Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմը
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմի չեղարկմամբ պայմանավորված՝ հանվել են բոլոր սահմանափակումները։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Մոսկվայի և Մոսկվայի մարզի վարչության մամուլի ծառայությունում։
Ըստ հաղորդագրության՝ Մոսկվա քաղաքում և Մոսկվայի մարզում հունիսի 26-ի ժամը 09:00-ից հակաահաբեկչական գործողության ռեժիմը չեղարկվել է, քանի որ առկա չեն սպառնալիքներ մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին և օրենքով պաշտպանված այլ շահերին:
ՌԴ ԱԴԾ-ի Մոսկվայի և Մոսկվայի մարզի վարչությունը հայտնել է, որ գործող ժամանակավոր սահմանափակումները հանվել են։
«Ներկայում իրավիճակը Մոսկվայի մարզի տարածքում կայուն է», – նշված է հաղորդագրությունում։
Հակաահաբեկչական գործողության ռեժիմը Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Վորոնեժի մարզում գործարկվել է հունիսի 24-ից: ТАСС-ը նշում է, որ Ռուսաստանի այս շրջաններում այդ ռեժիմը սահմանվել է պատմության մեջ առաջին անգամ։
Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, թե իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ «Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, մտել էին Դոնի Ռոստով, այնուհետև՝ շարժվել դեպի Մոսկվա: Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրել էր առաջխաղացումը և զորքերը վերադարձրել դաշտային ճամբարներ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պրիգոժինի, ինչպես նաև ապստամբության մասնակիցների նկատմամբ քրեական գործը, հաշվի առնելով առաջնագծում նրանց վաստակը, կարճվելու է, իսկ Պրիգոժինը մեկնելու է Բելառուս։