Փաստաբանների բողոքի ակցիան. մեկօրյա գործադուլ. ՈՒՂԻՂ
Պետական իրավասու մարմինների ոչ համարժեք արձագանքը, այսինքն՝ արձագանքի բացակայությունը փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժիններում կիրառվող բռնությունների վերջին դեպքերի առնչությամբ Փաստաբանների պալատին և ողջ փաստաբանական համայնքին ստիպեց դիմել բողոքի ծայրահեղ միջոցին՝ մեկօրյա գործադուլին:
Բողոքի ակցիան սկսվեց Փաստաբանների պալատում տեղի ունեցած ասուլիս-քննարկմամբ, որին կհետևի երթ՝ Պալատի վարչական շենքից դեպի ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ վերջերս փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ կիրառվել էր բռնություն: Փաստաբանները բաժնի պետին փոխանցելու են իրենց խորհրդանշական նվերը:
Ասուլիսի ժամանակ Արա Զոհրաբյանը նկատեց՝ եթե 4 ամիս առաջ ոստիկանության Էրեբունու բաժնում 2 փաստաբանների՝ Մարզպետ Ավագյանի և Էմմանուել Անանյանի նկատմամբ իրականացված բռնությունը պատշաճ գնահատականի արժանանար, Կարեն Ալավերդյանի հետ կապված դեպքը տեղի չէր ունենա:
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանն էլ իր խոսքում նշեց, որ մոտ 4 տասնյակ դատական նիստեր են հետաձգվել, էլ չասած՝ հետաձգված քննչական գործողությունների քանակի մասին:
Պալատի նախագահ Սիմոն Բաբայանն էլ տեղեկացրեց՝ հենց այսօր է խոսել Մարդու իրավունքների պաշտպանի հետ, վարույթ է իրականացվում, բայց որևէ նորություն այդ մասով չկա:
Ասուլիսից հետո սկսվեց երթը դեպի Ոստիկանության Կենտրոնի բաժին:
Մանրամասները՝ տեսանյութում: