Կինս քաղաքավարական այց է կատարել բունկերի հրամկազմին. Փաշինյան
«Կնոջս հետ կապված պատմությունը հետևյալն է: Երբ որ պատերազմը սկսվել է, կինս ինձ ասել է՝ երբ պատերազմը սկսվի, ես ուղղակի չեմ կարող Երևանում պարապ մնամ: Գնամ էնտեղ, գոնե մարդիկ կլինեն, օգնություն ցույց տալու խնդիր կլինի, չգիտեմ, և այլն, և այլն, և այլն»,- այսօր միայն ՔՊ-ականների, Դավիթ Սանասարյանի, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնողի ու Արծրուն Հովհաննիսյանի մասնակցությամբ Քննիչ հանձնաժողովի՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի համար հրապարակային նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ պատերազմի օրերին Ստեփանակերտի բունկերում գտնվելու հանգամանքին:
Նրա խոսքով՝ Արցախում տեղյակ են եղել:
«Մենք ի՞նչ պատկերացում ունենք այդ օրերի Ստեփանակերտի մասին… Էդ օրերի Ստեփանակերտն առնվազն բնակչության առումով էականորեն… ըըըը… Այսինքն՝ ահագին մարդիկ, կանայք, ընտանիքներ լքել էին Ստեփանակերտը: Եվ իմ կնոջ՝ էնտեղ գտնվելու սիմվոլիկ իմաստն այն էր, որ նաև մենք մեր ներկայությունն այնտեղ ապահովենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ կային մարդիկ, ովքեր չէին կարողացել դուրս գալ. նկուղներում էին, սննդի ու տարբեր տեսակի օգնության խնդիր կար, և իր կնոջ՝ այնտեղ մեկնելու նպատակը եղել է դա:
«Եվ հընթացս ու, բնականաբար, նաև Լեռնային Ղաչաբաղի ղեկավարության հետ եղել է շփում, գաղափար է հնչել, որ գուցե իմաստ ունի, որ 10 րոպեով գնան, որպեսզի հրամկազմը տեսնի, որ Հայաստանի վարչապետի կինը գտնվում է Ստեփանակերտում: Եղել են մարդիկ, ովքեր մտածել են, որ դա դրական ներգործություն կունենա՝ մանավանդ այդ ծանր մթնոլորտում, որ վարչապետի ընտանիքի անդամն այնտեղ է գտնվում: Եվ առաջարկ է եղել գնալ 15 րոպեով և քաղաքավարական այց անել հրամկազմին: Այդ քաղաքավարական այցը եղել է, գնացել է, բարևել է, ողջունել է, 10-15 րոպե մնացել է այնտեղ և դուրս է եկել, որից հետո արդեն, երբ մարտական գործողությունները շարունակվել են, դա էլ եմ ուզում ընդգծել, որ կինս իր նախաձեռնությամբ նաև կանանց կոչով դիմել է, ձևավորվել է կամավորական փոքր ջոկատ, որ գնացել է և Սյունիքի մարզում իրականացրել է մարտական պատրաստություն, որից հետո մարտական դիրքում, իհարկե, ոչ ամենաառաջին գծում, երկրորդ գծում իրականացրել է մարտական հերթապահություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ 3-րդ նախագահի կինը՝ երջանկահիշատակ Ռիտա Սարգսյանը, ևս Ստեփանակերտում էր: Քայլում էր փողոցներով, շփվում մարդկանց հետ, որ տեսնեն՝ ծնունդով արցախցի ՀՀ առաջին տիկինը ծանր օրերին իրենց հետ է, իրենցից մեկը: Բայց նրա մտքով չի էլ անցել մտնել բունկեր ու «քաղաքավարական այց կատարել բունկերի հրամկազմին»: Ո՛չ ինքն իրեն թույլ կտար, ո՛չ էլ, բնականաբար, ամուսինը, որ հետո էլ հպարտորեն այդ մասին հայտարարեր:
Ի դեպ, երբ 2020թ. նոյեմբերի 19-ին ՀՀ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը սկանդալային ասուլիս տվեց պատերազմի ու դրա արդյունքների վերաբերյալ, անդրադարձավ նաև Աննա Հակոբյանի՝ բունկերում գտնվելու հանգամանքին:
«Քանի որ արգելված է եղել կողմնակի մարդկանց մուտքը հրամանատարական կետ, ես բարձրացել եմ ճաշելու, իջել եմ, տեսել՝ նստած է տիկին Աննան էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները, և կողքը կանգնած է Բաբայան Սամոն։ Բարևել եմ, նստել սեղանի շուրջ, որովհետև այնտեղ ընթանում էր դիտարժան մարտ, բոլորը շատ երկար ժամանակ լուսաբանում էին՝ հակառակորդի մուտքն էր դեպի Մատաղիս, երբ մեր զորքերը ջախջախում էին և բավականին էֆեկտիվ են ջախջախել։ Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ գործի չէր խառնվում, որևէ հարցի միջամտություն, ցուցումներ չէր տալիս, դիտարկում էր ընդամենը՝ ինչ է կատարվում մարտի դաշտում։ Երբ դա ավարտվեց, ես մոտեցա, խնդրեցի, ասացի՝ տիկին Աննա, այսպիսի տեսարժան բաներ չի լինելու, մնացած ուղղություններում ընթանում են մարտեր, նպատակահարմար է, որ դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող է նաև հայհոյեն, կաշկանդվում են ձեզնից, ասաց՝ լավ։ Մի 20 րոպե նստեց, գնաց։ Չորս ժամ հետո ինձ կանչեցին Երևան»,- մանրամասնեց նա։
Ինչպես կարելի նկատել, Նիկոլ Փաշինյանի նկարագրած 10-15 րոպեով քաղաքավարական այցը բոլորովին նման չէ այն ամենին, ինչ պատմում է Մովսես Հակոբյանը: Ըստ էության կա՛մ Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, սուտ է խոսում, կա՛մ բունկեր այլ «քաղաքավարական այցեր» էլ են եղել:
Ի դեպ, Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգի այդ օրերի ավանտյուրաներին մենք բազմիցս և հանգամանալից անդրադարձել ենք տարբեր հրապարակումներում:
Մանրամասները՝ տեսանյութում: