«Արևմուտքը զգուշացնում է Նիկոլին. Բորելը շատ հստակ նրան ստախոս հայտարարեց». Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանն այն կարծիքին է, որ Արևմուտքը լավ առիթ է գտել Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու համար, և Ուկրաինայում զարգացումների ֆոնին՝ Արցախի հարցը դարձել է Ռուսաստանի դեմ օգտագործվող լծակ:

«Հատկապես Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի դիրքորոշումները նկատի առնելով՝ բանակցային հարթակն արդեն տևական ժամանակ է՝ Մոսկվայից տեղափոխվել է Արևմուտք, իրենք փորձում են այդ հնարավորությունն օգտագործելով՝ ամեն կերպ դա անել իրենց անունով: Բայց պարզ է, որ Արցախի ժողովուրդը պատրաստ չէ ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը, մտնել նրա սահմանների մեջ, և հիմա Արևմուտքը սպառնալիքներ հնչեցնելով, շանտաժի ենթարկելով արցախցիներին՝ փորձում է դա պարտադրել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

ՌԻԱ Նովոստիի վաշինգտոնյան դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ երրորդ երկրում՝ ամերիկացի կուրատորի մասնակցությամբ: Հրաժարվելու դեպքում Ստեփանակերտին սպառնում են «ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»: ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել էր թեմային՝ նշելով, որ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների` Լեռնային Ղարաբաղին ուղղված սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդների ադեկվատության վերաբերյալ:  ՌԴ ԱԳՆ-ն ավելացրել էր, որ ռուսական կողմին անհանգստացնում են տվյալներն այն մասին, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդական ծառայություններ պարտադրել Բաքու– Ստեփանակերտ երկխոսությունում, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով:

Ռոբերտ Մարգարյանի խոսքով՝ նման սպառնալիքներով փորձում են Արցախի ժողովրդին կոտրել, որն առանց այդ էլ ծանր վիճակում է այս շրջափակման պատճառով. «Զուգահեռ աշխատանք է տարվում, որ կարողանան հասնել իրենց վերջնանպատակին, այսինքն՝ Արցախի ժողովուրդն ինքը որոշի մտնել Ադրբեջանի կազմ, որը կլինի ամենահեշտ տարբերակը Նիկոլ Փաշինյանի համար՝ այս հարցը լուծելու առումով, նաև Արևմուտքի համար՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու առումով»:

Կարդացեք նաև

Քաղաքագետը շեշտեց՝ Ադրբեջանը ձգտում է ձերբազատվել ռուս խաղաղապահներից. «Մի քանի անգամ ասել եմ, որ ճիշտ է՝ խաղաղապահներին ինչ-որ տեղ կարելի է քննադատել, բայց այնպես չէ, որ իրենց ներկայությունն այնտեղ անօգուտ է: Վերջին հաշվով, միայն այդ Բերձորի միջանցքը չէ, Արցախի տարբեր տարածքներում նրանք ժողովրդի անվտանգությունը երաշխավորում են: Ռուս խաղաղապահները վերջին արտաքին ուժերն են, որ կարող են Արցախի տարածքում ներկա լինել: Եթե ռուս խաղաղապահները դուրս գան, այլևս ոչ մի ուժ մուտք չի գործելու Արցախ՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար: Կարծում եմ՝ Ադրբեջանն ու Արևմուտքը դրան են ձգտում, որ խաղաղապահները դուրս գան: Եթե նրանց հաջողվի ռուսական գործոնը չեզոքացնել, նրանց համար շատ հեշտ կլինի ամբողջ Արցախին տիրանալ»:

Նիկոլ Փաշինյանը որքան փորձում է նախկին իշխանություններին մեղադրել՝ Արցախից հրաժարվելու մեջ, ոչ միայն Ալիևը, այլ նաև Բորելն է ընդգծել, որ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որն ընդունել է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս:

Ռոբերտ Մարգարյանի դիտարկմամբ՝ Ժոզեպ Բորելը վերջակետ դրեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե նախկին իշխանություններն են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, այլ ոչ ինքը. «Բորելը շատ հստակ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ճանաչել է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս: Բորելը շատ հստակ Նիկոլին ստախոս հայտարարեց: Ես գրել էի, որ դա կարելի է Արևմուտքի կողմից շանտաժ կամ զգուշացում համարել Նիկոլին, որ պատրաստ են նաև բացահայտումներ կատարել: Նրանք փորձում են հնարավորինս շուտ հասնել այդ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»:

Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը՝ Ռոբերտ Մարգարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից նման քայլերն անսպասելի չեն. «Շատ պարզ է, որ Արմեն Աշոտյանն ինչ-որ ձևով խանգարում էր այս իշխանություններին՝ իր հայտարարություններով և միջազգային կապերով: Վստահ եմ, որ նրանք վախ էին զգում միջազգային առումով Հայաստանի խնդիրները ներկայացնելու կապակցությամբ: Աշոտյանին չեզոքացնելու պրոցես է այս պահին գնում: Իմ համոզմամբ՝ նա քաղաքական կալանավոր է, և այս ամբողջ գործընթացը Նիկոլի կողմից ծրագրավորված՝ իրականացվում է նույն շրջագծում՝ նախ՝ժողովրդին շեղելու տարբեր հարցերից, որովհետև հիմա ընդդիմությունը պարտավոր է պաշտպանել Արմեն Աշոտյանին, ու շատ պարզ է, որ նաև լռեցնում է ձայն, որը միջազգային առումով կարող էր ձայն բարձրացնել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս