Ընտանիք կազմելու ճանապարհին
Հատկանշական է, որ սիրո մասին խոսելիս և ընտանիք կազմելու ճանապարհին երիտասարդները երբեմն սերը և սիրահարվածությունը միմյանց հետ շփոթում են: Ռուս հոգևորական Իլյա քհն. Շուգաևը նշում է, որ սիրո խորհրդի նկարագրությունն անհիշելի ժամանակներից ի վեր լավագույնս տալիս է Աստվածաշունչը. «Երկուսը պետք է լինեն մի մարմին» (Ծննդ. 2:24): Իսկ սիրահարվածությունը զգացմունք է, սակայն դեռ սեր չէ, թեև սիրահարվածությունը շատ անգամ ավելի արտահայտիչ է թվում, քան սերը: Բնականաբար երիտասարդները սիրո ընկալումը հասկանում են յուրովի՝ կախված իրենց աշխարհընկալումից, արժեհամակարգից և մոտեցումներից: Այդուհանդերձ, երբ ընտանիք են կազմում, ավելի հաճախ նկատում են, որ առօրյա խնդիրները, կյանքի մարտահրավերները փորձության են ենթարկում իրենց սերը, որն այլևս չունի այն հմայքն ու գրավչությունը, ինչ նախկինում էր և երբեմն իրենց պատկերացումների սիրո ընկալումը սկսում է մարել ու նույնիսկ փոխարինվում է կոնֆլիկտով և փոխհարաբերությունների ճգնաժամով:
Այստեղ առկա է երկու հիմնական գործոն․ առաջին՝ այդպիսի ընտանիքը կառուցվել է սիրահարվածության, այլ ոչ թե սիրո շուրջը, երկրորդ՝ ընտանիք կազմելիս բացակայել է սիրո հոգևոր մակարդակի ըմբռնումը: Իրականում սիրահարվածությունը անցողիկ երևույթ է, իսկ սերը՝ մնայուն, փոխադարձ և շարունակական: Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ Դմիտրի Սեմենիկը առանձնացնում է սիրահարվածության երեք աստիճան: Առաջին աստիճանը՝ մարմնական կիրքն է: Այդպիսի սիրահարված մարդուն չես հետաքրքրում իբրև անհատականություն:
Նրան հետաքրքրում է միայն քո մարմնի գրավչությունը, որին ցանկանում է հասնել: Սա էգոիզմի դրսևորում է: Իսկ դա սեր չի կարող լինել: Մեզ կարող է նաև գրավել այդպիսի մարդը, որովհետև ինքներս կարող ենք ունենալ սեփական եսասիրական շահ նրա հանդեպ, ինչպես օրինակ՝ նմանատիպ մարմնական կիրք կամ նրա հաշվին մեր ինքնագնահատականի բարձրացում: Հաճախ այն կոչում են կրքոտ և գրավիչ սեր զույգերի միջև, սակայն իրականում սա ոչ թե սեր է, այլ եսասիրական փոխշահավետ գործարք, որը սկզբում թվում է գեղեցիկ և հրաշալի, բայց որոշ ժամանակ անց փլուզվում է և ավարտվում: Սիրահարվածության այս տեսակը լի է կրքով:
Այն առանձնահատուկ է նրանով, որ մարդն աշխատում է իր նպատակին հասնել ամեն գնով: Դրա համար փորձում է բոլոր միջոցներով գայթակղել, հասնել ֆիզիկական շփման և վիրավորվում է, նեղանում, երբ չեն ընդառաջում իրեն: Երկրորդ աստիճանը՝ սիրային կախվածությունն է: Այսպիսի սիրահարվածություն ունեցող անձը ցանկանում է լինել մեր ուշադրության կենտրոնում, մեր հաշվին բարձրացնել իր ինքնագնահատականը: Եթե առաջինի դեպքում մարդն ուզում է տիրել մեր մարմնին, երկրորդի դեպքում՝ մեր հոգուն: Սա նույնպես էգոիզմ է:
Հատկանշական է, որ փոխհարաբերությունները նման սիրահարված մարդու հետ միշտ տանջալից են դառնում: Կախվածություն ունեցող մարդը ուշադրություն է պահանջում, կասկածում է, խանդում: Իսկ ամենագլխավորը՝ մեզ չի սիրում, այլ կենտրոնացած է իր ցանկությունների և խնդիրների վրա:
