Բաժիններ՝

Սեպտեմբերից հանրապետության 10 դպրոցներում արհեստական բանականություն կսովորեն

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի (ԿԳՄՍ) նախարարության հետ հայտարարել են բաց մրցույթ՝ ավագ դպրոցի բաղադրիչ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ միանալու և փորձարկելու «Արհեստական բանականության սերունդ» դպրոցական երաշխավորված ծրագիրը։

Մրցույթի արդյունքում կընտրվեն ծրագրի չափանիշներին համապատասխանող մայրաքաղաքի ու մարզերի տասն ավագ դպրոցները, որոնց աշակերտները հնարավորություն կունենան ուսումնասիրել խորացված մաթեմատիկա, ծրագրավորում՝ Python լեզվի հիման վրա, արհեստական բանականություն՝ ընդհանուր և խորացված ծրագրով, իրականացնել պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում և կուտակել կրեդիտներ բարձրագույն ուսումնական հաստատություններ փոխարկելու համար։

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի նպատակը աշակերտներին ոչ միայն համապատասխան գիտելիքներով զինելն է, այլև ներուժ ունեցող աշակերտներին գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (ԳՏՃՄ) ոլորտներ ուղղորդելն և գիտնականի կարիերայի հեռանկարը ավելի առարկայական դարձնելն է։

Նախարարությունը կարևոր է համարում այս ծրագրի իրականացումն ու փաստում, որ ԳՏՃՄ ուղղության զարգացումը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի։

«Վստահ եմ՝ այս ծրագրով կարողանալու ենք որակական փոփոխություն արձանագրել։ Մենք էապես բարելավելու ենք նաև մեր ուսուցիչների մասնագիտական կարողությունները։ Այս համագործակցությունը պարտադրված է լինել պետություն-մասնավոր-հանրային հատված ներգրավմամբ, որովհետև կրթությունը բոլորիս գործն է»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամից նշել են, որ ծրագրի պիլոտային փուլից հետո այն նախատեսվում է ընդլայնել ու հասանելի դարձնել մեծաթիվ աշակերտների:

«Արհեստական բանականությունն աշխարհի ամենազարգացող ուղղություններից է, և, որպեսզի մեր երկիրը և երեխաները ապագայում մրցունակ լինեն աշխարհի մակարդակով, պետք է այս կրթությունը սկսել դպրոցական ծրագրից։ Մեր տեսլականն է՝ բոլոր ռեսուրսները՝ պետական և մասնավոր, համախմբելով հասնել համակարգային փոփոխության»,- ընդգծել է FAST-ի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը։

FAST հիմնադրամն ուսումնասիրել է միջազգային փորձն ու ներգրավել կրթության ոլորտի համահայկական ներուժը՝ ծրագրի ողջ ընթացքում ստանալով մասնագիտական բազմակողմանի խորհրդատվություն։

«ԱԲ սերունդ» ծրագրով նախատեսվում են դասավանդող խմբի վերապատրաստումներ և մենոթորական ծրագիր՝ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ։ Մաթեմատիկայի դեպքում վերապատրաստման դասընթացներ կիրականացվեն դպրոցների ուսուցիչների համար, մշակվում են նաև նոր մեթոդաբանությամբ ուսուցչական ռեսուրսներ: Ծրագրավորման և արհեստական բանականության պարագայում կրթությունը կհիմնվի առցանց հարթակների և ինքնուսուցման վրա, ինչպես նաև կիրականացվի հրավիրյալ մասնագետների միջոցով՝ հիբրիդային եղանակով, համագործակցելով դպրոցի թվային գրագիտության և համակարգչային գիտության ուսուցիչների հետ։

Արհեստական բանականության ուղղությամբ կրթության շարունակականության ապահովման նպատակով «ԱԲ սերունդ» ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաև բուհական ծրագրերի ներդրման կամ բարելավման շուրջ աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս