Զուգահեռ իրականություններ, որոնցում մսխվում են հարյուրավոր միլիոն դոլարներ
Կառավարման տեսության հիմնադիրներից Ֆրեդերիկ Թեյլորն աշխատանքի արտադրողականության բարձրացման մասին իր թեզերը պատկերավոր ներկայացնելու համար նշում էր, որ մարդիկ հեշտությամբ են արձագանքում բնական հանածոների, անտառանյութի կամ ջրային պաշարների վատնումներին, պայքարում են դրա դեմ, սակայն միանգամայն անտարբեր են, երբ վատնվում, մսխվում է մարդկային աշխատանքը։ Լայն իմաստով հենց այս հայեցակարգային մոտեցումը նախորդ դարի սկզբին հիմք դարձավ կառավարման դպրոցի ստեղծման համար, որը, անկասկած, իր ազդեցությունն ունեցավ համաշխարհային զարգացումների վրա։
Թեյլորյան այս մոտեցումը, փոքր-ինչ վերափոխված ու առանձնահատկություններով, միանգամայն կիրառելի է հայաստանյան քաղաքականության համար։
Իշխանությունը հետևողական քայլերով պետությունը տանում է կործանման, Արցախի հանձնումից հետո գոյաբանական սպառնալիքի առջև է կանգնած Հայաստանը, այս մարտահրավերները հաղթահարելու որևէ առարկայական ռազմավարություն, ծրագիր քաղաքական վերնախավը չունի։ Մարդկանց մի մասի գնահատմամբ՝ սա հստակ մշակված, դավաճանական ծրագիր է, ոմանք այս ամենը վերագրում են իշխանության անձեռնհասությանը, անգրագիտությանը, ոչ պրոֆեսիոնալիզմին։
Անկախ նրանից, թե նշված վարկածներից որն է համապատասխանում իրականությանը, փաստ է, որ Հայաստանում որոշումների կայացման գործընթացում առկա է մտավոր, ինտելեկտուալ ռեսուրսի լրջագույն դեֆիցիտ։ Միևնույն ժամանակ և հակասականորեն՝ ոչ իշխանական շրջանակներում (պարտադիր չէ միայն ընդդիմադիր), քաղաքացիական, փորձագիտական տիրույթում առկա է ինտելեկտուալ բավական լուրջ ներուժ՝ պետության ու հասարակության կենսագործունեության ամենատարբեր ոլորտների հետ կապված հարցերում։
Մամուլում, սոցիալական ցանցերում, ամենատարբեր բանավեճային ակումբներում կարելի է հանդիպել տասնյակ ոլորտային մասնագետների, փորձագետների, հանրային գործիչների, որոնք, ի տարբերություն «հաստիքային փորձագետների» (հիմնականում՝ իշխանական, որոշ չափով՝ նաև ընդդիմադիր պատկանելությամբ), հանդես են գալիս հիմնավոր, փաստարկված, առարկայական մոտեցումներով, առաջարկներով, առնվազն ոլորտային հիմնախնդիրները հաղթահարելու ռազմավարական տեսլականներով և այլն։ Սա պետության, հասարակության մասշտաբով իրականում լուրջ ռեսուրս է, որի կայացման համար անհատական մակարդակում ծախսվել է տարիների աշխատանք, կրթություն, մասնագիտացում, որակավորում։ Դրամական արտահայտությամբ, ինտելեկտուալ այդ ռեսուրսի հավաքական արժեքը՝ ներառյալ դրա ներուժային հնարավորությունները, կարող է չափվել տասնյակ, հավանական է՝ հարյուրավոր միլիոն դոլարներով։ Բայց այդ ռեսուրսը գործնականում մսխվում է, վատնվում է, փոշիացվում է, որովհետև որևէ կերպ ներգրավված չէ որոշումների կայացման գործընթացում։ Սակայն դա արդեն ոչ թե այդ ինտելեկուալ շրջանակների, այլ առավելապես իշխանության, իշխանության որակի ու բնույթի խնդիր է։
Նախ, իշխանությունը հավաքականորեն առաջնորդվում է ինքնահավանության ու ամենագետության մեծամիտ կանխավարկածով և որևէ հարցում որևէ խորհուրդ, կարծիք անգամ լսելու ազդակ չի հղում։ Մյուս կողմից, շատ ավելի խորքային խնդիր է այն, որ հատկապես 44-օրյա պատերազմից, դրան հաջորդած գործողություններից հետո ու հասարակության շրջանում դավաճանության մասին այդպես էլ չփարատվող գնահատականներով պայմանավորված՝ իշխանությունը շատերի համար դարձել է «ոչձեռքսեղմելի»։ Այսինքն՝ մասնագետների զգալի մասն անարժանապատիվ է համարում գործող իշխանության հետ ոչ միայն ասոցացվելը, այլ անգամ որևէ շփումը։ Դա առաջացնում է հսկայական վակուում, վիթխարի վիհ՝ իշխանության տգիտության, չիմացության, ոչ պրոֆեսիոնալիզմի ու ինտելեկտուալ շրջանակների, փորձագետների, հանրային գործիչների մտավոր կարողությունների միջև։
Վերը նշված պատճառներով ու նաև հաղորդակցության գրեթե տոտալ բացակայության բերումով այդ վակուումը լցվում է տեղեկատվական, քարոզչական աղբով, հայհոյախոսությամբ ու պոպուլիզմով, իսկ ինտելեկտուալ ռեսուրսը շարունակում է, ըստ էության, իր մարգինալացված, օտարված գոյությունը և փոշիանում է՝ որոշումների կայացման վրա ֆունկցիոնալ ազդեցություն չունենալու պատճառով։ Նաև սրա արդյունքում է, որ Հայաստանն ապրում է համաժամանակյա մի քանի իրականություններում՝ սկսած իշխանության տգիտության իրականությունից՝ մինչև փոշիացվող ինտելեկտուալ ռեսուրսի իրականություն և դրանց միջև ամեն օրվա հետ խորացող անդունդ, որը լցվում է առավելապես իշխանության կողմից գեներացվող իմիտացիոն իրականությամբ։
Հարություն Ավետիսյան