Փաշինյանի պատերազմական ավանտյուրաները

Փաշինյանի ինքնափիառման գործիքը. Լելե Թեփեն հայկական ուժերի ձեռքում ընդամենը 2-3 ժամ է եղել

Երեկ ՊԲ նախկին հրամանատար և ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հաստատել է այն պնդումները, որ Լելե Թեփեի գրավման հրահանգը տվել է Նիկոլ Փաշինյանը՝ «երկրի վարչապետը գնում է այնտեղ, բանավոր հաստատում է այդ պլանը, և սկսում են կիրառել, որի արդյունքում մենք կորցնում ենք մեր ամբողջ ռեզերվը»:

Ավելի վաղ՝ 2020-ի դեկտեմբերին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ «Փաշինյանը ոչ սթափ վիճակում հրաման է տվել՝ եթե կարողանաք գրավել Լելե Թեփեն, ես ձեզ կպարգևատրեմ հերոսի կոչումներով»:

«Արմնյուզին» տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս հաստատել էր սա, ասելով՝ «կապիտուլյացիայի պատճառ դարձած հանրահայտ օպերացիան ինքն է անձամբ լսել ու հավանություն տվել»:

Դիտարկմանը՝ «Լելա Թեփեի» օպերացիայի մասի՞ն եք ասում, Սերժ Սարգսյանը պատասխանել էր.

«Համենայնդեպս, օպերացիայի անունը «Լալա Թեփե» չէր, բայց այդ հատվածի օպերացիայի մասին է խոսքը»:

Հիշեցնենք, որ 168.am-ը դեռևս փետրվարին մանրամասներ էր հայտնել Լելե Թեփե բարձունքի գրավման արկածախնդիր որոշման և գործողության մասով:

Մասնավորապես, մեզ հայտնի էր դարձել, որ Փաշինյանի ինքնափիառման գործիքը դարձած Լելե Թեփեն հայկական ուժերի ձեռքում ընդամենը 2-3 ժամ է եղել, որովհետև ամբողջ ժամանակ ռազմական գործողությունները չեն դադարել, և երբ թշնամին անցել է հակագրոհի՝ հատկապես օդային և հրետանային հարվածներով, անօդաչու թռչող սարքերով՝ ԱԹՍ-ներով, այդ տեղից հայկական ուժերն արագ նահանջել են, քանի որ արդեն բավական զոհեր ունեինք:

168.am-ին փոխանցված հաշվարկներով՝ ելնելով այդ տեղանքում մասնակցած զորամիավորումների, ստորաբաժանումների թվերից, Լելե Թեփեն գրավելու համար տվել ենք առնվազն 830 զոհ:

Ի դեպ, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ռեքվիեմ» տեսաշարերից մեկում այդ կապակցությամբ ասել էր.

«Ես չեմ պատմելու, թե ինչո՞ւ էին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հրահանգ տալիս գրավելու Լելե Թեփեն, որպեսզի ցույց տան PR-ով, որ իրենք այն զույգն են, որ բերում են այն, ինչ իրենց ասելով՝ Սերժ Սարգսյանը կորցրել էր։ Չեմ պատմելու՝ ոնց էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում․ «Ուզում ա՝ 5000 մարդ մորթվի, ուզում ա՝ 6000 մարդ մորթվի, մենք, մեկ է, Լելե Թեփեն պետք է հետ բերենք»»։

Նշենք, որ մինչ այդ տարբեր լրատվամիջոցներ ևս գրել էին Աննա Հակոբյանի նման միջամտությունների մասին:

Այս համատեքստում հարկ է նշել, որ երեկվա ասուլիսի ժամանակ Մովսես Հակոբյանն ասել էր, որ իր վերլուծությունը ցույց է տվել, թե իրեն Արցախից հանելու պատճառը եղել է հենց այդ օպերացիայի իրականացումը:

Սեպտեմբերի 29-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցության էր հրավիրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարներին, որոնց մեջ նաև Մովսես Հակոբյանն էր:

