Եկամուտների վերաբաշխման գործառույթի ինտենսիվ կիրառումը կհանգեցնի աղքատների ու հարուստների միջև անջրպետի կրճատմանը․ տնտեսագետ
Վերջին տարիներին բյուջեի ներպետական ծախսերը ՀՆԱ-ում ավելանում են, ինչը նշանակում է, որ բյուջեի միջոցով պետությունն ավելի շատ գումարներ է վերաբաշխում։ Այն իրողությունը, որ բյուջեի կառուցվածքում տեսակարար մեծ կշիռ ունեն սոցիալական բնույթի ծախսերը, և պետությունն ավելի քան 1 տրիլիոն դրամ նախատեսում է 2023 թվականին բաշխել հենց սոցիալական ոլորտներին, անշուշտ նպաստում է, որ աղքատների և հարուստների միջև անջրպետը զգալիորեն կրճատվի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը։
Ցանկացած երկրի պարագայում շատ կարևոր է ստեղծված արժեքի բաշխման համաչափությունը հասարակության տարբեր խմբերի միջև, ինչն էլ բնութագրվում է Ջինիի միջազգային տնտեսական գործակցով։ Եթե ցուցանիշը մոտ է զրոյին, ապա հարստությունը բաշխվում է համաչափ, եթե ցուցանիշը մոտ է մեկին, ապա ծայրահեղ անհամաչափ։ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով՝ Հայաստանը նշված ցուցանիշով դասվում է ամենացածր երկրների շարքին։ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 0,27։
Ջինիի գործակիցը տնտեսագիտական հանրույթի կողմից բավականին հաճախ է օգտագործվում որոշակի ուսումնասիրություններ կատարելու համար։ Ընդ որում, տարբերում են նաև եկամտային ու ծախսային գործակիցները՝ կապված նրա հետ, թե որ բաղադրիչի համաչափությունն է դիտարկվում՝ ծախսերի կատարմա՞ն, թե՞ տնտեսության մեջ եկամուտների բաշխման համաչափությունը, որոնք նախանշում են տարբեր մակարդակներ նաև Հայաստանի պարագայում։
«Հայաստանում ստեղծված արժեքի բաշխման համաչափության գործակիցն ունի մեթոդական նրբություններ։ Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված 0,27 ցուցանիշը, եթե համեմատենք, օրինակ, վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերի հետ, ապա աղքատության վերաբերյալ զեկույցում 2020-21 թվականներին այդ նույն ցուցանիշը եղել է 0,22- 0,23-ի տիրույթում, իսկ եկամտային ցուցանիշը եղել է 0,36, հետևաբար ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե կոնկրետ որ գործակցի մասին է խոսքը»,- ասաց Քթոյանը։
Մեզ մոտ Ջինիի գործակցի, աղքատության մակարդակի և նմանօրինակ այլ ցուցանիշների հաշվարկը կատարվում է տնային տնտեսությունների աշխատանքային հետազոտության արդյունքների ընդհանրացման հիման վրա։ Ընտրվում է ավելի քան 5000 տնային տնտեսություն, որոնցում կատարվում են դիտարկումներ և արդյունքների հիման վրա որոշվում է եկամուտների կազմն ու սպառման կառուցվածքը։
«Եթե մեզ մոտ նայում ենք սպառողական ծախսերի կառուցվածքն ըստ տարբեր խմբերի, ապա նկատվում են հետաքրքիր միտումներ։ Օրինակ՝ միջին ամսական կտրվածքով բնակչության ամենաաղքատ տասը տոկոսի և ամենահարուստ տասը տոկոսի պարագայում հացամթերքի կամ կարտոֆիլի սպառման ծավալներն իրարից չեն տարբերվում և համապատասխանաբար կազմում են 10 և 3,4-3,7 կիլոգրամ, մինչդեռ սովորաբար ընդունված է համարել, որ, օրինակ, հացամթերքի սպառումն աղքատ տնային տնտեսություններում ավելին է, քան հարուստների պարագայում, իսկ ցածրարժեք մթերքների սպառումը էլ ավելի շատ է, քան ոչ աղքատ տնային տնտեսություններում։ Սա մի պարզ օրինակ է, որը ցույց է տալիս, որ մեթոդական ասպեկտով առկա է որոշակի անհամադրելիություն»,- ասաց տնտեսագետը։
Թե որքանով է ՀՆԱ-ի աճն ազդում աղքատության մակարդակի նվազման վրա, Քթոյանի կարծիքով, կապված է այն հանգամանքից, թե որքան է տնտեսական աճի ներառականության աստիճանը։ Եթե նայենք վերջին տարիների կտրվածքով, ապա հարաբերակցությունը տարբեր է։ Օրինակ՝ 2018 թվականին ունեցել ենք 5,2 տոկոս տնտեսական աճ, իսկ աղքատությունը կազմել է 45 տոկոս, մինչդեռ 2019 թվականին ունեցել ենք 7 տոկոս տնտեսական աճ, բայց աղքատությունը նվազել է ընդամենը երկու տոկոսով, այսինքն՝ համաչափ հարաբերակցություն չի գրանցվել։ Տնտեսագետի կարծիքով՝ գուցե պատկերն այլ լինի, եթե վերցնենք ավելի երկարաժամկետ հատված։
«Մի բան աներկբա է, որ տնտեսական աճը, տնտեսության ընդլայնումը առանցքային գործոններ են, որոնք դրված են աղքատության կրճատման ռազմավարության հիմքում։ Դա պետք է հանգեցնի եկամուտների գեներացմանը հատկապես առավել խոցելի հատվածների մոտ, ինչն էլ աղքատության նվազման կարևոր նախապայման է հանդիսանում։ Պետությունը եկամուտների վերաբաշխման կարևոր գործառույթ ունի, և, կախված այն հանգամանքից, թե այդ գործառույթն ինչ ինտենսիվությամբ է կիրառվում, կարող է հանգեցնել աղքատների ու հարուստների միջև անջրպետի կրճատմանը»,- եզրակացրեց Քթոյանը։