«Դա ստախոսության վերջին փուլն է. սպասվում են ներքին գործընթացներ». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիզվառելիքի գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախում առկա իրավիճակին:

«Ես չեմ կարծում, որ վիճակն անելանելի է: Վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները, միանշանակ է: Ես երեկ ուշադիր լսել եմ Վարդան Օսկանյանի առաջարկությունները. Կարծում եմ՝ տրամաբանական են: Այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, իրականացնելի է, այնպես որ, իհարկե, ծանր է վիճակը, դժվարությունները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի վիճակ է»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Երրորդ նախագահի խոսքով՝ իշխանափոխությունը լավագույն լուծումը կլիներ. «Բայց, եթե իրոք կարողանան պայմանավորվել, որ մի խումբ՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, աշխատի, իսկ մնացածը լռեն, կարող է դա էլ իրականանալ: Թեև, ես չեմ կարծում, որ այդ մարդիկ ի վիճակի են այդպիսի պայմանավորվածության գնալ»:

Հարցին՝ այդ խմբում ո՞ւմ է տեսնում, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Առաջարկությունը Վարդան Օսկանյանինն է, կարծում եմ՝ ինքն էլ կառաջարկի»:

Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը, նա նշեց, որ հայտնել են կոլեկտիվ տեսակետ. «Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, Արմեն Աշոտյանին ուղղակի մեկուսացրել են՝ ինչ-որ վախերից ելնելով»:

Հարցին՝ Արցախի հարցի հետ կապված վախերից ելնելո՞վ, նա պատասխանեց. «Ոչ միայն Արցախի հետ կապված հարցերից, ընդհանրապես, ներքաղաքական իրավիճակից մեկուսացնելու, միջազգային մեր գործընկերների հետ հարաբերություններից մեկուսացնելու, շատ ակնհայտ է, չէ՞: Տարբեր հարցումներ են հրապարակվում, և տեսեք՝ մարդկանց մեծ մասն ինչ է մտածում այդ առիթով: Այստեղ կասկածելի ոչինչ չկա բացարձակապես, չկա կասկածելի ոչինչ, երբ 4 տարվա քրեական գործը սառեցնում են, նույն Արմեն Աշոտյանին չեն հարցաքննում մի քանի անգամ, ու հետո ինչ-որ մտացածին բան են հորինում՝ իբր խափանման միջոցի պայմանները խախտելու, փոխում են խափանման միջոցը և Արմեն Աշոտյանին մեկուսացնում են: Ակնհայտ է, չէ՞, որ այդ ամեն ինչը շինծու է, այնպես որ, խնդիրը սրանում է»:

Մադրիդյան փաստաթղթի և կազանյան տարբերակի վերաբերյալ իշխանությունների մեղադրանքներին անդրադառնալով՝ Սերժ Սարգսյանը հետևյալն ասաց.

«Իրականությունը PR-ով փոխարինելը չարագործություն է, և եթե դրանով զբաղվում է բարձր պաշտոնյան, նա է դառնում չարիք: Երկրորդ՝ սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը անբարոյականություն է, իսկ այնտեղ զրպարտանքի շատ մեծ չափաբաժին կար: Երրորդ՝ հոգեբաններն ասում են, որ ստախոսները ի վերջո գալիս են՝ հասնում մի հանգրվանի, երբ իրենք են սկսում իրենց ստերին հավատալ, բայց կա մի հուսադրող հանգամանք. Նրանք նաև ասում են, որ դա ստախոսության վերջին փուլն է: Հույս ունեմ, որ մենք գտնվում ենք այդ վերջին փուլում»:

Ճշտող հարցին՝ ներքին գործընթացնե՞ր են սպասվում, նա պատասխանեց. «Այո, իհարկե, սպասվում են, ո՞նց կարող են գործընթացներ չլինել: Իսկ լրջորեն պատասխանել մի մարդու, ով հրապարակավ խոստովանում է, որ զինվորականները 10-ից ավելի անգամ իրեն խաբել են 44-օրյա պատերազմի ժամանակ, դուք պատկերացնո՞ւմ եք՝ մարդ, ում 10 անգամ կարող են խաբել, և ինքը դա չզգա: Այսինքն՝ կառավարման ի՞նչ ունակություն կամ ի՞նչ գիտելիք պետք է ունենա այդպիսի մարդը: Մեր ամբողջ ողբերգության պատճառը դրանում է կայանում, ուրիշ ոչ մի բանում»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ իշխանության գալուց հետո իր մոտ կասկածներ են առաջացել, որ պատերազմ է լինելու, դրա համար են իրեն թույլ տվել գալ իշխանության, ի՞նչ կասեք այս մասին, նա պատասխանեց. «Ինքը իշխանության գալուց հետո՞ է իմացել, բա եթե դրանից հետո է իմացել, ինչո՞ւ են հղում անում 2016-17թթ. իմ ասածների վրա: Եթե իրենք իմացել են, որ այդպես է, բա ինչի՞ էին իրենց ճղում՝ իշխանության գալու: Ե՞ս եմ ասել՝ կամ ես պետք է լինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Այդ մարդկանց բոլոր ասածները իմ նախորդ ասածների մեջ տեղավորվում են»:

Տեսանյութեր

Լրահոս