Այսինքն, սրանից հետո է Արցախից Երևան «պարտադրաբար» եկել Հակոբյանը, որի պատճառը, ինչպես պարզվեց, նաև Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպն էր:

«Հրամանատարական կետից ես բարձրացել եմ վերև՝ ճաշելու, իջել եմ-տեսել եմ՝ նստած է տիկին Աննան, էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները, կողքին կանգնած է Բաբայան Սամվելը: Բարևել եմ, նստել սեղանի շուրջ, որովհետև այնտեղ ընթանում էր մեկ դիտարժան մարտ, բոլորդ շատ երկար ժամանակ լուսաբանում էիք, դա հակառակորդի մուտքն էր դեպի Մատաղիս, երբ որ մեր զորքերը ջախջախում էին և բավականին էֆեկտիվ էին ջախջախում: Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ գործի չէր խառնվում, որևէ հարցի չէր միջամտում, ցուցումներ չէր տալիս, դիտարկում էր ընդամենը՝ ինչ էր կատարվում մարտի դաշտում: Երբ որ դա ավարտվեց, ես մոտեցա, խնդրեցի-ասեցի՝ տիկի՛ն Աննա, այսպիսի տեսարժան բաներ չի լինելու. մնացած ուղղություններում ընթանում են մարտեր: Նպատակահարմար է, որ Դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող է նաև՝ հայհոյեն, կաշկանդվում են Ձեզնից: Ասեց՝ լավ: Մի 20 րոպե նստեց-գնաց: 4 ժամից հետո ինձ կանչեցին Երևան, եկա Պաշտպանության նախարարի մոտ՝ շատ մեծ ակնկալիքով, որ պիտի հետ դառնամ,- պատերազմի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնել էր Մովսես Հակոբյանը և շարունակել,- Ամսի 30-ին եկել եմ վարչապետին զեկուցելու՝ չի ընդունել ինձ, ես հետ եմ վերադարձել, ասեցի՝ երևի արդեն հասկացել են, որ պիտի իրավիճակը հասկանան՝ ինչ է: Ուրախ-ուրախ, ոգևորված հասնում եմ Երևան՝ Պաշտպանության նախարարի մոտ»:

Ի դեպ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը հայտարարել էր, որ Մովսես Հակոբյանի՝ Արցախից առժամանակ բացակայելու պատճառը կորոնավիրուսային հիվանդությունը և դրան հետևած թոքաբորբն է, մինչդեռ ավելի ուշ Մովսես Հակոբյանը վստահեցրել է՝ կորոնավիրուսային հիվանդություն չի ունեցել:

«Թեստը բացասական եկավ, բայց քանի որ թոքերս հիվանդանոցում նկարել էին, ուղարկել էին հոսպիտալ։ Հասնում եմ Ղարաբաղ, ինձ 6 ժամից զանգում են ու ասում, որ երկկողմանի թոքաբորբ եմ, ինձ մոտ կորոնավիրուս կա։ Որպեսզի ոչ ոքի չվարակեմ՝ հետ եմ գալիս Հայաստան։ Հաջորդ օրը ինֆեկցիոն հիվանդանոցում ինձ բժիշկն ասում է, որ ինձ մոտ ընդամենը մեկ տոկոս է թոքաբորբը, որը բուժման ենթակա չէ։ Նորից է նկարում թոքերս, պարզվում է` այդ մի տոկոս թոքաբորբն էլ չունեմ»,– ասել էր նա:

Վերադառնալով Լելե Թեփեի օպերացիային, նշենք, որ սեպտեմբերի 28-ին արդեն մամուլում լուրեր պտտվեցին, թե հայկական բանակին հաջողվել է գրավել 2016-ին կորցրած Լելե Թեփե կոչվող բարձունքը, որը գտնվում է Հորադիզ գյուղի և Հորադիզ կայարանի միջև գտնվող՝ դեպի Արաքս գտնվող հատվածում՝ գետից դեպի հյուսիս:

Այս տեղեկությանը Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսում արձագանքել էր հետևյալ կերպ. «Այսօր արդեն Լալա Թափի թե Լալա Լագի՝ որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է համատարած, լայնածավալ պատերազմ: Մենք կարող է վաղը ունենանք նահանջ, կամ հակառակը՝ առաջխաղացում, բայց դա դեռ վերջնական չէ»:

Գրեթե միաժամանակ սոցցանցային և մեդիահարթակ է նետվում Գետաշենի և Շահումյանի գրավման մասին հնարովի լուրեր, որը սեպտեմբերի 30-ին կայացած բրիֆինգի ժամանակ՝ այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, չի հերքում:

Կիրովաբադի վրա կրակելը հիմարությո՞ւն է, թե՞ փաշինյանական հերթական ավանտյուրան

Հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ նախորդ օրը՝ հոկտեմբերի 5-ին, եղել է Արցախում և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ու Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել «հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»:

Հոկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանը գրառում է կատարում, որ գտնվում են գնդակոծվող քաղաքում, և կից տեսանյութ տեղադրում, որտեղից երևում է, որ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը դուրս են գալիս առանձին զրույցից, իսկ դռների առաջ նրանց սպասում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս ռուսական РБК հեռուստաալիքին, որտեղ ասում է.

«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:

Ռուս լրագրողի հարցին՝ մի քանի օր առաջ հաղորդվել էր Գյանջա քաղաքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին, հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների ընդլայնում Ադրբեջանի տարածքում, Փաշինյանը պատասխանել էր. «Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, իսկ ես կարծում եմ, որ դա շատ հավանական է, քանի որ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց մոտ ստացվի, նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը»:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ անցնել հակահարձակման Ադրբեջանի՞ տարածքի վրա, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես չեմ կարող նրանց փոխարեն խոսել։ Այդ որոշումներն ընդունում են Ղարաբաղի զորահրամանատարները։ Ես գնահատում եմ ընդհանուր իրավիճակը»: Ըստ էության, այստեղ տեղ է թողնում մեղավորությունը ՊԲ-ի վրա բարդելու և չի հերքում Գյանջա քաղաքի ուղղությամբ հարվածը:

Նշենք, որ հոկտեմբերի 4-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ իր հրամանով Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Դրանից առաջ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել էր՝ «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս է ցնդել»:

Ավելի ուշ պարզվեց, որ օդանավակայանի ավերվածության փաստ չկա:

Իսկ ՊԲ-ն միայն հոկտեմբերի 29-ին հրապարակեց Գյանջայում գտնվող ռազմական նշանակակետերը, որոնք հարց է, թե որքանով թիրախավորվեցին:

Ի դեպ, «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պնդել էր, որ հայկական կողմը թիրախավորել է Կիրովաբադը՝ բնակելի թաղամասի վրա:

«Բայց մյուս թեզն էլ, կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէ, երբ ասում են՝ մեր այլ միջոցներ չեն կիրառվել Ադրբեջանի տարածքի նկատմամբ, հիշում եք, որ պարծենկոտ մեկն ասում էր, որ ինքն է հրաման տվել հօդս ցնդեցնել Կիրովաբադի օդանավակայանը»,- նշել էր Սարգսյանը, այնուհետ շարունակել, թե իրականություն է, որ Կիրովաբադի վրա կրակվել է:

Դիտարկմանը՝ քաղաքի բնակելի թաղամասի վրա, ՀՀ երրորդ նախագահն արձագանքել էր. «Ինչը մեծագույն հիմարություն է, ես չեմ հասկանում այդ մարդկանց գործողությունները»:

Ստացվում է, ելնելով նաև Փաշինյանի վերը նշված հարցազրույցից, Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգը նաև այս ավանտյուրայի հեղինակն է:

Շարունակելի

Տեսանյութեր

Լրահոս