Վաշինգտոնում գլխավոր խնդիրը՝ ԼՂ ապագան չի հստակեցվելու․ Ուվե Հալբախ

Չնայած Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիային, որը հանգեցրեց 4 արցախցի զինծառայողի մահվան, Վաշինգտոնում շարունակվում են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Բանակցությունների ավարտը նախատեսվում է այսօր պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ փակման նիստին։

Սակայն տեղեկացնենք, որ բանակցությունները մեկնարկեցին հունիսի 27-ին Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առանձին հանդիպումներով պետքարտուղարի հետ։ ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, Միրզոյան-Բլինքեն հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման կարևոր գործոն:

Հաջորդ օրը կայացել է եռակողմ հանդիպում ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի մասնակցությամբ։

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, Արարատ Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների պատշաճ հասցեագրման կարևորությունը: «Անդրադառնալով ԼՂ-ում Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությանը, որի արդյունքում այսօր ԼՂ ՊԲ-ն ունեցել է չորս զոհ՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ նման գործողությունները միտված են խաթարել բանակցային գործընթացին ուղղված ջանքերը և ընդգծել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման հրամայականը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ այդ գործողությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ԼՂ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման՝ Ադրբեջանի կողմից միտումնավոր խափանումներին զուգահեռ, ինչը միտված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելուն»,- ասված էր հաղորդագրությունում։

Ի դեպ, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները շատ անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստների կապակցությամբ և ցավակցություն են հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին: Նա շեշտել է, որ ԱՄՆ-ը հանձնառու է շարունակել աջակցել կողմերին հասնել խաղաղության։ Իր հերթին՝ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել շարունակել առաջ շարժվել դեպի խաղաղություն:

«Ուրախ էինք այսօր Սպիտակ տանը միասին հյուրընկալել Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Ես կոչ արեցի Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջ շարժվել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից և թուլացնել լարվածությունը՝ վստահություն ձևավորելու համար»,- թվիթերում գրել էր ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Մեզ հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ պայմանավորված վերջին զարգացումներով՝ վաշինգտոնյան բանակցությունների գլխավոր թեման դարձավ ԼՂ բնակչության անվտանգության հարցը, քանի որ զոհերի փաստն անտեսել հնարավոր չէ։

Ըստ նրա, գլխավոր հարցը հենց ԼՂ ապագան է, ու այս հարցում դիրքորոշումները միանշանակ չեն։

«Արևմուտքն այլ դիրքորոշում ունի, Ռուսաստանը՝ այլ, Երևանն ու Բաքուն՝ այլ, իսկ Ստեփանակերտը՝ մեկ այլ։ Հասարակությունները ևս ՀՀ-ում և ԼՂ-ում տարբեր տեսլականներ ունեն ԼՂ ապագայի վերաբերյալ։

Ակնհայտ է, որ ԼՂ-ում մարդիկ իրենց ապագան չեն տեսնում Ադրբեջանի կազմում, դիմադրելու են, ակնհայտ է նաև, որ Ադրբեջանն ավելի է խորացնելու ճնշումները՝ դիվանագիտությանը զուգահեռ, սակայն չի դիմելու լայնածավալ գործողությունների, քանի որ խաղաղապահները թեև իրենց ֆունկցիան լիարժեք չեն կատարում, այնուամենայնիվ որոշակի զսպման մեխանիզմներ ապահովում են, և նրանց բացակայությունը կարող էր ավելի բարդ սցենարների առիթ դառնալ։ Հենց այդ պատճառով ԼՂ բնակչությունը հավատարիմ է ռուսական կողմին և խաղաղապահներին։ Սրանք լուրջ հարցեր են, ինչպես է Արևմուտքը պատկերացնում անվտանգության մեխանիզմների ձևավորումը՝ հաշվի առնելով առկա տրամադրությունները։

Դրանք անտեսել հնարավոր չէ, քանի որ գործ ունեն մարդկային կյանքերի հետ։ Արևմուտքին չհաջողվեց ձևավորել ԼՂ-Ադրբեջան բանակցությունների մեխանիզմ, ու կարծում եմ՝ Արևմուտքը, մասնավորապես՝ Բրյուսելում և Վաշինգտոնում, փորձում են հասկանալ, թե ինչ այլընտրանք կարող են առաջարկել, որն ընդունելի լինի նաև ԼՂ-ի համար։

Երևանը բանակցությունների իր բաժինն իրականացնում է, Երևանի դիրքորոշումները հայտնի են բոլորին և խնդիր չեն Արևմուտքի համար, սակայն խնդիրը ռեգիոնում չի վերանում, քանի որ ԼՂ բնակչությունը դեմ է առաջարկվող օրակարգին»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կանխատեսումների համաձայն՝ վաշինգտոնյան հարթակը հնարավորություն է կողմերի համար քննարկել ներկայիս իրավիճակը, բանակցել, թուլացնել լարվածությունը, սակայն բանակցային այս ռաունդը ևս ամենակարևոր հարցի պատասխանը չի տալու։

«Թերևս, կարելի է սպասել հաջորդ հանդիպումներին, որոնք տեղի են ունենալու Բրյուսելում, ինչպես նաև զարգացումներին գետնի վրա ու դրանց արձագանքներին, որոնք ոչ պակաս կարևոր են։ Ցավոք, այս անցումային փուլն իր ցնցումներով և աշխարհաքաղաքական տարբեր դրվագներով երկարաձգման մեծ ռեսուրս ունի, չի բացառվում, որ Երևան-Բաքու համաձայնություններ կայանան, բայց ԼՂ հարցը մնա նույն կարգավիճակում, թեև Ադրբեջանը հայտարարում է, որ ցանկանում է փաթեթով լուծված տեսնել բոլոր հարցերը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս