռանը, եթե ունենանք փոխարժեքի բարձրացում, դա շատ ավելի վատ անդրադարձ կունենա բնակչության համար սահմանված սակագնի վրա»,- ասում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։

Երբ ժամանակին՝ փոխարժեքով պայմանավորված, սակագները բարձրացնում էին, ռիսկեր չկային։ Այնինչ՝ այժմ, որ գնիջեցման հնարավորություն է ստեղծվել, պարզվում է, նման քայլի գնալը ռիսկային է ու վտանգավոր։

Ի՞նչ կապ ունի սեզոնայնությունը սակագների նվազեցման հետ, երբ դրանք հաստատվում են սովորաբար տարվա կտրվածքով, և եթե ամռանը սպառումը նվազում է, ապա ձմռանն ավելանում է։ Սակագները հաշվարկվում են ոչ թե ամռան ու ձմռան, այլ տարվա սպառումների հիման վրա։ Եվ ոչ մի նշանակություն չունի, որ ամռանը սպառումը նվազում է, իսկ ձմռանը՝ ավելանում։

Պարզապես ուզում են սրանով ինչ-որ կերպ հիմնավորել բնակչության՝ գազի սակագների նվազեցումից հրաժարվելը։

Այնինչ՝ երբ անցած տարվա սկզբին դրամը սկսեց արժևորվել, և մեկ տարուց ավել է, ինչ գտնվում է արժևորված վիճակում՝ գլուխ էին կոտրում, թե դա անպայման հանգեցնելու է գազի սակագների նվազեցման։

Տեսնում ենք, թե ինչքանով է հանգեցրել։ Այն ժամանակ գլուխ կոտրողները հիմա լռում են, այլևս չեն խոսում սակագները նվազեցնելու մասին, որքան էլ դրա համար բոլոր հիմքերն առկա են։ Պարզապես նպատակահարմար չեն գտնում։

Նախկինում իշխանությունների այսպիսի հանդգնությունը Նիկոլ Փաշինյանը մեծ իրադարձություն կդարձներ, կասեր, որ թալանում ու կեղեքում են աղքատ ժողովրդին, իսկ այսօր անում է այն, ինչի համար ժամանակին նախկիններին էր մեղադրում։

Կառավարությունը որոշել է, որ գազի սակագինը բնակչության համար չպիտի իջնի, Հանձնաժողովն էլ, լինելով իբր անկախ մարմին, լռելյայն համաձայնել է։

Դա նշանակում է, որ բնակչությունն առաջիկայում կշարունակի նույնքան բարձր գին վճարել գազի համար, որքան վճարում է նախորդ տարվա թանկացումից հետո։

Հիշեցնենք, որ գազի սակագները վերջին անգամ վերանայվել են անցած տարի, երբ Հանձնաժողովը որոշեց ապրիլի 1-ից դրանք բարձրացնել 4,7 դրամով և 139-ից դարձել 143,7 դրամ։

Այս ընթացքում շատ ջրեր են հոսել ու նպաստավոր պայմաններ ստեղծվել, որպեսզի սակագները նվազեցվեն։ Սակագների վրա դրամի արժևորման ազդեցությունը գնահատվում է ընդհուպ 15-16 դրամի չափով։ Այսինքն՝ այդքանով դրանք պիտի իջնեին, բայց չեն իջնի, որովհետև իշխանությունները նպատակահարմար չեն համարում իջեցնել ու էժան գազ տալ բնակչությանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս