Բաժիններ՝

«Տիտան» սուզանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են «աղետալի պայթյունի» հետևանքով

Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում «Տիտանիկ» նավի խորտակման վայրը դիտելու մեկնած «Տիտան» սուզանավում գտնվող բոլոր 5 անձինք զոհվել են: ԱՄՆ իշխանությունները սուզանավի հետ տեղի ունեցածն անվանել են «աղետալի պայթյուն»: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ռոբոտ սուզվող սարքը ծովի հատակին՝ «Տիտանիկի» խորտակման վայրից գրեթե 480 մ հեռավորության վրա, հայտնաբերել է սուզանավի 5 տարբեր խոշոր մասեր:

Հաղորդվում է, որ հունիսի 18-ին, երբ «Տիտանը» կորցրել էր կապն իրեն ուղեկցող նավի հետ, ԱՄՆ ռազմածովային ուժերը որսացել էին ձայներ, որոնք նման էին պայթյունի: Այս շաբաթվա սկզբին հաղորդվել էր, որ որոնողական խմբերը ձայներ են որսացել, սակայն այժմ նշվում է, որ դրանք, ամենայն հավանականությամբ, այլ նավերից են արձակվել:

Սուզանավի մասերի հայտնաբերումից հետո ավարտվել են 5 օր տևող որոնողական աշխատանքները, որոնց ընթացքում հետազոտվել է օվկիանոսի գրեթե 20 հազար քառ. կմ տարածություն:

Սուզանավում գտնվող 5 անձինք էին բրիտանացի գործարար և հետազոտող 58-ամյա Հեմիշ Հարդինգը, Պակիստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ 48-ամյա Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդի Սուլեյման Դավուդը, սուզանավը գործարկող OpenGate ընկերության տնօրեն, 61-ամյա Ստոքթոն Ռաշը և ֆրանսիացի ծովային փորձագետ, 77-ամյա Փոլ-Անրի Նարժոլեն, որը 35 անգամ սուզվել էր դեպի «Տիտանիկի» խորտակման վայրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս