Սաակաշվիլին չի կարող վերադառնալ քաղաքականություն․ Վրաստանի արդարադատության նախարար
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կարող վերադառնալ քաղաքականություն, քանի որ նա հանրապետության քաղաքացի չէ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։
Գերատեսչության ղեկավարը նախատել է նախկին նախագահին այն բանի համար, որ 2015 թվականին դառնալով Օդեսայի մարզի ղեկավար՝ նա ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն՝ միաժամանակ կորցնելով Վրաստանի քաղաքացիությունը։
«Երբ մարդը պետության ղեկավարն է, ինչպես նաև գլխավոր հրամանատարը, հրաժարվում է իր երկրի քաղաքացիությունից, դառնում է այլ պետության քաղաքացի և սկսում է ծառայել նրան, կարծում եմ, որ լավ կլիներ, նա մնար այն երկրի քաղաքացին, որին նա սկսեց ծառայել»,- ասել է Բրեգաձեն:
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բացատրել էր Սաակաշվիլիին ներում շնորհելուց հրաժարվելը։ Նրա խոսքով՝ նախկին նախագահը «պետք է պատասխան տա իր կատարած հանցագործությունների համար երկրի ժողովրդի առջև»։