Նախարարները փորձում են հետ չմնալ շեֆից
Կեղծելն այս իշխանության համար դարձել է օրինաչափություն ու իշխանությունը պահելու հիմնական միջոցը։ Փորձում են ամեն ինչ կեղծել ու խեղաթյուրել։
Նիկոլ Փաշինյանն այս առումով, իհարկե, անգերազանցելի է։ Սակայն նրանից փորձում են հետ չմնալ նաև նախարարներն ու մյուս պաշտոնյաները։
Հարյուր-հազարավոր քաղաքացիներ վերջին տարիներին աղքատացել են, բայց դա չի խանգարում Նիկոլ Փաշինյանին պարբերաբար կրկնել, որ աշխատավարձերը Հայաստանում ավելի արագ են բարձրացել, քան գները, ու դա նշանակում է, որ մարդիկ սկսել են ավելի լավ ապրել։
Պաշտոնապես իսկապես միջին աշխատավարձն ավելի արագ է աճել է, քան գնաճն է եղել։ Բայց դա բոլորովին չի նշանակում, թե մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, քան նախկինում էին ապրում։
Նախ, որ պաշտոնապես արձանագրվող գնաճն այն գնաճը չէ, որն իրականում ազդում է մարդկանց վրա։ Կան գնաճի տարբեր դրսևորումներ, և դա Նիկոլ Փաշինյանը լավ գիտի. ժամանակին այդ դասը լավ էր սերտել ու հաճախ էր հիշեցնում նախկին իշխանություններին։ Հիմա այլևս չի ասում, որ պաշտոնապես արձանագրվող գնաճը այն գնաճը չէ, որի ազդեցությունը մարդիկ իրականում զգում են իրենց վրա։ Սոխն ու կանաչին եթե էժանացել է, իսկ հացն ու միսը՝ թանկացել, դրանց ազդեցությունները մարդիկ տարբեր կերպ են զգում։ Երբ դրանք թաքցնում ես, իրականությունը բոլորովին այլ է լինում։
Նախկինում Նիկոլ Փաշինյանը ջանք չէր խնայում այդ իրականությունը մտցնելու նախկինների աչքը, հիմա այլևս այդ մասին չի հիշում։
Ասում է՝ աշխատավարձերը 6,4 տոկոսով գերազանցել են գնաճը, ու դա նշանակում է, որ այդքանով մարդիկ սկսել են ավելի լավ ապրել։
Թվում է, թե ամեն ինչ ճիշտ է ասում։ Բայց դա կեղծ ճշմարտություն է։
Բացի այն, որ գնաճի իրական ազդեցությունը մարդիկ այլ կերպ են զգում՝ հաշվի առնելով, որ գնաճը երբեմն անգամներով ավելի բարձր է առաջին անհրաժեշտության ապրանքների ու հատկապես սննդամթերքի պարագայում, աշխատավարձի արձանագրված աճի բաշխումն է խիստ անհամաչափ։ Այդ աճերը հարյուր-հազարավոր աշխատողներ պարզապես չեն զգում իրենց վրա։ Փոխարենը՝ կրում են գնաճի, այն էլ՝ իրական գնաճի ազդեցությունը։ Աշխատավարձի այդ աճերը խիստ անհամաչափ են բաշխվում աշխատողների վրա։
Աճերը հիմնականում որոշ ոլորտների, մասնավորապես՝ ՏՏ և ֆինանսական հատվածների հաշվին են։ Մյուս տեղերում աշխատավարձերի աճերը սիմվոլիկ բնույթի են, երբեմն նույնիսկ դա էլ չկա։
Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով, պաշտոնական տվյալներով, մեր երկրում ոչ ռեզիդենտ աշխատողների քանակը եռապատկվել է։ Նրանք Հայաստանի քաղաքացիներ չեն, բայց տեղափոխվել ու գրանցվել են Հայաստանում՝ որպես աշխատողներ։ Գերակշիռ մասը այթիչնիկներն են, որոնք բարձր աշխատավարձեր են ստանում։
Նրանց աշխատավարձերն առնվազն 4 անգամ գերազանցում են Հայաստանի միջինին։
Սա է դարձել Հայաստանում միջին աշխատավարձի բարձր աճի հիմնական գործոններից մեկը։ Բայց դա մերը չէ և ոչ էլ՝ Հայաստանի քաղաքացիներինը։
Դրանից Հայաստանի աշխատող քաղաքացին ոչնչով չի շահել։ Փոխարենը՝ դրա հաշվին ունեցել ենք աշխատավարձի բարձր աճ՝ գնաճի համեմատ, ու այդ հանգամանքը Նիկոլ Փաշինյանն օգտագործում է կեղծելու իրականությունը, հայտարարելու, թե մեր քաղաքացիների եկամուտներն ավելի շատ են աճել, քան գնաճն է, և դա նշանակում է, որ նրանք ավելի լավ են սկսել ապրել, քան նախկինում էին ապրում։
Սա իրականության խեղաթյուրում է, մարդկանց մոլորեցնելու փորձ, որքան էլ համարենք, որ պաշտոնական տվյալներով, միջին աշխատավարձի աճը ավելի բարձր է միջին գնաճից։ Այդ աճերը հարյուր-հազարավոր աշխատող քաղաքացիների պարզապես չեն վերաբերում, ու արձանագրվող բարձր գնաճի պայմաններում նրանք բոլորովին էլ ավելի լավ չեն սկսել ապրել, քան ապրում էին նախկինում։
Իրականությունը կեղծելու նման փորձերը Նիկոլ Փաշինյանի համար սովորական երևույթներ են։ Բայց նրանից աշխատում են հետ չմնալ նաև մյուսները։
Նիկոլ Փաշինյանի տված դասերը լավ է յուրացրել հատկապես էկոնոմիկայի նախարարը։ Նա էլ չի դադարում տնտեսության մեջ իշխանությունների արձանագրած պակաս «պատմական» ռեկորդներ ներկայացնել՝ խեղաթյուրելով իրականությունը։
Հայտարարում են, թե Հայաստանում համաշխարհային մակարդակի տնտեսական աճ է գրանցվել. անցած տարի՝ 12,6 տոկոս, այս տարվա սկզբին՝ 12,1 տոկոս։ Բայց թաքցնում են, որ այդ աճի հիմնական բաղադրիչն առևտուրն է ու ծառայությունները։ Անցած տարվա 12,6 տոկոսի մեջ առևտրի ու ծառայությունների մասնակցությունը 9,3 տոկոս էր, այս տարվա 12,1 տոկոսի մեջ՝ գրեթե 10 տոկոսը։ Սա էլ, իհարկե, ամբողջը չէ։ Եթե գոնե դա մեր տնտեսության հաշվին լիներ, էլի ոչինչ։ Բայց նույնիսկ այդպես չէ։ Դրանք աճել են Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների և այլ երկրներից ներմուծումների միջոցով ռուսական շուկայի պահանջարկը լրացնելու հաշվին։ Սա մեր տնտեսության հետ բացարձակ կապ չունի։ Բայց դա չի խանգարում, որպեսզի էկոնոմիկայի նախարարն արտաքին առևտրի պատմական ձեռքբերումներից խոսի։
Ասում է՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, Հայաստանի արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 62,3 տոկոս՝ հասնելով այն թիրախին, որը կառավարությունը դրել է 2026թ. համար։
Սա մարդկանց թյուրիմացության մեջ գցելու ու իրականությունը խեղաթյուրելու բացահայտ փորձ է։
Այն, որ դրսից տարբեր ապրանքներ են ներմուծել-արտահանել, և դրա արդյունքում ՀՆԱ հարաբերությամբ արտահանման կշիռն ավելացել է, դա դեռ չի նշանակում, թե սա ձեռքբերում է։ Բացարձակ թվերով գուցե բարելավում է, բայց դա կեղծ բարելավում է։
Սակայն, ինչպես տեսնում ենք, էկոնոմիկայի նախարարն առիթը բաց չի թողնում այն ներկայացնել՝ որպես բացառիկ հաջողություն ու նույնիսկ 2026թ. նախանշված պլանի ժամանակից շուտ կատարում, գուցե և՝ գերակատարում։ Այն պարագայում, երբ դա մերը չէ, եղել են նպաստավոր գործոններ՝ ներմուծում-արտահանումների համար, որոնք վաղը չեն լինելու։ Այդ ժամանակ արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը նույնքան կտրուկ վատանալու է, ու կարող է այնպես ստացվել, որ 2026թ. նախանշված թիրախից շատ հեռու լինենք։
Նախարարը սա լավ գիտի, բայց քանի դեռ այդպես չէ՝ շտապում է անտեղյակ մարդկանց պատմական ռեկորդներով կերակրել։
Վերջերս էկոնոմիկայի նախարարից սկսել է հետ չմնալ նաև ֆինանսների նախարարը։ Նախկինում բավական հավասարակշիռ հայտարարություններ էր անում, բայց նախարար դառնալուց հետ երբեմն այնպիսի բաներ է ասում, որ ապշել կարելի է։
Ասում է՝ կառավարության քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանը դառնում է ապրելու համար հրաշալի երկիր։ Ու դա փորձում է հիմնավորել նրանով, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո հազարավոր մարդիկ են տեղափոխվել Հայաստան։ Սա իրականության բացահայտ խեղաթյուրում է։
Որ պատերազմի պատճառով տասնյակ-հազարավոր Հայաստանի քաղաքացիներ ու նաև նախկին քաղաքացիներ ստիպված հեռացել են Ռուսաստանից, վերադարձել Հայաստան, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը դարձել է ապրելու համար հրաշալի երկիր։ Հայաստանն ապրելու համար հրաշալի երկիր կլիներ, եթե այդ մարդիկ մինչ այդ վերադառնային կամավոր և ոչ թե՝ պարտադրված։ Այնինչ՝ ինչպես գիտենք, նախկինում չէին վերադառնում, ավելին՝ այստեղից գնում էին, արտագաղթում էին, այսօր էլ արտագաղթում են։
Եթե Հայաստանը դարձել է ապրելու համար հրաշալի երկիր, ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում։ Լավ կլիներ ֆինանսների նախարարն այս հարցին պատասխաներ։
Նույնը նաև Ռուսաստանի այն քաղաքացիներին է վերաբերում, որոնք հարկադրված հեռացել են ու եկել Հայաստան։ Եկել են ոչ այն պատճառով, որ այստեղ ապրելու հրաշալի պայմաններ է ստեղծել իշխանությունը, այլ որովհետև ավելի հարմար տարբերակ չեն ունեցել։
Կառավարության «քրտնաջան աշխատանքի» արդյունքն ու Հայաստանն ապրելու համար հրաշալի երկիր դարձնելը երևում է այն անվտանգային միջավայրում, որում հայտնվել ենք։ Ամեն վայրկյան առկա է ագրեսիայի վտանգը։
Սա՞ է ապրելու համար հրաշալի երկիրը, որը ստեղծվել է կառավարության քրտնաջան աշխատանքով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