Նա մեզ ուշադրություն է դարձնում իր խնդիրները լուծելու, իր բարդույթներին հագուրդ տալու համար, թեև անկեղծորեն համոզված է, որ նվիրված է և պատրաստ է ամեն ինչ անել մեզ համար: Սիրահարվածության երկրորդ տեսակը ճանաչվում է իր խանդի տեսարաններով, նեղացկոտությամբ, մեր բացակայության ժամանակ ծայրահեղ տառապանքի ապրումներով, կեղծ հետաքրքրվածությամբ, դեպրեսիաներով: Ինչպես նաև դրամատիկ փոխհարաբերություններով, հատկապես բաժանման պահերին, երբեմն էլ նույնիսկ ինքնասպանության մտածումներով և փորձերով: Կախվածություն ունեցող անձն այնքան էլ հանգիստ չէ, չի կարողանում պահպանել դրական և ուրախ տրամադրությունը, նրա մոտեցումները նյարդային են և եսակենտրոն: Սովորաբար կախվածությունը նրա խառնվածքի առանձնահատկություններից է, այլ ոչ թե պարզապես իր մոտեցումը մեր նկատմամբ:
Ցավոք, սիրահարվածության այս երկու աստիճանները միմյանց միախառնված գերակշռում են ժամանակակից աշխարհում, որտեղ կարծում են, թե սերն անցողիկ է կամ գոյություն չունի: Հատկապես քարոզվում է մարմնական սիրահարվածությունը, և այն ներկայացվում է որպես սիրո բացարձակ չափանիշ՝ համեմված լինելով կեղծ ազատության գրավչությամբ, որտեղ քրիստոնեական բարոյական սկզբունքներն անտեսվում են՝ ի հաշիվ անցյալի հեթանոսական բարքերի վերածնման:
Ականավոր մանկավարժ Վասիլի Սուխոմլինսկին, խոսելով մարդկային բարձրագույն զգացմունքի՝ սիրո մասին, այն ճիշտ կարծիքն է հայտնել, որ բարոյապես բարձր գիտակցության դաստիարակությունը ստեղծում է մարդկային լիարժեք սիրո համար բարոյահոգեբանական ամուր հիմք: Որքան մարդը բարոյապես բարձր է, սիրո հարցերն ավելի ճիշտ լուծումների կարող են հանգել: Այդ իսկ առումով անտարբեր չպետք է լինել երիտասարդության մեջ նկատվող բարոյական սանձարձակության, բարոյական տգիտության երևույթների նկատմամբ: Սիրո բարոյական բնույթի ուժեղացումը ամրապնդում է ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ հասարակության բարոյական հիմքերը: Իսկ այն անձը, որին հանդիպում է սիրահարվածության երրորդ աստիճանը, հազվագյուտ հաջողակներից է:
Սիրահարվածության երրորդ աստիճանը ճշմարիտ սիրահարվածությունն է, սկիզբը սիրո ծննդյան: Այս դեպքում մարդու համար գլխավորն այն չէ, թե ինչ կարող է ստանալ մեզանից: Նրա համար էական է մեր անհատականությունը, մեր երջանկությունը: Նա կամենում է իր ամբողջ կյանքն ու անձը միահյուսել մեզ հետ ու միասին անցնել մինչև վերջ՝ դեպի հավերժություն: Այդժամ կարող է իրապես սեր ծնվել: Սա իրոք պարգև է: Այդպիսի մարդն անկեղծորեն երջանկություն է կամենում և մեզ չի դիտարկում իբրև հնարավոր «որս»: Ճշմարիտ սիրահարվածության ժամանակ սովորաբար հոգեպես հանդարտ վիճակ է տիրում, այն մաքուր է ու լուսավոր: Այդպիսի անձը զգում է անկեղծ և խորքային հետաքրքրվածություն մեր անձի հանդեպ: Երբ լավ չենք զգում, ձգտում է օգնել և հավասարակշիռ վերաբերմունք է ցուցաբերում, ի տարբերություն կախվածություն ունեցող մարդու` չընկնելով ծայրահեղ տառապալի ապրումների մեջ: Սիրահարվածության այս երեք աստիճաններից էլ, ահա, անհատի մոտ ծնվում են սիրո ընկալումները և սերը:
Հայերենում սերը բնորոշվում է մեկ բառով, սակայն հունարենում այն արտահայտվում է տարբեր իմաստներով ու բառերով: Իլյա քհն. Շուգաևը ընդգծում է, որ հունարենում տղամարդու և կնոջ միջև սիրո մակարդակները արտահայտվում են երեք բառերով՝ ագապե, որը բնորոշում է անձնազոհ սերը, ֆիլիա՝ ընկերական կապվածությունը, էրոս՝ զգայական ներգրավվածությունը: Այսպիսով այն երեք մակարդակ է արտահայտում ՝ հոգևոր, հոգեկան, մարմնական: Իդեալական սիրո մեջ այս երեքն առկա են միաժամանակ, սակայն այդտեղ իր էական դերն է կատարում հոգևոր մակարդակը, որը ենթադրում է անձնական զոհաբերության արժեքը: Ինչպես նաև հոգևոր ընկալումը սովորեցնում է խոնարհության առաքինությունը: Անհատի հոգևոր խոնարհությունը սերը դարձնում է անսահման փոխադարձ հարաբերություններում, իսկ հպարտությունը՝ ժամանակավոր և անցողիկ: Այդ իսկ պատճառով սիրո անսահմանությունն ուրվագծվում է անհատի հոգևոր խոնարհության ընկալմամբ. այն սերն իրապես դարձնում է շարունակական, իսկ անհատի հպարտությունը բնորոշում է իր սիրո սահմանափակվածությունը դիմացինի հանդեպ և իր պահանջների, ամբիցիաների նախապայմանների կարևորությունը փոխհարաբերություններում:
Ավելի լավ հասկանալու համար, թե որն է հոգևոր սիրո աստիճանը, անդրադառնանք սիրո մեջ երկու հիմնական հասկացությունների՝ «լինել» և «ունենալ», որոնք բացահայտում են անձի փոխհարաբերությունները կյանքում և մյուս մարդկանց հետ:
Երբ ընտանիք ենք կազմում, հարց է առաջանում՝ մենք ուզում ենք կին կամ ամուսին ունենա՞լ, երեխաներ ունենա՞լ և այլն, թե կամենո՞ւմ ենք լինել ամուսին կամ կին, լինել հայր կամ մայր և այլն: Սրանք էապես տարբեր մոտեցումներ են: Առաջինի դեպքում, եթե խորքային կերպով դիտարկենք, եսասիրական, ինքնակենտրոն ցանկություն է: Երկրորդի պարագայում լիովին այլ է, ինքդ ես նվիրվում, ինքդ ես փոխվում դեպի ավելի լավը, որպեսզի հրաշալի ամուսին կամ կին, հայր կամ մայր լինես: Ընտանիք կազմող մարդիկ այդպիսին պիտի լինեն: Նրանք պետք է մտածեն «լինելու», այլ ոչ թե «ունենալու» մասին: Սա հոգևոր մոտեցում է, և հոգևոր ընկալում ունեցող անձը կարող է այն խորքային կերպով ըմբռնել, որովհետև սերը, ինչպես և լույսը, չի վերցնում, այլ հարատևորեն փոխանցում է, տալիս է առանց որևէ ակնկալիքի:
Սիրո հոգևոր մակարդակն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում է ամուր և գեղեցիկ ընտանիք: Այս առումով նաև օգտակար է կարդալ Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը, որտեղ նշվում է, որ սիրո խնդիրը ոչ թե սիրո սուբյեկտի ընտրության հարցն է, այլ սիրելու կարողությունը: Ինչպես նաև Պարույր Սևակն է ասում. «Ամենից դժվար բանը սիրելն է»:
Սիրահարվածությունը բավարար չէ ընտանիք կազմելու համար, անհրաժեշտ է սեր, այնպիսի սիրո ծնունդ, որտեղ ցանկություն է առաջանում լինել ամուսին կամ կին: Եթե անհատը չունի սիրո այս ծնունդը, այդժամ նա մի օր կարող է հեռանալ: Եվ առանց Արարչի մուտք գործելով սիրո սահմաններից ներս՝ մեզ համար դժվար է լինում ինքնուրույն հաղթահարել այդ ճանապարհին սպասվող փորձությունները: Մենք գիտենք, որ Աստված Սեր է, և Ինքն է սիրո խորհրդի հեղինակը մարդկանց միջև: Ամեն ինչ պետք չէ վերցնել մեզ վրա և ասել. «ես կարող եմ, ես կսիրեմ»: Այստեղ միայնակ չենք կարող գործել և հասնել հաջողության՝ շրջանցելով մարդու համար սիրո խորհուրդը ստեղծող հեղինակին՝ Աստծուն: Մենք պետք է Աստծու առջև խոստովանենք մեր թուլությունները, տկարությունները, մեր անգիտությունը և փնտրել մեր կյանքի ամենակարևոր հարցերից մեկին վերաբերվող Նրա պատասխանը, թե ում հետ լինել: Եթե Աստծու հանդեպ անկեղծ լինենք, ապա Նա կարթնացնի փոխադարձ սերը, որն արդեն միգուցե հասունացել է մեր սրտում, կամ էլ կբացահայտի, որ մեր ճանապարհն այլ է…
Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը