«Ребята, давайте жить дружно». Շիրակի մարզի քննչական ապարատի վերնախավի ու մարզի պաշտպաների ջերմ շփումները
Հայաստանը փոքր երկիր է, և շատերն իրենց աշխատանքում, կապված այս կամ այն անձի հետ ունեցած բարեկամական, ընկերական ու մտերմիկ հարաբերությունների հետ, կարող են կանգնել առերևույթ շահերի բախման փաստի առաջ: Մասնավորապես, իրավապահ համակարգում դա կարող է լուրջ մտահոգությունների առիթ հանդիսանալ:
Իհարկե, բոլորը կարող են ունենալ և ունեն փաստաբան, քննիչ, դատավոր կամ դատախազ ընկերներ, և որևէ մեկին չի արգելվում շփվել ընկերների հետ, սակայն պետք է նկատի ունենալ, որ այդ հարաբերությունների անթաքույց ցուցադրությունները, հատկապես, երբ դրանք խմբային դրսևորումներ են ունենում, առնվազն ողջամիտ կասկածի տեղիք են տալիս:
Այս ֆոնին 168.am-ի ուշադրությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրավեց մի լուսանկար:
Այդ լուսանկարում Շիրակի մարզի քննչական ապարատի ղեկավարներն ու մարզի պաշտպանները ջերմ ժամանակ են անցկացնում անկաշկանդ միջավայրում, մարզի ռեստորաններից մեկում:
Լուսանկարը հրապարակվել է երեկ:
Մերկապարանոց հայտարարություններ չանելու համար նշենք, որ նշված լուսանկարում միևնույն սեղանի շուրջ ուրախ ժամանակ են անցկացնում Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Հովհաննես Պողոսյանը, Ախուրյանի քննչականի պետ Վահան Սամվելյանը, ՀԿԳ ավագ քննիչ Խորեն Նազարյանը, փաստաբաններ Հայկ Հարությունյանը, Ժորա Պետրոսյանը, Կարլեն Գրեյանը, Ժորա Պետրոսյանը, Արտուշ Հակոբյանը, Մամիկոն Մուրադյանը, Արտյոմ Մանասյանը, Հովհաննես Ղարաքեշիշյանը, Արամայիս Հայրապետյանը, Շահեն Իկիլիկյանը, ով նախկինում եղել է Ախուրյանի քննչական բաժնի պետը, այլք:
Ի դեպ, լուսանկարը հրապարակել է պաշտպաններից մեկը:
Կրկնում ենք, ամենևին չենք ասում, որ պայմանավորված աշխատանքի բնույթով, մարդը պետք է իրեն սահմանափակի իր անձնական հարաբերություններում, բայց առնվազն խնդրահարույց են մարզի քննչական ապարատի բարձրաստիճան պաշտոնյաների ու պաշտպանների մտերմիկ և միգուցե նաև գործնական հարաբերությունների հրապարակային ցուցադրությունները:
Մեզ մնում է միայն արձանագրել՝ փաստացի մարզի քննիչներն ու պաշտպաններն ունեն անձնական բավականին մտերմիկ հարաբերություններ՝ դրանից բխող բոլոր հնարավոր, երկուստեք փոխշահավետ հետևանքներով: