Նիկոլը մեր հանդիպմանն ընդունել է, որ կապիտուլյանտ է. և՛ ռուսական, և՛ արևմտյան միջնորդների հետ է պայմանավորվել, ուշ թե շուտ մեկին պետք է գցի. Էդուարդ Շարմազանով

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցերին պատասխանելը քաղաքական կապիկություն էր՝ սեփական ճակատից դավաճանի, պարտության և կապիտուլյանտի դաջվածքը հեռացնելու փորձ, բոլորին կարգել պարտության մեղավոր:
  • 2018 թվականի մայիսի 8-ից հենց Նիկոլ Փաշինյանն է ՀՀ ներքին և արտաքին բոլոր խնդիրների և ձեռքբերումների կրողը, Արցախի կապիտուլյացիայի և Հայաստանի կործանման սկիզբը դնելու պատասխանատուն:
  • Նիկոլ Փաշինյանը, որ ինքն իրեն ներկայացնում էր տավուշյան հաղթանակի կրողը, ուրեմն 44-օրյա պատերազմի պարտության պատասխանատուն էլ է ինքը: Հայտնի խոսք կա՝ «պարտությունը որբ է». Նիկոլն ուզում է ոչ թե պարտությունը որբ սարքել, այլ գցել ուրիշների գրպանը: Ընդ որում, տավուշյան հաղթանակի կրողն էլ ինքը չէր՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն է, ում այսօր կալանավորել է Նիկոլը:
  • Ինքն իր նպատակին չհասավ, իր նպատակը մեկն է՝ փորձել մեղավորներ կարգել գեներալներին, ռազմական ղեկավարներին, ՊԲ սպաներին, բայց ինքն է հիմնական մեղավորը, ինքն է բոլորին այդ պաշտոններին նշանակողն ու պատասխանատուն:
  • Նիկոլի ռեյտինգը հասել է պատմական մինիմումին, ինքն իր ամբողջ խունտայով զբաղված է շոուներ կազմակերպելով, բայց մի բան չի հասկանում, որ նույն գետը երկու անգամ չեն մտնում: Եթե 2018-ին ինչ ասում էր՝ բոլորը հալած յուղի տեղ էին ընդունում, հիմա այդպես չի, և ինքն էլ հասկանում է, որ գահավիժում է:
  • ՔՊ-ականներով քննիչ հանձնաժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրելը նույնն է, ինչ, եթե մենք 2016թ. ապրիլյան պատերազմից հետո քննիչ հանձնաժողով ձևավորեինք ու մենք մեզ հարցեր տայինք:

  • Վատ բեմականացված շոու էր, նպատակն էլ՝ ցույց տալ, ինչպես հայտնի ֆիլմում՝ «Не виноватая я»:
  • Շատ վատ է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը չի հիշում՝ ինչ է ասել 2020 թվականի հոկտեմբերի 19-ին մեզ հետ հանդիպմանը, դա նշանակում է, որ վաղն էլ կարող է չհիշել, թե ինչ է ասել Պուտինի, Միշելի, Բորելի, Բլինքենի, Ալիևի, Էրդողանի հետ հանդիպմումների ժամանակ: Չհիշելն իր համար քաղաքական կատեգորիա է:
  • Վերահաստատո՛ւմ եմ՝ հոկտեմբերի 19-ին Նիկոլը մեզ ներկայացրել է իրավիճակը, ես հարց եմ տվել՝ Պուտինն ի՞նչ պայմաններով է ասել կանգնեցնել պատերազմը, պատասխանեց՝ 5+2 շրջանները հանձնելով, ասաց նաև, որ վիճակն այնքան վատ է, որ Պուտինին խնդրել է, որպեսզի ռուսական զորքերը Մեղրիից մինչև Վարդենիս, հետո, թե՝ Մեղրիից մինչև Տեղ գյուղ ռուսական դրոշներ տեղադրեն, որ հանկարծ թուրքերը չմտնեն Սյունիք: Այսինքն՝ ասաց, որ կարող է Սյունիքը կորցնենք:

Այդ նույն հանդիպման ընթացքում հարց հնչեց՝ սա, փաստորեն, պարտությո՞ւն է, կապիտուլյացիա, Նիկոլն ասաց՝ ինչ ուզում եք՝ անունը դրեք, բայց մենք արդեն պարտված ենք: Նա ընդունել է, որ եթե պատերազմը չկանգնեցնենք՝ մտնելու են Սյունիք, որ այլևս հնարավոր չէ բեկում մտցնել:

Կարդացեք նաև

  • Նիկոլը շատ լավ իմանալով, որ պատերազմը տանուլ է տրված, որ իրավիճակը փոխելու ռեսուրս չունի ո՛չ ռազմաճակատում, և ո՛չ էլ դիվանագիտական ճակատում, պատերազմը շարունակել է: Իսկ հոկտեմբերի 19-ից հետո ով զոհվել է՝ դրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն է:
  • Պուտինն է ասել է, որ մինչև պատերազմը Շուշիի հարց չի եղել, այդ հարցն առաջացել է հոկտեմբերի 19-ին։ Նիկոլ Փաշինյանն այս պարագայում էլ է ստում, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում ելույթ ունենալով՝ Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմը կանգնեցնելու գինը 5+2-ն է, և կարող է այնպես անել, որ պատերազմ չլինի:
  • Ինքնախոստովանական ցուցմունք է տվել նաև այն ժամանակ, երբ խորհրդարանում հայտարարեց. «Արդյունքը կլիներ նույնը, բայց առանց զոհերի»: Իր ճակատին դաջված է՝ դավաճան:
  • Եթե ԱԱԾ-ի, ԶՈւ հետախուզական ծառայությունների, Գլխավոր շտաբի կողմից տրված՝ հնարավոր պատերազմի մասին տվյալներին Փաշինյանը չէր վստահում, ո՞ւմ էր վստահում: «Մեր ինստիտուտները պատերազմի հավանականությունը մինչև ամսի 25-ը գնահատել են 30 տոկոս,- ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարել է Փաշինյանը և ավելացրել,- Մեր ինստիտուտները որքա՞ն են հավանական գնահատել պատերազմի հավանականությունը մինչև ամսի 25-ը, 30 տոկոս է եղել հավանականության գնահատումը: Եվ դա եղել է ոչ միայն հետախուզության, այլ մի շարք այլ տվյալների, միջազգային գործընկերների հետ շփումների հիման վրա: Ինձ ուրիշ բան էլ է զեկուցվել, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է, և նաև հնչել է, որ սա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ նա գնա անհամաչափ զիջումների»:

  • Կարո՞ղ եմ ենթադրել, որ վարչապետի աթոռը զբաղեցնողի երեկ՝ ԱԺ հանձնաժողովում ասած «ինստիտուտներն» Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայություններն են, էս մարդը կանաչի ծախող չի, պետության վարչապետի պաշտոն զբաղեցնող մարդ է:
  • Նիկոլ Փաշինյանի հիմնական պրոբլեմն ինքն է և նախկինում արված իր բոլոր հակասական հայտարարությունները, որոնք 180 աստիճանով մեկը մյուսից տարբերվում են: Փաստորեն, ինքն ընդունում է, որ մարիոնետկա է, այդ դեպքում կուկլովոդն ո՞վ է՝ Էրդողանն ու Ալիև՞ը:
  • Իսկանդերի մասին երեկվա հայտարարությունն էլ նշանակում է, որ հիմա էլ մեղքն ուզում է բարդել Ռուսաստանի վրա: Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, եթե 2016 թվականին պատերազմը շարունակվեր՝ իմ ձեռքը չէր դողա, հրաման կտայի կոճակը սեղմել, իսկ դրա համար վճռականություն է պետք, մի բան, որ Նիկոլը չունի և չի էլ ցանկացել:
  • Սա պայմանավորված օպերացիա է՝ թե սրան իշխանության բերելը, և թե մինչև հիմա օգտագործելը։
  • Հայտարարում է, թե Արարատի հետ կապ չունենք, Ցեղասպանության հետ կապ չունենք, մնում է ասի՝ խաչի հետ էլ կապ չունենք, և կիսալուսին դնի ու ավարտի:
  • Երեկ Նիկոլ Փաշինյանը որևէ պաշտոնական փաստաթուղթ ցույց չի տվել, մեջբերել է պողոսի, պետրոսի հարցազրույցներից հատվածներ: Անլուրջ է մեկնաբանել անպատասխանատու, սուտասան մեկին:
  • 2020 թվականի ապրիլին Լավրովը ստիպված ասաց, որ Փաշինյանը խաբում է, և 2019 թվականին սեղանին է դրվել Արցախի խնդրի լուծման առաջարկների փաթեթ։ Իգոր Պոպովը 2021 հունվարի 13-ին ՌԴ ԱԳՆ կայքէջում պաշտոնապես պատասխանել է Փաշինյանին, և այդ պատասխանը կարելի է վերնագրել՝ «Նիկոլը սուտ է ասում, նրան մի հավատացեք»: Հողեր տալ ոչնչի դիմաց՝ նման բան երբեք չի եղել:
  • Ազգակործան պատուհաս, կապիտուլյանտ, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը 2019 թվականին, երբ հանդիպեց Արցախի պատգամավորներին, ոնց էր ասում՝ Պուտինին մեջբերելով, թե Ալիևն ասում էր, որ Ղարաբաղն իրենցը չի լինելու:
  • Էդ, որ Մեհրիբանին հրավիրում էին թեյ խմելու՝ այդ ո՞ւմ ազատագրած Շուշիում էին հրավիրում, եթե Կազանի փաստաթուղթը վատն էր մեզ համար, ինչո՞ւ Ալիևը չէր համաձայնում: Այդ ո՞ր նախկիններն էին տվել Արցախը, բա Աշոտիկը ո՞նց էր ծառայում Ղարաբաղում, ինքն ինչպե՞ս էր կնոջ հետ շաբաթը մեկ ուղղաթիռով թռչում Արցախ, եթե Արցախը հանձնել էին նախկինները…
  • Ալիևի համար նշանակություն չունի, որ Նիկոլին է հաղթել, դրա համար ասում էր, թե Սերժին ու Ռոբերտին է հաղթել: Ալիևի համար Նիկոլը Բուրկինա Ֆասոյի ֆուտբոլի հավաքականի կարգավիճակ ունի, ասում էր՝ դա ո՞վ է, որ ես իրեն հաղթեի: Ալիևը երազել է հաղթել մեր երեք նախագահներին, որոնց թե ինքը, թե հայրը պարտված են եղել:

  • Հայր Ալիևի երազանքը՝ Զանգեզուրը վերցնել, փորձում է որդին իրագործել: Դա պանթուրքիզմի երազանքն է՝ Էգեյան ծովից մինչև Ալթայ ունենալ ամենամեծ կապող օղակը, իսկ մեզ համարում են անիծյալ սեպ: Այս սեպը կարող են վերացնել անիծյալ կառավարիչ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ:
  • Փաշինյանն ապրում է աննախադեպության բարդույթով, վախենում եմ, որ այդ բարդույթով տառապող Նիկոլն անի ամեն ինչ, որ մենք, ի վերջո, Ալեքսանդրապոլի պայմանագրին երանի տանք:
  • Ուզում է Հայաստանը դնի թուրքական վերահսկողության տակ, ռուսական ռազմաբազան դուրս բերել, Հանրապետության հրապարակում էլ դնի Քեմալ Աթաթուրքի արձանը:
  • Որպեսզի Նիկոլը չհասնի իր նպատակին՝ պետք է լինի համաժողովրդական ընդվզում: Ընդդիմությունը չի ուզում գալ իշխանության, ընդդիմությունն ուզում է Նիկոլին վռնդել, որ նոյեմբերի 9-ի նոր փաստաթուղթ չստորագրվի, որ արդեն Երևանում բլոկ չդնեն: Արտաքին ճակատում թիվ մեկ սպառնալիքը նիկոլիզմն է, պետք է համախմբվել և հեռացնել, կան պրոցեսներ, և դրանք ավելի են ընդլայնվելու, 100 հազարով քաղաքացիներ, նաև ՔՊ-ականներ միանում են ստորագրահավաքին
  • Նիկոլ Փաշինյանը ստում է, որ ասում է, թե Արցախը հանձնված է եղել նախկինների օրոք: ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Բորելն էլ ի լուր աշխարհի ասաց, որ Փաշինյանն առաջին հայ ղեկավարն է, որ ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս: Դե, թող Նիկոլը գնա Բորելի հետ կռիվ տա:
  • Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
  • Բոլորն էլ հասկանում են, որ տարածաշրջանում հայկական գործոնի զրոյացումը պանթուրքիստական նոր վտանգի սկիզբ է լինելու:
  • Նիկոլը, նախ, պատերազմ բերող է, բանակցային պրոցեսը քանդող է, 5 հազար զոհի մեղավոր է, դաշնակցի հետ հարաբերությունները փչացնող է, և հետո նոր՝ հող հանձնող է: Ինքը դատվելու է իր ինքնախոստովանական ցուցմունքով՝ «արդյունքը նույնը կլիներ՝ առանց զոհերի»:
  • Պարտությունից որևէ մեկն ապահովագրված չի, բայց պարտությունը փառաբանելը պարզ շանտղություն է:
  • Նիկոլը ոչ միայն պարտություն է բերել, ասում է՝ պետք է հրաժարվեք ազգային երազանքից:
  • Մեր անվտանգության թիվ մեկ սպառնալիքը նիկոլիզմն է:
  • Շատ վտանգավոր խաղի մեջ է մտել. զուգահեռ բանակցում է տարբեր կողմերի հետ՝ Ալիևի, Էրդողանի, Միշելի:
  • Նիկոլը և՛ ռուսական, և՛ արևմտյան միջնորդների հետ է պայմանավորվել, ուշ թե շուտ մեկին պետք է գցի:
  • Պետք է կարողանանք չհուսահատվել, համախմբվել, արցախահայությանը հույս ներշնչել և հեռացնել այս ազգակործան պատուհասին:
  • Միավորումը պետք է լինի ոչ թե ընդդեմ Նիկոլի, այլ հանուն Արցախի և Հայաստանի: 

Տեսանյութեր

Լրահոս