«Ողբամ քեզ, երկիր, որ թագավորդ մանուկ է. սրանից պիտի ազատագրվի Հայաստանը». Քաղաքացիները՝ մինչև 2018 թվականը և դրանից հետո կատարվողի մասին
2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանըհայտարարել էր. «Կախարդական փայտիկ կա և այդ կախարդական փայտիկը արդեն իր գործը սկսել է»: Դրանից հետո էլ պարբերաբար հավաստիացրել էր՝ փայտիկի հետ ամեն ինչ կարգին է:
5 տարի է անցել, սակայն այս կախարդական փայտիկի ուժին չեն առնչվել մեր հայրենակիցները. հօդս է ցնդել թավշյա խոստումների մի հսկա տրցակ՝ ներդրումների թռիչքաձև աճերի, երջանիկ անհատի, հոգատար հանրության ու հզոր պետության մասին: Եվ այդ մասին են ահազանգում ոչ միայն հանրային ու քաղաքական տարբեր շրջանակները, այլև մեր հարցումները:
168.am-ն այս անգամ քաղաքացիներից հետաքրքրվել է՝ 2018 թ.-ի հայտնի իրադարձություններից հետո լավացե՞լ է արդյոք նրանց կյանքը, մինև 2018 թ. էի՞ն իրենց անվտանգ զգացել Հայաստանում, թե՞ դրանից հետո:
Պարզեցինք՝ քաղաքացիները մեծ մասի համար 2018 թվականից հետո սրվել էին անվտանգային խնդիրները:
«Ողբամ քեզ, երկիր, որ թագավորդ մանուկ է,- այսպես արձագանքեց քաղաքացիներից մեկը մեր հարցադրումներին, ապա վրդովմունքով հավելեց,- Այս սրիկայից, այս թուրք թրքոցից պիտի ազատագրվի Հայաստանը»:
«Չենք կարող ասել՝ չի փոխվել. բոլորիս մոտ է փոխվել, որովհետև 2017 թվականից հետո եղավ պատերազմ, և մեր կյանքը պատերազմից առաջ և դրանից հետո՝ նույնը չէ»,- նշեց մի երիտասարդ՝ արձանագրմամբ, որ դեպի վատն է փոխվել:
Մեր զրուցակիցներից մեկը վստահեցրեց՝ շատ բան է փոխվել իր կյանքում. «Լավ աշխատանք ունեմ հիմա: Իրավիճակ է փոխվել ինձ համար աշխատանքի հետ կապված»:
Սակայն նա ևս նշեց, որ անվտանգային առումով խնդիրներն ակնհայտ են:
Մի քանի քաղաքացի էլ նշեց, որ անվտանգային առումով տարբերություն չեն տեսնում, քանի որ անվտանգ՝ նշանակում է չանհանգստանալ անվտանգային խնդիրներով՝ առհասարակ:
Մանրամասները՝ տեսանյութում